Մատչելիության հղումներ

Մանկական ժանրը, ըստ Մշակույթի նախարարության գրքի եւ հրատարակչության կենտրոնի տնօրենի պաշտոնակատար, գրող Էդուարդ Միլիտոնյանի, ձեւավորվել է Հովհաննես Թումանյանի եւ Ղազարոս Աղայանի ջանքերով, նրանց ստեղծագործություններով, հեքիաթների մշակումներով եւ թարգմանություններով, դասագրքեր կազմելով։

Միլիտոնյանի խոսքով` 100 տարվա ընթացքում ստեղծվել են մեծ գործեր, սերնդափոխությունը կատարվել է համաչափ, սակայն այսօր գրականության այս ժանրը կանգնած է լուրջ խնդրի առաջ:

«Մաքսլիբերթի»-ի փոքրիկ հարցումը վկայեց, որ պատանիներից ու երեխաներից շատերը չեն ճանաչում ժամանակակից մանկագիրներին, չեն ընթերցում նրանց ստեղծագործությունները եւ բավարարվում են միայն ծնողների գրադարանով, որը մեծամասամբ չի թարմացվում:

Մանկագիր Սուրեն Մուրադյանը նշում է, որ այսօր մանկագիրներին մատների վրա կարելի է հաշվել, նրանք, ովքեր իսկապես ակտիվ գործունեությամբ են զբաղված, ընդամենը 5-6 հոգի են: Իսկ երիտասարդներին ժանրը կարծես չի էլ հետաքրքրում, քանի որ ոլորտն անտարբերության է մատնված:

«Վերջին 5-6 տարում շուրջ 30-50 անուն մանկական գիրք է տպագրվել, պետությունը մանկական գրքերի հրատարակման համար մինչեւ նախանցյալ տարի տարեկան տրամադրում էր 15 միլիոն դրամ, այժմ` 10-11 միլիոն դրամ, սակայն գունազարդ գեղեցիկ գրքեր ստեղծելու համար այս գումարները բավարար չեն:
Այսօր մանկական գրքերը մեծ պահանջարկ ունեն», - ասաց Մուրադյանը:

Նրա համոզմամբ` մանկական գրականություն ստեղծելու համար պետք է առաջին հերթին հոգեբան լինել, հասկանալ` ինչ է պետք երեխային, ինչն է ուսուցողական, սակայն այսօր շուկան ողողել են անճաշակ գրքերով, ինչը վերահսկողության պակասի արդյունք է:

Սուրեն Մուրադյանն ասում է` այսօր ինչ նախատեսված է երեխաների համար` շատ թանկ է` սկսած գրքերից, վերջացրած նրանց համար նախատեսված մշակութային եւ ժամանցային վայրերից:

Այս առումով առավել բարդ իրավիճակ է ստեղծվել մարզերում: Գրքի 500 տպաքանակից այնտեղ գրեթե ոչինչ չի հասնում: Վիճակը շտկելու համար մանկագիրն առաջարկում է ստեղծել մանկական հաղորդումներ, որոնք այսօր բացակայում են:
XS
SM
MD
LG