Մատչելիության հղումներ

Համանախագահները Երեւանից սկսեցին տարածաշրջան հերթական այցը


Բեռնար Ֆասիեն Հայաստանի նախագահին է ներկայացնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին, Երեւան, 28-ը նոյեմբերի, 2011թ.։ Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Բեռնար Ֆասիեն Հայաստանի նախագահին է ներկայացնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին, Երեւան, 28-ը նոյեմբերի, 2011թ.։ Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Երկուշաբթի օրը Երեւան ժամանեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները` սկսելով հերթական այցը տարածաշրջան։

Ուշ երեկոյան միջնորդներին ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ավելի վաղ նրանց հետ հանդիպել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես տեղեկացնում է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, Նալբանդյանի եւ համանախագահների հանդիպման ընթացքում շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ:

Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է «Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության եւ շփման գծում նոր զոհերի պատճառ դարձած սադրանքների վրա»:

Հանդիպման ավարտին ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն լրագրողների հետ կարճ զրույցում փոխանցեց, որ շտապում են նախագահական` հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ, իսկ արդեն երեքշաբթի օրը նրանք մեկնեցին Լեռնային Ղարաբաղ։

«Այս անգամ մենք մտադիր ենք հատել շփման գիծը, իսկ արդեն հաջորդը օրը կհանդիպենք նախագահ Ալիեւին», - ասաց Ֆասիեն։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` համանախագահները այսօր մասնակցելու են հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկմանը, ապա միջնորդները անցնելու են հայկական կողմից ադրբեջանական կողմը։ Ըստ նույն աղբյուրի` ԵԱՀԿ-ի առաքելությունը դիտարկումը անցկացնելու է Ադրբեջանի Ղազախի շրջանի Ջաֆարլի եւ Հայաստանի Տավուշի մարզի Կայան գյուղերը կապող ճանապարհին։ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այս օրերին աշխատանքային այցով Արգենտինայում է:

Երեւանում կայացած հանդիպումների ժամանակ Բեռնար Ֆասիեն ներկայացրել է ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորին:

Լրագրողների հետ զրույցում էլ Ֆասիեն կատակելով մի քանի խոսք ասաց նոր համանախագահի մասին. - «Պարոն Ֆորը ահա այստեղ է, տեսնում եք` ինչպիսի հրաշալի մորուքավոր մարդ է: Մենք միասին արդեն աշխատում ենք շատ երկար ժամանակ: Դեսպան Ժակ Ֆորը շատ փորձառու է»:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը տեղեկացնում է, որ համանախագահների հետ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր` Վիլնյուսում դեկտեմբերին կայանալիք ԵԱՀԿ-ի նախարարական խորհրդին ընդառաջ:

Հայաստանի նախագահը եւ Մինսկի խմբի միջնորդները խոսել են նաեւ հակամարտության կողմերի միջեւ վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG