Մատչելիության հղումներ

Միխեիլ Սահակաշվիլի. «Հայ-վրացական սահմանը շուտով նույնքան թափանցիկ կլինի, որքան ֆրանս-շվեյցարականն է»


Georgia -- President Mikheil Saakashvili (R) and his visiting Armenian counterpart Serzh Sarkisian attend an official welcome ceremony in Tbilisi, 29Nov2011

Georgia -- President Mikheil Saakashvili (R) and his visiting Armenian counterpart Serzh Sarkisian attend an official welcome ceremony in Tbilisi, 29Nov2011

Թբիլիսիում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին եւ Երեւանը ցանկանում են դյուրացնել սահմանային հսկողության ռեժիմը:

«Այս տարվա ընթացքում 600 հազար Հայաստանի քաղաքացիներ են հատել Վրաստանի պետական սահմանը: Երկու երկրների քաղաքացիների համար էլ շատ կարեւոր է որպեսզի սահմանային անցկակետերում բյուրոկրատիան վերանա: Ի վերջո մենք հասնելու ենք մի իրավիճակի երբ երկու երկրների քաղաքացիներին միայն մեկ անցակետում են ստուգելու: Ավելին, կարիք չի լինի անգամ մեքենայից դուրս գալ», - հայտարարեց Վրաստանի նախագահը` հատուկ ընդգծելով, թե սահմանային ռեժիմի կտրուկ դյուրացումն անհնարին կլիներ առանց հայ-վրացական հարաբերությունների գերազանց վիճակի:

«Առանց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գործադրած ջանքերի, երկու երկրների միջեւ հարաբերություններն այսքան լավ վիճակում չէին լինի: Երկկողմ հարաբերություններում մենք որեւէ խնդիր չունենք, չկա մի այնպիսի հարց, որը օպերատիվ կերպով չգտնի իր լուծումը: Սրանք օրինակելի հարաբերություններ են հարեւանների միջեւ», - հայտարարեց Վրաստանի նախագահը` հավելելով. - «Սերժ Սարգսյանը շարունակում է աշխատել, որպեսզի Հայաստանը հարեւանների համար վստահելի գործընկեր մնա: Հայաստանն այսօր Վրաստանի համար հենց այդպիսի գործընկեր է»:

Սահակաշվիլին նաեւ հատուկ ընդգծեց այն բարոյական աջակցությունը, որը Վրաստանին ցուցաբերեց Երեւանը 2008-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ:

Սերժ Սարգսյանի խոսքով էլ պաշտոնական Երեւանի համար այսօր առաջնահերթ խնդիրներից մեկը Վրաստանի հետ տնտեսական կապերի խորացումն է: Հայաստանի նախագահի կարծիքով, արձանագրվող ցուցանիշները կարող էին շատ ավելի լավը լինել:

«Քիչ առաջ Վրաստանի նախագահի հետ բանակցությունների ընթացքում քննարկեցինք հայ-վրացական համագործակցության գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցեր: Գնահատանքով անդրադարձանք մեր առեւտրատնտեսական համագործակցության դրական տեղաշարժին՝ այս տարվա տվյալներով ավելի քան 20 տոկոսի աճ, թեպետ, պետք է նշեմ՝ այն ֆիզիկական ծավալները, որ այսօր գոյություն ունեն մեր երկու երկրների միջեւ, ես նկատի ունեմ առեւտրաշրջանառության, քիչ են թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար», - նշեց Սարգսյանը` հավելելով. - «Շատ փոքր ցուցանիշ է, եւ վստահ եմ, որ մենք ունենք խնդիրներ, որոնց լուծման պարագայում իրոք կարող ենք ճեղքում ապահովել: Ապրանքաշրջանառության աճը, ներդրումների ընդլայնումը, տնտեսական եւ գիտատեխնոլոգիական ինտեգրումը մենք դիտարկում ենք որպես մեր առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ խորացման կարեւոր ուղղություններ»:

Մոտ ապագայում, ըստ Սերժ Սարգսյանի, առանցքային ծրագրերից մեկը լինելու է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը:

«Գալիք ամիսներին մեկնարկում են Հյուսիս-հարավ լավագույն չափանիշներով ավտոմայրուղու կառուցման աշխատանքները, որը, միանալով Վրաստանի տարածքում Նինոծմինդա - ¬Բաթումի վերանորոգվող ավտոճանապարհի հետ, հնարավոր կդարձնի Պարսից ծոցից դեպի Վրաստանի նավահանգիստներ բեռների արագ եւ հարմարավետ տեղափոխումը», - հայտարարեց նախագահ Սարգսյանը:


Միխեիլ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Հայաստանի նախագահը նաեւ նշեց, որ բանակցությունների թեմաներից մեկը եղել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Քննարկեցինք նաեւ տարածաշրջանային համագործակցության հեռանկարները՝ միանշանակ արձանագրելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր հասնել տարածաշրջանում լարվածության լիցքաթափմանը եւ հակամարտությունների կարգավորման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը», - նշեց Սերժ Սարգսյանը:

Միխեիլ Սահակավշիլիի համոզմամբ էլ տարածաշրջանային հակամարտությունների լուծման միակ ճանապարհը միասնական Կովկասի ձեւավորումն է:

«Տարածաշրջանի բոլոր պետությունների, բոլոր ժողովուրդներ շահերից է բխում միասնական Կովկասի ձեւավորումը, միասնական տնտեսական տարածքի, հետագայում նաեւ միասնական քաղաքական համագործակցության ստեղծումը: Ես համոզված եմ, որ Կովկասում առկա բոլոր հակամարտությունները հրահրվել են կայսերական ուժերի կողմից, որոնց գործելաոճը հիմնված է «բաժանիր, որ տիրես» սկզբունքի վրա», - նշեց Սահակաշվիլին:

Հավելենք, որ վաղը Սերժ Սարգսյանը կհանդիպի Թբիլիսիի հայության ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կմասնակցի հայ-վրացական գործարար համաժողովի աշխատանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG