Մատչելիության հղումներ

Նաիրա Զոհրաբյանը կոչ է անում ԲՀԿ-ի նկատմամբ «վհուկների որս» չսկսել


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

«Բարգավաճ Հայաստանի» պատգամավորը արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարություններին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ` արձագանքելով անցած շաբաթ ընդդիմության հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած վերլուծությանը, որը, պատգամավորի խոսքով, «անառողջ աժիոտաժ է առաջացրել քաղաքական, եւ ոչ քաղաքական շրջանակներում»:

«Ի վերջո, մենք անընդհատ խոսում ենք քաղաքական նոր մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունից, հանդուրժողականությունից, Եվրոպաներում հայտարարում ենք, որ անցկացնելու ենք ամենաարդար ընտրությունները եւ հարգելու ենք յուրաքանչյուրի քվեն եւ կարծիքը: Ի՞նչն է խանգարում իրականում անել այդ ամենը, նման աննախադեպ ինկվիզիցիոն գործընթացներ չծավալել եւ վհուկների որս չսկսել», - իր հայտարարության մեջ նշում է Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունը մարտիմեկյան ողբերգության համատեքստում շահարկելու փորձերին, պատգամավորը «շահարկողներին եւ նրանց պատվիրատուներին» խորհուրդ է տալիս «զերծ մնալ նման անբարոյական քայլերից եւ չխաղալ կրակի հետ»։

«Գագիկ Ծառուկյանը փոխանցում է, որ թե՛ ինքը, եւ թե՛ իր կուսակիցները կարեւորում են մարտիմեկյան դեպքերի ողջ իրողությունը բացահայտելը», - ասված է հայտարարության մեջ:

Թե ո՞վ է «Բարգավաճ Հայաստանի» դեմ «վհուկների որս» եւ «ինկվիզիցիոն գործընթացներ» փորձում իրականացնել, Զոհրաբյանը չի մանրամասնում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, թե ավելին, քան ասված է իր հայտարարության մեջ, հարկ չի համարում այս պահին ասել:

Նշենք, սակայն, որ հայտարարության մեջ մատնանշված քաղաքական նոր մշակույթի ձեւավորման եւ ամենաարդար ընտրություններ անցկացնելու մասին այսօր առավել շատ խոսում է Հանրապետական կուսակցությունը: Մասնավորապես, ամենաազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու մասին վերջերս Բրյուսելում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ԲՀԿ-ին «նման փաստեր հայտնի չեն»

Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված գործընթացների մասին խոսում է նաեւ մամուլը:

Մասնավորապես, «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանի կալանավորումը նույնպես դիտարկվում է այդ գործընթացի շրջանակում: Սակայն ԲՀԿ-ի մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը հերքում է, թե թմրանյութերի ապօրինի շրջանառության համար կալանավորված «Շլամ» մականունով Արմեն Մուրադյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կուսակցության մամուլի քարտուղարը նաեւ հերքեց, թե կալանավորվածը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի աշխատակից է:

Սակայն Արմեն Մուրադյանը «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքի հիմնական իրացնողներից է: Ըստ թերթերի, նրան են պատկանում երեք տասնյակից ավելի ցեմենտատար մեքենաներ:

Ոստիկանությունից այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Մուրադյանը, ինչպես նաեւ նրա հետ բերման ենթարկված Ասատուր Առուստամյանը, երեկ կալանավորվել են: Նրանք մեղադրվում են քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, տվյալ դեպքում` խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար:

Ոստիկանության փոխանցմամբ, Արմեն Մուրադյանի մոտ հայտնաբերվել է 10.5 գրամ, իսկ Ասատուր Առուստամյանի մոտ` 3.4 գրամ դեղնականաչավուն զանգված: Մուրադյանին պատկանող «Մերսեդեսի» սրահի զննությամբ նաեւ հայտնաբերվել եւ առգրավվել է 7.8 գրամ մարիխուանա թմրանյութին նմանվող զանգված: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, մոտ երկու շաբաթ առաջ նույն հոդվածով կալանավորվել էր Մասիսի քաղաքապետարանի աշխատակից Արթուր Ղազարյանը, ով, ըստ մամուլի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Սակայն ԲՀԿ-ի մամուլի քարտուղարը հերքեց, թե նա նույնպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Ըստ Բաղդասար Մհերյանի, ԲՀԿ-ական է եղել կալանավորվածի հայրը: Մինչդեռ մամուլը, անդրադառնալով այս դեպքերին, գրում է, թե ԲՀԿ-ի կողմնակիցների որսը քաղաքական կոնտեքստում է եւ Գագիկ Ծառուկյանին վախեցնելու գործընթացը նոր թափ է հավաքում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարին հարցրինք, թե իսկապե՞ս ԲՀԿ-ի վրա ճնշումներ կան:

«Մեզ նման փաստեր հայտնի չեն», - արձագանքեց Բաղդասար Մհերյանը:

Հավելենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարը ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումների մասին փաստեր չունենալու վերաբերյալ խոսել էր այսօր ավելի վաղ` մինչեւ Նաիրա Զոհրաբյանի` «վհուկների որսի» եւ «ինկվիզիցիայի» մասին հայտարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG