Մատչելիության հղումներ

«Ժառանգություն». Նախագահի պատասխանը` ոչ պետականավայել հարձակում


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցությունը սուր քննադատության է ենթարկել նախագահ Սերժ Սարգսյանի շաբաթ օրը արած հայտարարությունը` անվանելով այն «ոչ պետականավայել հարձակում» ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ու «Ժառանգություն» կուսակցության, այլեւ ողջ ընդդիմության վրա:

Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանը անցած շաբաթ նամակ էր հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու նպատակով 15 քայլ առաջարկել: Դրան ի պատասխան` Սերժ Սարգսյանը շաբաթ օրը ասել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը այդ առաջարկները արել է ոչ թե սրտի ցավով, այլ ցանկացել է վարկաբեկել ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու իշխանությունների նախաձեռնած գործընթացը:

«Մենք թափ ենք հավաքում, եւ մեր նպատակն է անցկացնել շատ լավ ընտրություններ: Այստեղ ուզում եմ շեշտել, որ վերջին երկու ընտրությունները` ե'ւ նախագահական, ե'ւ խորհրդարանական, միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող ընտրություններ: Եվ մեր նպատակն է, որպեսզի այդ «հիմնականում» բառը հանվի: Կարծում եմ, որ մեզ ոչինչ չի խանգարելու: Մենք ոչ միայն ընտրություններն ենք անցկացնելու լավագույն ձեւով, այլ բոլոր քաղաքական գործընթացները` առանց ուշադրություն դարձնելու չարությամբ լցված մարդկանց, չասեմ գնահատականին, որովհետեւ իրենք իրավունք չունեն գնահատական տալու, այլ` իրենց կարծիքին: Հաշվի չառնելով նրանց թույնը, հաշվի չառնելով նրանց վատ նպատակը` մենք փորձելու ենք ամեն ինչ բարելավել, եւ կարծում եմ, որ բոլորը հնարավորություն կունենան, այսօր էլ ունեն, դրանում համոզվելու», - ասել էր նախագահը:

«Ժառանգության» վարչությունը այսօր տարածած պատասխան-հայտարարությունում նշում է, որ նման պահվածքն ու անհամարժեք գնահատականները հարիր չեն երկրի ղեկավարին։

«Դա վկայում է, որ ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել վարչական լծակներն օգտագործելու, ընտրացուցակները խարդախելու, բանակն ու եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու եւ այլ արատավոր գործելակերպից: Չափազանց մտահոգիչ է, որ նախագահի կողմից 2008 թվականի նախագահական ընտրությունները դրական են գնահատվում եւ վկայակոչվում իբրեւ միջազգային չափանիշներին հիմնականում համապատասխանող, ինչից ենթադրվում է, որ կարող է լինել նոր «Մարտի 1», - ասված է «Ժառանգության» հայտարարության մեջ:

Ընդդիմադիր ուժը նաեւ սթափության կոչ է անում Սերժ Սարգսյանին` ընդգծելով, որ նա դեռ կարող է ուղղել սխալը եւ «անհեթեթ ու անիմաստ ասպատակումների» փոխարեն ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանի նամակի ճշմարտացիությունը եւ քայլեր ձեռնարկել այդ խնդիրների լուծման ուղղությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը ասաց, թե բոլորի համար զարմանալի էր, որ Սերժ Սարգսյանը այդքան կոպիտ, կոշտ եւ էմոցիոնալ արձագանք կարող է տալ Հովհաննիսյանի նամակին. նամակ, որում «Ժառանգության» հիմնադիր-ղեկավարը ընդամենը Սահմանադրությամբ ամրագրված կետերն է մատնանշել, օրինակ, որ դպրոցները չի կարելի օգտագործել կուսակցական նպատակների համար: Հակոբյանը օրինակ բերեց, թե ինչպես են իշխանությունները մերժել «Ժառանգությանը» որեւէ դահլիճ տրամադրել անկախության 20-ամյակի շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի համար, մինչդեռ, նրա խոսքով, վարչապետը դպրոցում ժպիտը դեմքին կուսակցական տոմսեր էր բաժանում:

«Տեսնում ենք, ասենք, վարչապետը շատ լայն ժպիտով 153 դպրոցում ծերերին` տատիկ-պապիկներին, ջահելներին կուսակցական տոմսեր է հանձնում եւ կուսակցական ժողով է անցկացնում: Խոսքը այն մասին է, որ եղբա'յր, սահմանադրական նորմեր կան, օրենքներ կան, եկե'ք հարգենք դրանք, եւ դրանք բոլորիս համար թող լինեն: Ասում ենք, որ պետությունից այսօր ոչ իր կամքով բացակայում է 6-8 հազար ընտրողներ, եւ դրանք այն հիմնական «հումքն» են, որ լցոնումների հնարավորություն են ստեղծում: Առաջարկում ենք, որ ընտրություններից անմիջապես հետո տեղամասերում փակցվեն այն ընտրողների ցուցակները, ովքեր եկել եւ մասնակցել են, ստորագրել են: Չարություն, թույն կամ վարկաբեկիչ բան տեսնո՞ւմ եք: Չեմ կարծում, որ որեւէ մեկը կտեսնի», - ասաց Ռուբեն Հակոբյանը:

Նրա համոզմամբ` մի բան է խոստումներ տալ եվրոպական կառույցներին, որ արդար ընտրություններ են լինելու, մեկ այլ բան է, թե գործնականում ինչ է արվում. իսկ այն, ինչ արվում է, լավատեսության հիմքեր չի տալիս: Հակոբյանի խոսքով` հակադրվելու փոխարեն կամ ասելու, թե դուք գնահատական տալու իրավունք չունեք, Սերժ Սարգսյանը պետք է շահագրգիռ ուժերի հետ ձեռք ձեռքի տված ամեն ինչ անի ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար:

«Իսկապես ամենավերջին պահն է մնացել, եւ Սերժ Սարգսյանը այսօր պատասխան է կրում ոչ միայն վերջին 3-4 տարիների համար, այլ ամբողջ 20 տարիների ընթացքում արմատավորված, պետականության հերն անիծող այս ավանդույթների համար», - ասաց Հակոբյանը` շարունակելով. - «Մենք չարություն չունենք, թունավոր որեւէ բան չունենք, եւ անկեղծորեն հայտարարում եմ` բոլոր նրանք, ովքեր պատրաստ են, մենք նրանց հետ գնալու ենք արդար ընտրություններ անցկացնելու ճանապարհով»:

please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG