Մատչելիության հղումներ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովի արտահերթ նիստում մեծ աղմուկ բարձրացրեց: Հարցի քննարկումը ե'ւ կազմակերպչական առումով խնդիրներ առաջացրեց, ե'ւ բովանդակային:

Բնապահպանության նախարարը փոփոխություններին նախագծի քննարկմանը միայն երկրորդ փորձից ներկա գտնվեց: Երբ ըստ նախապես հայտարարված հաջորդականության հերթը հասավ այս օրինագծին, նախարարը նիստերի դահլիճում չէր: Նրան երկար սպասեցին, ապա ԱԺ-ի փոխնախագահ Սամվել Նիկոյանը այլ հարց դրեց քննարկման:

Երբ հայտնվեց Արամ Հարությունյանը, ընդդիմադիր «Ժառանգություն»-ը պահանջեց հետ կանչել օրինագիծը, որովհետեւ այն չի անցել պատշաճ ընթացակարգ, չի քննարկվել բնապահպանական կազմակերպությունների հետ, անգամ ԱԺ-ի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում չի ներկայացվել, չնայած արդեն մոտ մեկ ամիս է խորհրդարանում շրջանառության մեջ է:

Առաջարկվող փոփոխությունները քննարկվում էին նաեւ խորհրդարանի դարպասների մոտ բնապահպանական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների կազմակերպած բողոքի ակցիայի պայմաններում: Բնապահպանները բողոքում էին, որ նոյեմբերի 25-ին իրենք հանդիպել են բնապահպանության նախարարի հետ, նա իրենց խոստացել է քննարկում կազմակերպել` հաշվի առնելով իրենց մտահոգություններն ու առաջարկները, ինչը սակայն տեղի չի ունեցել:

«Էկոդար» կազմակերպության իրավաբան Արթուր Գրիգորյանի խոսքով` իրենք ԱԺ-ի կայքից են տեղեկացել, որ նախագիծն արդեն պատրաստ է, ուղարկվել է ԱԺ:

«Ուղղակի մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ այս օրինագիծը այս տեսքով անցնի», - ասաց Գրիգորյանը:

Գործող օրենքով փաստաթղթերի փորձաքննության ժամկետները լիազոր մարմինը իրավունք ուներ երկարաձգել մինչեւ 180 օր: Այդ ժամկետները այժմ կիսով չափ կրճատվել են: Բնապահպանները կասկածում են, որ այդ փոփոխությունը պատշաճ ձեւով հանրային լսումներ չկազմակերպելու թաքնված նպատակ ունի:

«Այս ժամկետներով, որ սեղմում են մեզ, մենք չենք կարող մասնակցել այդ քննարկումներին: Երկրորդ` կատեգորիաների է բաժանված փորձաքննության անցկացման ընթացակարգերը` ա, բ, գ կատեգորիաների, եւ գ կատեգորիան ամենաթույլն է, որի շրջանակներում, ըստ էության, հանրային լսումներ չեն անցկացվում: Այդ կատեգորիայի մեջ մտցված են այնպիսի կետեր, ինչպիսիք են 5 հա եւ ավելի անտառահատումներ, 1500 քմ-ից ավելի կառուցապատման աշխատանքներ ու վերին սահմանային շեմ էլ չկա, այսինքն կարող են 500 հա անտառ հատել` առանց հանրային լսումների, առանց փորձաքննության նշանակման, առանց փորձաքննության մասնագիտական եզրակացության: Իսկ 5 հա-ից ցածրի դեպքում չեն էլ բարեհաճելու իրազեկել մեզ», - ասաց Գրիգորյանը:

Ակցիային մասնակցում էր նաեւ բնապահպանական ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:

«Եթե մենք այս երկրում ենք ապրում, ունենք նամուս, ունենք երեխա, ունենք ներկա, ունենք ապագա, մենք պետք է դուրս գանք եւ պաշտպանենք մեր սարերը, մեր հողերը, մեր խմելու ջուրը, մեր երեխաներին», - ասաց Սուխուդյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը այսպես որակեց օրինագիծը. - «Ոչ թե շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենքի նախագիծ, այլ գործարար միջավայրի բարելավման մասին օրինագիծ»:

«Օրինագիծը բերել եւ արտահերթի շրջանակում են ուզում «սղղցնել», - ասաց «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը համաձայն չէ արտահայտված մտքի հետ. - «Ծածկադմփոցի որեւէ խնդիր չի եղել», - ասաց նա:

Կրքերը ավելի բորբոքվեցին, երբ բնապահպանության նախարարը պատգամավորների հարցերին պատասխանելուց անմիջապես հետո լքեց դահլիճը` չլսելով նրանց ելույթները:

«Շատ ավելի ճիշտ կլիներ, որպեսզի ԱԺ-ը նախ չքննարկեր այս հարցը եւ վերաբերմունք ցուցաբերեր կառավարությանը, որ նման կերպ իսկապես չի կարելի շարունակել», - ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Ընդդիմադիր պատգամավորները եւ ԱԺ-ի մուտքի մոտ բողոքի ակցիա կազմակերպած բնապահպանները պահանջում էին հետ կանչել նախագիծը, աշխատել դրա վրա, հետո քննարկել խորհրդարանում: Բնապահպանության նախարարը, սակայն, հայտարարեց, թե նման քայլի կառավարությունը չի գնալու` առաջարկներ ունեն, թող ներկայացնեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, իրենք կորոշեն` ընդունել, թե` ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG