Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 30-ի մամուլ


«Հայկական ժամանակն» անդրադառնում է Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած այցին. - «Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում եւ այցի ընթացքում պետք է չափազանց զգույշ լինի, որովհետեւ Վրաստանի հարաբերությունները ծայրահեղ լարված են Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: Ոչ ռուսահաճո որեւէ քայլ կամ արտահայտություն կարող է մոսկովյան ծագման պրոբլեմներ ստեղծել Հայաստանի համար` գազի տեսքով, զենք-զինամթերքի տեսքով, ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման տեսքով, ՌԴ-ում հակահայ դրսեւորումների տեսքով: Ռուսահաճո որեւէ քայլ կամ արտահայտություն կարող է վրացական պրոբլեմներ ստեղծել Հայաստանի համար. ի վերջո Վրաստանը մեր հյուսիսային զարկերակն է, կյանքի ճանապարհը, որն ըստ էության այսօր էլ լիարժեք չի գործում. դրա վկան է Վերին Լարսի անցակետը, որտեղ կուտակված հայաստանյան մի քանի տասնյակ բեռնատարներ չեն կարողանում հատել սահմանը: Իհարկե, Հայաստանը ուրիշ կյանքի ճանապարհ էլ ունի` ի դեմս Իրանի, բայց վերջինիս հետ մեր հարաբերությունները պակաս դժվար չեն»:

«Մասսայական դարձող իշխանական կուսակցությունները չեն գիտակցում, որ մրցավազքի մեջ ընկնելով, արհեստականորեն ընդլայնելով շարքերը, ոչ թե իրենց ժողովրդականությունն են մեծացնում, այլ ընդամենը ավելորդ պատասխանատվության բեռն է ավելանում», - գրում է «Երկիր»-ը` շարունակելով. - «Որովհետեւ ուզեն, թե չուզեն, ամեն կուսակցականի գործողությունների, վարքի համար, եթե խոսքն անգամ կուսակցություն սպրդած եւ ուժեղ շվաքի տակ ինքնահաստատվող թափթփուկներին, զոռբաներին է վերաբերում, իրենք են դառնում պատասխանատու: Դա գալիս է անպատժելիության մթնոլորտից, որը գայթակղելու միջոց է դառնում: Արդյունքում ունենում ենք մեծամասնություն, որը ոչ թե մտածում է այլոց իրավունքների հարգման, այլ կուսակցության միջոցով պատասխանատվությունից խուսափելու մասին: Որքան անհետեւանք են մնում նման դրսեւորումները, այնքան աճում է կուսակցականացման մարմաջը»:

«Ժամանակ» օրաթերթի վերլուծաբանը գրում է. - «Ի՞նչ կանի Ռոբերտ Քոչարյանը, եթե մի պահ տեսականորեն ենթադրենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթում նկարագրված քաղաքագիտական սցենարը դառնում է իրականություն, եւ Գագիկ Ծառուկյանը, տարանջատվելով իշխանությունից եւ Ռոբերտ Քոչարյանից, միանում է Հայ ազգային կոնգրեսի պայքարին: Քոչարյանին այդ ժամանակ կմնա կամ գալ եւ միանալ Կոնգրեսին` Ծառուկյանի հետ միասին, եթե իհարկե, Կոնգրեսն ընդունի Քոչարյանի «ինդուլգենցիան», կամ էլ գնալ ու միանալ Սերժ Սարգսյանին, քանի որ առանց «Բարգավաճ Հայաստանի» գործոնի Սերժ Սարգսյանը հաշված րոպեների ընթացքում Քոչարյանին կզրկի մնացյալ ազդեցությունից: Կոնգրեսն, իհարկե, չի կարող Քոչարյանին ընդունել, քանի որ այդ դեպքում ինքնին կքանդվի Կոնգրեսի տրամաբանությունը, եւ ընդդիմադիր ուժի մարգինալացումը կդառնա կատարված փաստ: Հետեւաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական տեսությունը, տեսականորեն, Քոչարյանին ու Սարգսյանին դարձնում է, այսպես ասած, բնական դաշնակիցներ, իհարկե` Սարգսյանի հրամանատարությամբ, քանի որ Քոչարյանը հրամանատարության ռեսուրս չունի: Դաշնակիցներ այն հարցում, որ միասին խանգարեն «Բարգավաճի» անցումը դեպի Կոնգրես: Կրկնում ենք, սա` տեսականորեն»:

Արձագանքելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում հնչած այն թեզին, որ երկրի գլխավոր չարիքը ոչ թե գործարարները, կամ օլիգարխներն են, այլ վերից վար կոռումպացված իշխանական համակարգը, «Առավոտի» խմբագիրը հեգնում է. - «Օլիգարխները պարզապես երազում են, թե երբ է գալու այն պահը, երբ իրենք ստիպված չեն լինելու թաքցնել իրենց եկամուտները եւ մուծելու են օրենքով նախատեսված բոլոր հարկերը: Խոշոր գործարարները տենչում են նաեւ օր առաջ ազատվել իրենց մենաշնորհային դիրքերից՝ հնարավորություն տալով բոլոր մնացած բիզնեսմեններին իրականացնել իրենց գործառույթների մեծ մասը: Մնում է, որ նրանք բացեիբաց դուրս գան ավազակապետական ռեժիմի դեմ՝ ցույց տալով սեփական բնածին ազնվությունը: Վստահ եմ, որ այս վերլուծությունը կմեծացնի ռեժիմի ներսում գոյություն ունեցող ճաքերը եւ կմոտեցնի սահմանադրական կարգի վերականգնման բաղձալի պահը»:

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. - «Հայրենի մշակույթի գլխավոր խնդիրը տնտեսական աղաղակող անարդյունավետությունն է։ Հենց նույն թանգարաններն ու թատրոնները ունեն ահռելի անշարժ գույք, տեղադրված, որպես կանոն, մեր քաղաքների լավագույն վայրերում։ Բայց իրենց ապրուստը վաստակել ի վիճակի չեն եւ մշտապես վազվզում են իշխանական ատյաններում, ողորմության համար ձեռքը մեկնած։ Կամ էլ իրենց խնամարկելու մասին ծղրտոցով շեղում երկրի ամենաարդյունավետ ու զբաղված մարդկանց՝ գործարարներին: Մշակույթի նախարարության հիմնական խնդիրը պետք է լինի մշակութային ենթակառուցվածքի ինքնաֆինանսավորման մեխանիզմի ստեղծումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG