Մատչելիության հղումներ

Զբոսաշրջության ոլորտում երկնիշ աճ է գրանցվել


Իրանցի զբոսաշրջիկները լուսանկարում են Երեւանի Հանրապետության հրապարակը, 21-ը մարտի, 2011թ.

Իրանցի զբոսաշրջիկները լուսանկարում են Երեւանի Հանրապետության հրապարակը, 21-ը մարտի, 2011թ.

Կառավարության գնահատմամբ, մինչեւ տարեվերջ Հայաստան կայցելի մոտ 800 հազար զբոսաշրջիկ:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ այս տարվա առաջին տասը ամիսներին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում զբոսաշրջության ոլորտն աճել է 13.5 տոկոսով, եւ մինչեւ տարեվերջ ակնկալվում է, որ Հայաստան կայցելի մոտ 800 հազար զբոսաշրջիկ: Նախարարի կանխատեսմամբ, 2-3 տարի անց տարեկան Հայաստան կայցելի առնվազն 1 միլիոն զբոսաշրջիկ:

«Միջազգային զբոսաշրջիկին Հայաստան ներգրավելու համար պետք է անել շատ բաներ: Դա, նախեւառաջ, ենթակառուցվածքների ձեւավորումն է», - նշեց Տիգրան Դավթյանը` պարզաբանելով, որ նկատի ունի օդանավակայանները, ճանապարհները, հյուրանոցները: - «Կարծում եմ, որ վերջին տարիներին բոլորի համար ակնհայտ է` բավականին լուրջ տեղաշարժ կա այդ ուղղությամբ: Մենք արդեն ունենք միջազգային չափանիշներին համապատասխանող, ես կասեի նույնիսկ տարածաշրջանում լավագույն օդանավակայանը, ունենք բավականին լավ հյուրանոցային ենթակառուցվածքներ»:

2-3 տարի անց տարեկան Հայաստան կայցելի առնվազն 1 միլիոն զբոսաշրջիկ ...

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանն այսօր տեղեկացրեց, թե հիմնադրամը ծրագիր է մշակել Սեւանի ավազանում բարձր լեռնային, զբոսաշրջային կենտրոնի ստեղծման համար, որի կառուցման արժեքը կկազմի մոտ 300 միլիոն եվրո եւ որի շուրջ հնարավոր ներդրողների հետ նախատեսում են բանակացություններ վարել գալիք տարի:

Զբոսաշրջության բիզնեսով զբաղվող «Ռումեա» ընկերության նախագահ Ռուբեն Գրիգորյանը, այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, նշեց, որ թեեւ անցած տարիների ընթացքում Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել զբոսաշրջության ոլորոտում` ավելացել է օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը, ձեւավորվել է որոշակի ենթակառուցվածք, սակայն դեռ կան խնդիրներ, որոնք խոչընդոտում են զբոսաշրջության զարգացմանը:

«Այսօրվա վիճակով գները, մեղմ ասեմ, խայտառակ են: Դրանից օգտվում են միայն հարուստները», - նշեց Ռուբեն Գրիգորյանը:

Պոչամբար Լոռիում, արխիվ

Պոչամբար Լոռիում, արխիվ

Հայաստանում զբոսաշրջության զարգացման վերաբերյալ իրենց նկատառումներն ունեն նաև բնապահպանները` բազմիցս իրենց մտահոգությունները հնչեցնելով, որ Հանրապետությունում շարունակվող եւ բնապահպանական նորմերին հակասող բազմաթիվ հանքերի շահագործումը չի կարող նպաստել զբոսաշրջության զարգացմանը: Նրանք որպես օրինակ նշում են Տաթեւի վանական համալիրից ոչ հեռու գտնվող Սվարանց գյուղի մոտ երկաթահանքի շահագործումը:

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցին անդրադարձել էր նաեւ օտարերկրյա կազմակերպություններին զբոսաշրջության հարցով խորհրդատվություն մատուցող, ոլորտի փորձագետ Արմեն Շահբազյանը, ում խոսքով, օրինակ, Կանադայում մինչեւ հանքի շահագործումը սկսելը գործարարը պետք է տվյալ վայրի լանդշաֆտի վերականգնման ծախսերի առնվազն 70 տոկոսը «ռեզերվ անի բանկում, որին իրավունք չունի ձեռք տալ»:

«Մենք, այսօրվա մեր ունեցած համակարգով, տեսնում ենք ինչ է կատարվում Քաջարանում: Սյունիքը տուրիզմի զարգացման հսկայական պոտենցիալ ունի, բայց այդ տուրիզմի ճանապարհին կանգնած են այդ պոչամբարները, Ողջի գետի եւ Նորաշենի գետի ծանր մետաղներով եւ տոքսիկ նյութերով աղտոտվածությունը, օդի աղտոտվածությունը», - որպես օրինակ նշեց փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG