Մատչելիության հղումներ

Հոգեւոր առաջնորդները կոչ են անում հետ քաշել դիպուկահարներին


Ձախից աջ` Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադե, Համայն Ռուսիո Պատրիարքը Կիրիլ առաջին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդ, նոյեմբերի 28, 2011
Ձախից աջ` Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադե, Համայն Ռուսիո Պատրիարքը Կիրիլ առաջին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդ, նոյեմբերի 28, 2011
Երեւանում երկուշաբթի մեկնարկել է ԱՊՀ-ի Միջկրոնական խորհրդի նախագահության նիստը, որին մասնակցելու նպատակով առաջին անգամ Հայաստան է ժամանել Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:

Նիստի շրջանակներում այսօր փակ դռների հետեւում եռակողմ հանդիպում տեղի ունեցավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի, Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը Կիրիլ առաջինի միջեւ, ովքեր հանդիպումից հետո հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Հայտարարությունը ընթերցեց Կիրիլ առաջինը, ով, մասնավորապես, ասաց, որ երեք հոգեւոր առաջնորդները կոչ են անում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից հետ քաշել դիպուկահարներին:

«Հետեւողականորեն կոչ ենք անում շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, որպեսզի այլեւս մարդկանց արյուն չթափվի եւ չլինեն զոհեր: Ուժի գործադրումից հրաժարվելը պետք է ներառի նաեւ այս կարեւոր փոփոխությունը: Եթե արյուն չթափվի, կփոխվի բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչն էլ նոր հեռանկարներ կբացի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մենք աղոթում ենք, որ երկու երկրների ինչպես ղեկավարների, այնպես էլ ժողովուրդների փոխհարաբերությունները քայլ առ քայլ փոխվեն դեպի լավը», - հայտարարեցին հոգեւոր առաջնորդները:

Այսօր ավելի վաղ, ելույթ ունենալով ԱՊՀ-ի Միջկրոնական խորհրդի նախագահության նիստին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւս ԱՊՀ-ի անդրադարձավ ղարաբաղյան խնդրին: Սարգսյանն ասաց` հակասությունները եւ խնդիրները պետք է կարագավորվեն ոչ թե լարման եւ սպառնալիքների մեծացման, այլ շփումների, բանակցությունների եւ համագործակցության միջոցով: «Երբեմն մոռացվում է, որ հանդուրժել նշանակում է համակերպվել մի բանի գոյության հետ, որն այնքան էլ հաճելի չէ», - հայտարարեց Սերժ Սարգսյանը:

«Մենք ինքներս ենք պատրաստ եղել առաջինը մեկնել բարեկամություն առաջարկող ձեռքը` անգամ այն ժամանակ, երբ վստահություն չունեինք, որ կստանանք համարժեք պատասխան: Նման դժվար որոշումներ կայացնելուց հետո հիասթափությունը, ինչ խոսք, հուսահատեցնող կարող է լինել: Տեղյակ եք, որ մեր մեծ ցավն է Արցախի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ասածս խոսքերն առաջին հերթին այդ խնդրի մասին էին», - ասաց Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով` հակամարտությունը լուծելու միակ իրատեսական ուղին Մինսկի խմբի շրջանակում ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացն է, եւ Հայաստանը հետեւողականորեն շարժվելու է այդ ճանապարհով, քանի որ դրա այլընտրանքը որեւէ բարիք չի բերելու ոչ Հայաստանի, ոչ էլ հարեւան երկրի ժողովրդին: Հայաստանի նախագահն ասաց, թե հակամարտությանը կրոնական երանգավորումներ տալու բոլոր փորձերը ապակառուցողական են:

«Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները` քրիստոնեությունը եւ մահմեդականությունը, որոնք դավանում են մեր ժողովուրդները, փորձեն հակադրել միմյանց: Առավել եւս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգության հուշարձանները ոչնչացնելու գործողությունները: Այս կարեւորագույն լսարանի առջեւ Հայաստանի Հանրապետության անունից վերահաստատում եմ բոլոր նման արժեքները պահպանելու եւ, անհրաժեշտության դեպքում, վերականգնելու մեր հանձնառությունը», - ասաց Սերժ Սարգսյանը` որպես ապացույց մատնացույց անելով Երեւանի կենտրոնում գտնվող մզկիթը:

Ղարաբաղյան հակամարտությանն իր ելույթում անդրադարձավ նաեւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն: Սերժ Սարգսյանը, սակայն, հենց Փաշազադեի ելույթից առաջ, երբ խոսքը դեռ նրան չէր փոխանցվել, հեռացավ սրահից: Նիստը վարող Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքը Կիրիլ առաջինը հայտարարեց, որ նախագահն այսօր այլ հանդիպումներ է ունի եւ այդ պատճառով չի կարող մինչեւ վերջ ներկա գտնվել: Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը հայտարարեց, թե, ցավոք սրտի, այսօր իրականությունն այն է, որ ԱՊՀ-ի տարածքում, այդ թվում` Կովկասում միլիոնավոր մարդիկ ստիպված են ապրել փախստականի կարգավիճակով, ինչը խոչընդոտում է մարդկանց կյանքի բարելավվմանը: Իսկ Ղարաբաղյան հակամարտության հետեւանքները, ըստ Փաշազադեի, շարունակում են ծանր բեռ մնալ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների ուսերին:

«Մենք ամբողջությամբ սատարում ենք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երկրների առաջնորդների եւ մեր պետությունների նախագահների ջանքերը: Միաժամանակ, ցավոք սրտի, հարկ է նշել, որ մինչեւ օրս չի կատարվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտնի բանաձեւը, եւ Մինսկի խմբի համանախագահների երկարամյա ջանքերն էլ իրական արդյունք չեն տվել», - ասաց Ալլահշուքյուր Փաշազադեն` շեշտելով, որ խաղաղ կարգավորումը պետք է լինի արդարացի եւ ընթանա միջազգային իրավունքի շրջանակներում:

Ղարաբաղի թեման չշրջանցեց նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Գարեգին երկրորդն ասաց` հայ ժողովրդի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ձգտումն է եղել կայուն դարձնել խաղաղությունը, ամրապնդել բարի հարաբերությունները եւ համագործակցությունը հարեւան պետությունների հետ:

«Այդ ձգտումի վկայությունն էր նաեւ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու Հայաստանի Հանրապետության նախագահի նախաձեռնությունը, որն, ինչպես գիտեք, ընթացք չունեցավ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման պատճառով», - ասաց Գարեգին երկրորդը:

Հայաստանի նախագահը հյուրընկալեց Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին

Երկուշաբթի օրը ավելի ուշ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել միջկրոնական համաձայնության դերն ամբողջ աշխարհում, կարեւորել տարածաշրջանում հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորումը եւ համոզմունք հայտնել, որ կրոնական առաջնորդները կարող են շատ մեծ դեր
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
ունենալ այդ գործում:

Նախագահը ողջունել է Գարեգին երկրորդ կաթողիկոսի եւ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի ջանքերը՝ ուղղված երկխոսության միջոցով հակամարտության լուծմանն աջակցելուն:

Կովկասի մահմեդականների վարչության նախագահը նշել է, որ ցանկացած քայլ դեպի խաղաղություն իրենց՝ կրոնական գործիչներին, շատ ուրախացնում է: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը, ինչին երկու երկրների հոգեւոր առաջնորդները պատրաստ են սատարել: Նա շեշտել է, որ Ադրբեջանի նախագահի հետ իր զրույցներում եւս բազմիցս նշել է, որ պատերազմը հարցի լուծում լինել չի կարող։

Կիրիլ առաջինը եւ Ալլահշուքյուր Փաշազադեն այսօր ավարտում են իրենց այցը Հայաստան

Թեեւ ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստը երկօրյա է, սակայն Կիրիլ առաջինը եւ Ալլահշուքյուր Փաշազադեն այսօր կմեկնեն Հայաստանից: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Փաշազադեի երեւանյան առաջին այցի օրակարգում միայն մասնակցությունն է Միջկրոնական խորհրդի նիստին: Ինչ վերաբերում է Վրաստանի հոգեւոր առաջնորդ Իլյա երկրորդի Երեւան չժամանելուն, ապա, ըստ Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի, դրա միակ պատճառն այն է, որ Վրաստանը ԱՊՀ անդամ չէ եւ այս կառույցում էլ դիտորդի կարգավիճակ ունի:



please wait

No media source currently available

0:00 0:05:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG