Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր Հյուսիսային պողոտայում կարելի էր տեսնել սպիտակազգեստ կանանց: Նրանք բողոքի ակցիա էին անցկացնում ընդդեմ կանանց նկատմամբ բռնության:

Դեմքներին սպիտակ դիմակներ էին՝ ցույց տալու համար, որ կարեւոր չէ, թե կոնկրետ ով է բռնության ենթարկվում, կարեւոր է կնոջ նկատմամբ բռնության փաստը, ինչը որոշ զրուցակիցներիս ձեւակերպմամբ, դատապարտելի եւ ամոթալի երեւույթ է մեր հասարակության մեջ:

«Ամբողջ աշխարհում առկա է ընտանեկան բռնությունը, եւ այն կանայք, ովքեր ընտանիքի ներսում ենթարկվում են բռնության, չպետք է լռեն եւ պետք է դիմեն համապատասխան մարմինների», - ասաց Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանը:

Յուրաքանչյուր կնոջ հագուստի վրա գրված էր «Ոչ բռնությանը» արտահայտության մեկ տառ: Ակցիայի ընթացքում նաեւ բաժանում էին կանանց իրավունքների մասին իրազեկող թռուցիկներ: Կազմակերպիչները նշեցին, որ ակցիայի հիմնական նպատակը կանանց իրազեկելն է իրենց իրավունքների մասին:

Բացի սպիտակ հագուստով եւ դիմակներով կանանցից ակցիայի ընթացքում տեղադրվեցին նաեւ փայտից պատրաստված կանանց որվագծեր, որոնցից յուրաքանչյուրի վրա անգլերեն եւ հայերեն գրված էր բռնության ենթարկված մի կնոջ իրական պատմությունը:

Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբանի հետ ընթերցեցինք նրանցից մեկինը. - «Այս կնոջ անունը Շուշան է, մեզ դիմած կանանցից է: Այստեղ գրված է այն մասին, որ 15 տարեկանում սեփական քեռին նրան փախցրել է իր կնոջ եղբորը տալու համար: Հետո Շուշանը նրա հետ սկսել է ապրել գյուղում, որից հետո սկսվել է նրա տառապալից կյանքը. ամուսինը հարբեցող էր, ծեծում էր իրեն եւ երեխաներին, աշխատածն էլ վատնում էր: Շուշանին արգելել էր, հարազատների հետ շփվել, նույնիսկ բակ դուրս գալ: Երբ փորձել էր հեռանալ նրանից, սպառնացել էր վնասել նրա ծնողներին»:

Նման պատմություններ ունեցող կանանցից մի քանիսը մահացել են, այս կինն արդեն 32 տարեկան է, բաժանվել է ամուսնուց եւ հիմա ապրում է իր երեխաների հետ՝ նրանից առանձին:

Կանայք քայլում էին լուռ, քանի որ ակցիան կրում էր «Լուռ վկաներ» անվանումը: Կանանց իրավունքների կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանան բացատրեց այդ խորագրի ընտրությունը:

«Սրանով իսկ ուզում ենք շեշտել, որ կանայք չշարունակեն լռել, այլ բարձրաձայնեն այն մասին, որ բռնության են ենթարկվել», - ասաց նա:

XS
SM
MD
LG