Մատչելիության հղումներ

Համանախագահները առանց միջադեպերի հատեցին շփման գիծը


Արխիվ -- Մինսկի խմբի համանախագահները հատում են ղարաբաղաադրբեջանական շփման գիծը, հոկտեմբերի 22, 2011
Արխիվ -- Մինսկի խմբի համանախագահները հատում են ղարաբաղաադրբեջանական շփման գիծը, հոկտեմբերի 22, 2011
Տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր ոտքով հատել են հայ-ադրբեջանական սահմանագիծը:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` սահմանագոտու Իջեւան-Ղազախ հատվածում` Կայան գյուղի մերձակայքում, տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի հերթական դիտարկումը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, անցել է առանց միջադեպերի:

Մինչեւ դիտարկումը Տավուշի մարզպետարանում կայացած ճեպազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի խախտումներին եւ ադրբեջանական դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ համանախագահների այցելությունը Լեռնային Ղարաբաղ այս անգամ նախատեսված չէ: Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այս օրերին աշխատանքային այցով Արգենտիայում է:

Այսօր ավելի վաղ, Երեւանում համանախագահներին եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ պաշտոնական լրատվության, համանախագահները ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը` միաժամանակ փաստելով, որ շփման գծում արձանագրվող միջադեպերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ներդնել միջադեպերի միջազգային հետաքննության գործուն մեխանիզմներ: Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում` նշելով, որ ադրբեջանական դիպուկահարների սադրանքները վտանգում են հակամարտության կողմերի միջեւ փոխադարձ վստահության մթնոլորտ ձեւավորելու` Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

Երեկ ուշ երեկոյան եռանախագահներին եւ Անջեյ Կասպրչիկին ընդունել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ավելի վաղ նրանց հետ հանդիպել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ինչպես տեղեկացնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը, նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրել է «Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության եւ շփման գծում նոր զոհերի պատճառ դարձած սադրանքների վրա»:

Հիշեցնենք, երկուշաբթի օրը Երեւանում ԱՊՀ-ի Միջկրոնական խորհրդի նախագահության նիստի շրջանակներում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը Կիրիլ առաջինը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով կոչ արեցին ղարաբաղաադրբեջանական շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, որպեսզի «այլեւս մարդկանց արյուն չթափվի»: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը հույս հայտնեց, որ այս հայտարարությունից հետո Ադրբեջանի դիրքորոշումը դիպուկահարների հարցում կփոխվի: Կարապետյանը նաեւ հուսով է, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը արտահայտում է իր ժողովրդի ցանկությունը, ինչպես նաեւ նրա հայտարարությունները համաձայնեցված են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ:

Ի դեպ, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի տեղակալը այսօր Բաքվում հայտարարել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպում ճակատամերձ գոտում։

please wait

No media source currently available

0:00 0:05:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG