Մատչելիության հղումներ

«Արվեստանոց» սրճարանում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը ներկայացվելու է երիտասարդ նկարիչ Գոռ Մեխակյանի անհատական ցուցահանդեսը:

«Արվեստանոց» սրճարանում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը ներկայացվելու է երիտասարդ նկարիչ Գոռ Մեխակյանի անհատական ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում է մոտ 40 աշխատանք:

Գոռը 2 տարի է, ինչ նկարում է, իսկ առիթ է հանդիսացել նկարներ հավաքելը:

«Նկարելու համար անհրաժեշտ է ինչպես աշխատասիրություն, այնպես էլ Աստծուց տրված շնորհք: Իմ դեպքում երկրորդ տարբերակն է, քանի որ դեռ դպրոցական տարիներին նկարչության ժամերին չեմ փայլել, նույնիսկ ուղիղ գիծ չէի կարող գծել», - «Մաքսլիբերթի»-ին ասում է Գոռը:

Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարի բաժնի վարիչ, արվեստաբան Արմեն Գասպարյանը նշեց, որ արվեստաբանական վերլուծություններ չի ցանկանում անել, քանի որ Գոռը մասնագիտական կրթություն չի ստացել նկարելու համար: «Այս ցուցադրությունը լինելու է երիտասարդ նկարչի սկիզբը` դեպի գեղարվեստ», - ասաց նա:

«Յուրաքանչյուր մարդ տարբեր ճաշակի տեր անձնավորություն է. մեկին Պիկասոն է դուր գալիս, մեկ ուրիշն էլ ասում է, որ Պիկասոն նկարիչ չի», - նշում է Գոռը եւ հավելում, որ ինքն իր առջեւ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու ծրագիր չի դրել:

Գոռի նկարչությունն ու ձեռագիրը փոխվել է երկրորդ ինքնուրույն աշխատանքից սկսված:

«Այդ աշխատանքներս տարբերվում են մինչ այդ վարպետի մոտ դասեր առնելիս նկարած աշխատանքներից: Ինչ-որ ուղղվածություն կամ ոճ չունեմ. նկարում եմ իրավիճակի եւ տրամադրության թելադրանքով», - ասում է երիտասարդ նկարիչը:

Գոռ Մեխակյանի ընկերներից Ռուբեն Կարապետյանը, ով եկել էր շնորհավորելու նկարչին առաջին անհատական ցուցահանդեսի կապակցությամբ, նշեց, որ մեկ տարի է ճանաչում է երիտասարդ նկարչին:

«Գոռն այս ամենին հասել է միայն իր ազնվության եւ շիտակության շնորհիվ: Նրա յուրաքանչյուր նկարն ամեն անգամ տեսնելիս` ես զգում եմ նրա անկեղծությունը նկարում, ինչը շատ կարեւոր է նկարչի համար», - կարծում է Ռուբենը:

XS
SM
MD
LG