Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Դավիթ Բաքրաձեի եւ Իլիա երկրորդի հետ


Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի եւ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը եւ Դավիթ Բաքրաձեն քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր, ընդգծելով, որ հարյուրամյակների պատմություն ունեցող հայ - վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար ընթացիկ տարին բավականին արդյունավետ է եղել, ինչին նպաստել են տարբեր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ պետք է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները: Այս առումով կարեւորվել է Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, պատգամավորների եւ պատգամավորական խմբերի փոխայցելությունները:

Սարգսյանը եւ Բաքրաձեն խոսել են հայ - վրացական համագործակցության զարգացմանն ուղղված օրենսդրական դաշտի կատարելագործման անհրաժեշտության մասին, որը, նրանց համոզմամբ, զգալիորեն կնպաստի նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդմանը:

Իլիա երկրորդի հետ հանդիպմանը երկուստեք կարեւորվել է Հայ Առաքելական եւ Վրաց ուղղափառ եկեղեցիների դերը հայ եւ վրացի ժողովուրդների ու երկու պետությունների կյանքում:

Հայաստանի նախագահը եւ Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքը, ընդգծելով, որ երկու բարեկամ ժողովուրդների մշակույթները միշտ փոխլրացրել են միմյանց, կարեւորել են դրացի երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ համագործակցության ընդլայնումն ու հարաբերությունների շարունակական զարգացումը։

«Գրուզիա օնլայն» էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի եւ Իլիա երկրորդի հանդիպման հիմնական մասն անցել է փակ դռների հետեւում:

Մինչ այս հանդիպումները Սերժ Սարգսյանն այցելել է Թբիլիսիի Հերոսների հրապարակ, հարգանքի տուրք մատուցել եւ ծաղկեպսակ դրել հուշակոթողին:

Երեկոյան ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ տիկին Սանդրա Ռուլովսի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG