Մատչելիության հղումներ

«Արմավիան» հերքում եւ 2 մլն դրամ փոխհատուցում է պահանջում «Չորրորդ ինքնիշխանությունից»


Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստի ժամանակ «Արմավիա» ավիաընկերության ու «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի ներկայացուցիչները հաշտության համաձայնության չեկան:

Հայցվոր կողմը` «Արմավիան», շարունակում է պնդել, որ թերթը զրպարտել է ընկերությանը այն տեղեկատվությամբ, թե իբր «Արմավիայի» ինքնաթիռները զենք են մատակարարել Լիբիային:

«Չորրորդ ինքնիշխանությունն» էլ նշում է, որ ինքն արտատպել է տեղեկությունը Epress.am կայքից, իսկ հետագայում էլ 2 տարբեր հոդվածներում հերքել է այն:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու է Արմավիայի սեփականատերը որոշել հենց «Չորրորդ ինքնիշխանության» դեմ հայց ներկայացնել, եթե տարբեր կայքեր էլ են այդ մասին գրել, թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանը պատասխանեց. - «Որովհետեւ իրեն այդպիսի խորհուրդ են տվել. նա հայերեն չի կարդում»:

Հայցվոր կողմի ներկայացուցիչը, սակայն, նշում է, որ «Չորրորդ ինքնիշխանությունը» հերքումը պատշաճ ձեւով չի տպագրել, բացի այդ` տպագրված հոդվածում Epress.am-ի վերնագիրը եւ լուսանկարը փոխված են:

Գործարար Միկա Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթից պահանջում է հերքում եւ 2 մլն դրամ փոխհատուցում` ընկերության գործարար համբավը արատավորելու համար։

Թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը կարծիք հայտնեց, որ այս ձեւով Միկա Բաղդասարովը փորձում է պատժել «Չորրորդ ինքնիշխանությանը»:

«Մեր խմբագրակազմը, մեր լրագրողները մշտապես Միկա Բաղդասարովի գործունեությունը պահել են իրենց ուշադրության կենտրոնում` անդրադառնալով թե՛ «Արմավիա» ընկերությանը, թե՛ ցեմենտի գործարանին, թե ինքը որպես գործարար, օլիգարխ ինչքան միլիոններ ու միլիարդներ է պարտք պետությանը», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց լրագրողը: - «Դրա մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել, եւ իր նյարդերը պարզապես այս դեպքում տեղի են տվել»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բաղդասարովն ասել էր, որ պահանջվող 2 միլիոն դրամը տրամադրելու է հայկական 2 բուհերի, որտեղ կան լրագրության ֆակուլտետներ, որպեսզի ապագա լրագրողներին սովորեցնեն, թե ինչպես է պետք աշխատել:

please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG