Մատչելիության հղումներ

Ջոն Հեֆերնը հույս ունի Գյումրիից գնացքով Կարս մեկնել


ԱՄՆ դեսպանը հույս ունի Գյումրիից գնացքով մեկնել Կարս
please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը երկուշաբթի օրը ճանաչողական այցով Գյումրիում էր:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման խնդրին, Հեֆերնն ասաց` այն իր աշխատանքային կարեւորագույն խնդիրներից է:

«Այդ սահմանի բացման հարցը իմ աշխատանքային կարեւորագույն խնդիրներից մեկն է, եւ ես հույս ունեմ, որ մի օր կգամ ու գնացքով այստեղի կուղեւորվեմ Կարս», - ասաց դեսպանը:

Հիշեցնենք` անցյալ շաբաթ Ջոն Հեֆերնը հայ եւ թուրք գործարարների մասնակցությամբ անցկացված տնտեսական համաժողովում էր ելույթ ունեցել եւ նշել, որ ԱՄՆ-ը խրախուսում է այսօրինակ միջոցառումների իրականացումը, քանի որ այն նաեւ «քաղաքական ուղերձ ունի» եւ նպաստելու է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մերձեցման գործընթացին: Դիվանագետը նշել էր, որ ԱՄՆ-ը միշտ էլ կաջակցի, որ գործընթացը տեսանելի արդյունք տա:

Ջոն Հեֆերնը արդեն վեց շաբաթ է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի կարգավիճակում է: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այս ընթացքում հասցրե՞լ է ծանոթանալ Հայաստանի տնտեսական վիճակին եւ ինչպե՞ս է գնահատում այն, դեսպանը պատասխանեց. - «Հայաստանը ցամաքային երկիր է, երկու հարեւան երկրների հետ սահմանները փակ են: Դրանց բացման ուղղությամբ մենք աշխատանքներ ենք իրականացնում: Ես նկատել եմ, որ Հայաստանում որոշ ճյուղեր բավականին զարգացում են ապրել, այդպիսի ոլորտներից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, նաեւ կա ներուժ, կան տաղանդաշատ մարդիկ եւ Հայաստանը կարող է իր առաջընթացն ապահովել»:

Գյումրիի սոցիալական վիճակին ծանոթանալու համար դեսպանը հանդիպել էր նաեւ հիմնականում սոցիալական ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Արդյունքում Ջոն Հեֆերնին պարզ էր դարձել, որ այստեղ գերխնդիրը աշխատատեղերն են:

«Այս հարցը այսօր կարեւորում էին բոլոր նրանք, ում հետ հանդիպում ունեցանք: Աշխատատեղերի ստեղծմամբ այս մարզում հնարավորություն կստեղծվի բարելավել ընդհանուր առմամբ առողջապահական ծառայությունները, բնակարանային հարցերը, եւ տնտեսական զարգացումը շատ դրական տեղաշարժերի կհանգեցնի», - ասաց Հեֆերնը:

Ի դեպ, վեց շաբաթվա ընթացքում դեսպան Հեֆերնը նաեւ հայերեն է սովորել: Նա խոստացավ Գյումրի կատարելիք հաջորդ այցի ժամանակ ավելի վարժ հայերենով խոսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG