Մատչելիության հղումներ

Դավիթ Կարապետյան. «Հուսով ենք, Ադրբեջանի դիրքորոշումը դիպուկահարների հարցում կփոխվի»


Հայ դիրքապահները շփման գծում, արխիվային լուսանկար

Հայ դիրքապահները շփման գծում, արխիվային լուսանկար

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակին նման հույս է ներշնչում երեք հոգեւոր առաջնորդների հայտարարությունը։

«Հուսով ենք, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի այս հայտարարությունից հետո ադրբեջանական կողմի դիրքորոշումը կփոխվի դիպուկահարների հարցում, եւ նրանք պատրաստակամություն կհայտնեն դիպուկահարներին շփման գծից հետ քաշել եւ ավելորդ լարվածություն այսուհետեւ շփման գծում չստեղծել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դավիթ Կարապետյանը։

Երկուշաբթի օրը Երեւանում` ԱՊՀ-ի Միջկրոնական խորհրդի նախագահության նիստի շրջանակներում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի ու Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինի կողմից ընդունվեց համատեղ հայտարարություն, որով երեք հոգեւոր առաջնորդները կոչ են անում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից հետ քաշել դիպուկահարներին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով փաստաթուղթը` պաշտպանության նախարարի խոսնակը նաեւ ընդգծեց. - «Հայկական կողմը մշտապես արտահայտվել է դիպուկահարներին շփման գծից դուրս քաշելու օգտին։ Այդ կապակցությամբ, Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարը եւ միջազգային տարբեր կառույցներ մի շարք հորդորներով են հանդես եկել մինչ այժմ, որը ողջունվել է հայկական կողմից, սակայն արժանացել է ադրբեջանական կողմի առարկությանը»։

«Ձեր գնահատմամբ` սա տրամադրության փոփոխությո՞ւն է նշանակում ադրբեջանական կողմի», - այս հարցին Դավիթ Կարապետյանը արձագանքեց. - «Հուսով ենք, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը արտահայտում է իր ժողովրդի ցանկությունը, ինչպես նաեւ նրա հայտարարությունները համաձայնեցված են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։ Չգիտեմ` որքանով են նրանց տեսակետները կարեւորագույն հարցերում միասնական, դա ցույց կտա առաջիկա օրերին, շաբաթներին առաջին գծում իրավիճակը, ինչպես նաեւ դա ցույց կտան ադրբեջանական կողմի կոնկրետ քայլերը»։

Իսկ թե հայկական կողմը պատրա՞ստ է միակողմանիորեն դիպուկահարներին հեռացնել շփման գծից` այս առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը շեշտեց. - «Շփման գծից դիպուկահարներին միակողմանի հանել` նշանակում է հայ զինվորների կյանքը վտանգել, նրանց կյանքը, առողջությունը հանձնել ադրբեջանցի դիպուկահարների խղճին պարզապես։ Հայ դիպուկահարները շփման գծում գոյություն ունեն միայն ու միայն այն պատճառով, որպեսզի չեզոքացնեն ադրբեջանցի դիպուկահարների գործողությունները։ Հայ դիպուկահարների գործողությունները ուղղված են ոչ թե Ադրբեջանի զինված ուժերի սովորական զինվորների դեմ, այլ նրանց դիպուկահարների դեմ, ինչը մեզ թույլ է տալիս զսպել հակառակորդին եւ չեզոքացնել այն դիպուկահարների գործողությունը, որոնք պոտենցիալ վտանգ են մեր զինվորների համար»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG