Մատչելիության հղումներ

logo-print

Կոնգրեսի մաս կազմող ուժերը տարաբնույթ դիրքորոշումներ ունեն:

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերի ղեկավարները մեզ հետ զրույցներում հաստատեցին, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության նպատակահարմարության հարցի շուրջ Կոնգրեսում կոնսենսուս չկա:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով 2008-ի հետընտրական իրադարձությունների հետեւանքով 3 տարվա ազատազրկման էր դատապարվել եւ մինչեւ 2009-ի համաներումը անազատության մեջ էր, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը դեմ արտահայտվող ուժերից է: Մակեյանի բնորոշմամբ, եթե օլիգարխները գիտակցեն, որ երկիրը վտանգված է եւ, իրենց շահերն անտեսելով, պաշտպանեն պետական շահը, որեւէ խնդիր չկա, բայց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը այս հարցում կասկածներ ունի:

«Պետք չէ իշխանությունը տարանջատել օլիգարխներից: Հենց իշխանությունը օլիգարխներն են զավթել: Եվ մենք չենք վստահում, որ «Բարգավաճ Հայաստանը», լինելով օլիգարխիայի հիմնական հենասյունը, կարող է դուրս գալ օլիգարխիայի դեմ», - ասաց Պետրոս Մակեյանը:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահը այսօրվա իրավիճակում մատնանշեց ընդդիմադիր Կոնգրեսի համար մի քանի վտանգ:

«Մենք այսօր կարծես թե կերտում ենք նոր Արթուր Բաղդասարյանի` ի դեմս Գագիկ Ծառուկյանի: Մի կողմից թվում է, թե իշխանության կողմից նա զոհ է դառնում` անընդհատ հալածյալի կերպարով: Մյուս կողմից Կոնգրեսի կողմից ընդունվում է որպես լուրջ քաղաքական ուժ: Այդ դեպքում կունենանք նույն սինդրոմը, որի պտուղները մենք տեսել ենք 2008 թվականին», - հայտարարեց Մակեյանը: - «Այդ դեպքում շահեկան կլինի Գագիկ Ծառուկյանի համար եւ իշխանության համար: Համենայնդեպս, ոչ պետության, եւ ոչ էլ ընդդիմության»:


«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահի կարծիքով, եթե ընդդիմությունը «կոչ է անում համագործակցել այդ չարիքի հենասյուների հետ», կունենա պրոբլեմներ, որը կարտահայտվի ընտրազանգվածի կորստով:

Պետրոս Մակեյանը հավելեց, որ Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի առաջիկա նիստին կմասնակցի եւ հստակ կարտահայտվի «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցության դեմ:


«Կոնգրեսի կազմում կան 18 քաղաքական ուժեր, շա՞տ են դեմ արտահայտվողները» հարցին Մակեյանը պատասխանեց. - «Կոնկրետ թվաքանակ դժվար է ասել, բայց այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակային ներկայացրեց կոնսենսուսի բացակայությունը, դա արդեն ծանրակշիռ փաստ էր: Հակառակ դեպքում, եթե մեկ-երկու քաղաքական միավոր լիներ, այդ մեկ-երկուսը իրենք կարող է լռակյաց ընդունեին»:

Հիշեցնենք, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Կոնգրեսի ուրբաթ օրվա հանրահավաքում հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսը պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել ԲՀԿ-ի հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները, եթե «Բարգավաճ Հայաստանն» անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել օրինական ընտրությունների համար: Տեր-Պետրոսյանը միաժամանակ ընդգծեց, որ դա իր անձնական տեսակետն է:

Կոնգրեսի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենց կուսակցությունը «հերթական ընտրությունների եւ առաջիկա դաշինքների հետ կապված քննարկումները այս պահին համարում է վաղաժամ»:

«Մենք գտնում ենք, որ հինգ ամսում հնարավոր են այնպիսի գործընթացներ, որոնք կարող են բերել արտահերթ զարգացումների եւ մենք մեր ուժը, պոտենցիալը պիտի ներգրավենք դրան հասնելու համար», - հայտարարեց Արամ Սարգսյանը: Նա հավելեց, որ ՀԱԿ-ը ունի բավարար պոտենցիալ` ինքնուրույն ընդդիմադիր զանգվածին համախմբելով երկրում փոփոխություններ բերելու:

Այնուհանդերձ, ըստ Արամ Սարգսյանի, իրենք բաց են այն ուժերի համար, որոնք ջանքեր կգործադրեն արդար ընտրությունների անցկացման, սահմանադրական կարգի եւ օրինականության հաստատման համար եւ այդ թվում բացառություն չի կազմում նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը ասաց, որ ԲՀԿ-ի մասին իր կարծիքը շատ մոտ է Լեւոն Տեր Պետրոսյանի կարծիքին` «չկան հավերժ բարեկամներ ու հավերժ թշնամիներ»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ԲՀԿ-ի շուրջ առաջացած հակասական դիրքորոշումները արդյո՞ք վտանգավոր չեն եւ չեն հանգեցնի ՀԱԿ-ի պառակտմանը, ասաց. - «Եղել են կարծիքների տարբերություն եւ կոնսենսուսի չի հաջողվել գալ, բայց սրա մեջ տեսնել ինչ-որ լուրջ հակասություններ Կոնգրեսի ներսում` սխալ կլիներ: Մինչեւ այդ մեզ քննադատում էին նրա համար, որ Կոնգրեսում ոչ մի բանավեճ չկա, միշտ տիրապետում է Տեր-Պետրոսյանի կարծիքը: Հիմա, հենց որ պարզվում է, որ կա առողջ բանավեճ, որ Տեր-Պետրոսյանը չի կարող 100 տոկոս դեպքերում իր կարծիքը պարտադրել, մեզ սկսում են քննադատել մեկ այլ կողմից: Պարզ է, որ դա ուղղակի ծիծաղելի է: Մեծ հաշվով, որեւէ խնդիր գոյություն չունի, կա նորմալ մթնոլորտ, նորմալ քննարկումներ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG