Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանատուն բացվեց Վիլնյուսում


Շաբաթ օրը Վիլնյուսում Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Աուդրոնիուս Աժուբալիսի մասնակցությամբ տեղի է ունեցել Լիտվայում Հայաստանի դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Լիտվայի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Իր ելույթում Էդվարդ Նալբանդյանը խորհրդանշական է համարել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյա տարեդարձին Վիլնյուսում Հայաստանի դեսպանության հիմնադրումը:

«Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչել է Հայաստանի անկախությունը, եւ Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը ստորագրվել է Լիտվայի հետ։ Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարի առաջին արտերկրյա այցը եղել է Լիտվա։ Լիտվան միակն է բալթյան երկրներից, որ դեսպանություն է հիմնել Հայաստանում եւ առայժմ միակն է բալթյան երկրներից, որտեղ Հայաստանը բացում է դեսպանություն», - ասել է, մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարը։ - «Մենք ունենք ինտենսիվ քաղաքական երկխոսություն։ Այս տարի մենք պատիվ ենք ունեցել Երեւանում հյուրընկալելու նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին։ Նրա այցի ժամանակ Հայաստանի նախագահը խոստացավ, որ մինչեւ տարվա վերջ Հայաստանը դեսպանություն կբացի Վիլնյուսում, եւ այժմ դա իրականություն դարձավ»։

Լիտվայի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի դեսպանության հիմնումը նոր էջ կբացի երկկողմ բարեկամական հարաբերություններում, եւ Լիտվայի իշխանություններն առավելագույնս կաջակցեն դեսպանատան գործունեությանը:

Բացման արարողությունից հետո տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Լիտվայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի հանդիպումը, որի ժամանակ, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի ընթացիկ լիտվական նախագահության շրջանակներում դեկտեմբերի 6-7-ը Վիլնյուսում կայանալիք նախարարական խորհրդի հանդիպմանն առնչվող հարցեր:

Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հաջորդ շաբաթ կայանալիք ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցելությունից ակնկալիքները:

Անցնող շաբաթվա ընթացքում Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ Հայաստանի դեսպանատների պաշտոնական բացման արարողություններ տեղի ունեցան եվրոպական եւս երեք երկրներում՝ Նիդերլանդներում, Չեխիայում եւ Դանիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG