Մատչելիության հղումներ

Պուտինն ընդունեց նախագահ առաջադրվելու առաջարկը


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւ եւ վարչապետ Վլադիմիր Պուտին, նոյեմբեր, 2011թ.

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւ եւ վարչապետ Վլադիմիր Պուտին, նոյեմբեր, 2011թ.

Կիրակի օրը Մոսկվայում, «Լուժնիկի» մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել իշխող կուսակցության` «Եդինայա Ռոսիա»-ի համագումարը, որը վարչապետ Վլադիմիր Պուտինին դիմել է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածությունն առաջադրելու կոչով։

Համագումարից առաջ կուսակցության բարձրագույն խորհրդի եւ գլխավոր խորհրդի նախագահությունը նիստ են գումարել եւ միաձայն որոշել են կուսակցության անունից Պուտինին առաջադրել նախագահության թեկնածու։

Համագումարին մասնակցել է 11 հազար պատգամավոր։ Դիմելով նրանց` Վլադիմիր Պուտինն իր երախտագիտությունն է հայտնել առաջարկի համար։

«Բոլորին շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար։ Երախտապարտ եմ Դմիտրի Մեդվեդեւին, կուսակցության համագումարին` իմ թեկնածությունն առաջադրելու համար, եւ երախտագիտությամբ ընդունում եմ այդ առաջարկը», - ասել է Պուտինը։

Առաջարկը համագումարում հնչեցրել է անվանի կինոռեժիսոր Սերգեյ Գովորուխինը։

«Ռուսաստանին պետք է կարող, հզոր եւ խելացի առաջնորդ, ով ի զորու կլինի ոչ միայն ապահովել քաղաքացիների իրավունքները, այլեւ հիշեցնել նրանց պարտավորությունների մասին, ստիպել նրանց կատարել այդ պարտավորությունները, որոնցից ամենահիմնականը Ռուսաստանի Դաշնության օրենքների պահպանումն է»,- ասել է Գովորուխինը եւ ավելացրել.- «Մենք ունենք այդպիսի անձնավորություն` դա Վլադիմիր Պուտինն է»։

Գովորուխինի խոսքերով` 1917 թվականի փետրվարին Ռուսաստանը ստացել է աներեւակայելի ազատություններ եւ իրավունքներ ու անմիջապես կործանվել է։

«1991 թվականին ահռելի իրավունքներ եւ ազատություններ են ձեռք բերվել, սակայն ամեն ինչ ստացվել է ըստ Դոստոեւսկու, որի հերոսներից մեկը ասում էր, թե ինքը կանցնի անսահման ազատության արքայությամբ եւ կհայտնվի բացարձակ անիրավության երկրում։ Ահա դրանում էլ մենք հայտնվել ենք, եւ միայն այս դարում ենք սկսել դուրս գալ այդ խայտառակ փոսից», - հայտարարել է Ստանիսլավ Գովորուխինը։

Գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Պուտինին անվանել է «երկրի ամենաճանաչված, փորձառու եւ հաջող քաղաքական գործիչը»։

«Այսօր տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի առաջադրումը, դրանով մենք վերջնականապես եւ պաշտոնապես ընտրում ենք մեր քաղաքական ռազմավարությունը, ընդ որում` ոչ թե կարճատեւ ժամանակաշրջանի, այլ երկարատեւ հեռանկարի կտրվածքով», - ասել է Մեդվեդեւը, ով հաջորդ տարվա նախագահական ընտրություններից հետո կստանձնի վարչապետի պաշտոնը։

Մեդվեդեւը քաղաքացիներին հորդորել է այս տարվա դեկտեմբերի
4-ի խորհրդարանական ընտրություններում քվեարկել հօգուտ «Եդինայա Ռոսիա»-ի։

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում տեղի կունենան 2012-ի մարտի 4-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG