Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 26-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Եվ այսպես, երեկ Հայ ազգային կոնգրեսը փակեց քաղաքական տարին` հայտարարելով, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա փետրվարին: Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ փետրվար-մարտին նշանակալի իրադարձություններ կարող են սպասվել Հայաստանի քաղաքական կյանքում: Ըստ ամենայնի, տարին փակած կարելի է համարել նաեւ իշխանության համար: Դեկտեմբերը երեւի թե հանդարտ կանցնի, աղմկոտ պաշտոնանկությունների շարան չի լինի: Հայաստանի քաղաքական կյանքը թերեւս «ձմռան քուն» է մտնում, իհարկե` գարնանը գերակտիվանալու աներկբա հեռանկարով, որովհետեւ գարնանը թեժ շրջան է մտնում նախընտրական մթնոլորտը: Գուցե դեռ վաղ է տարին ամփոփել, սակայն այդուհանդերձ կարելի է ասել, որ այն ընդհանուր առմամբ քաղաքական զիգզագի տարի էր»:

«Առավոտ»-ի հետ զրույցում արձագանքելով ՀԱԿ առաջնորդի` երեկվա հանրահավաքի հայտարարությանը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը պնդել է. - «Ես կարող եմ հստակ եւ առանց չափազանցության ասել, որ ընդհանրապես կոալիցիայից դուրս գալու հնարավորության կամ ՀԱԿ-ի հետ համագործակցության վերաբերյալ խոսակցություններ ԲՀԿ-ում գոնե ես չեմ լսել: Ինչ վերաբերում է ընդհանուր քաղաքական ուժերի համագործակցությանը` բնականաբար, ես պիտի ողջունեմ, եւ իրավունք չունեմ չողջունելու այնպիսի համագործակցությունը, որն ուղղված պետք է լինի մեր երկրի հաջողությանը, զարգացմանը… Որեւէ ուժի հետ համագործակցության վերաբերյալ որոշում պետք է ընդունի քաղաքական ուժի խորհուրդը, որն իմաստավորում ու գնահատում է համագործակցության բոլոր կողմերը: Այդ առումով ես հակված եմ ձեռնպահ մնալու այդ երեւույթի մեկնաբանությունից ու սպասել. մեր կուսակցությունը, այդուհանդերձ, չի կարող չանդրադառնալ այդ առաջարկություններին, խոսքերին ու մոտեցումներին»:

«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Եթե իսկապես իշխանությունը ԲՀԿ-ին վերջնականապես ծնկի բերելու օպերացիա է կազմակերպել, ուրեմն փոխկապակցված երկու խնդիր ունի. առաջին, գործող նախագահը վախենում է այդ կուսակցության պոտենցիալից ու այլ ադեկվատ ռեսուրս չունենալով` սկսում է նրա դեմ օգտագործել պետական-վարչական լծակները: Երկրորդ, ոչ այնքան ԲՀԿ-ին իր պարտությունը նախապես ընդունել տալու, որքան նրան կցորդ դարձնելու խնդիր է դրված, ինչը հնարավոր է իրականացնել միայն ընտրություններին միասնական ցուցակով մասնակցել ստիպելու ճանապարհով: Քաղաքական հավակնությունների տեսանկյունից այս ամենը հասկանալի է: Բայց սա ամբողջությամբ արդար խաղի կանոնների խախտում է թեկուզ հենց այն պատճառով, որ կոալիցիոն հուշագրում նման պայման առհասարակ չկա»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Արտագաղթի պատճառների մասին վերջերս շատ է խոսվում: Երեկվա հանրահավաքին հետեւելիս ակամայից մտածեցի, որ արտագաղթի պատճառներից մեկն էլ թերեւս ընդդիմությունն է: Այո, այո: Իր կյանքի մակարդակից եւ իշխանությունից դժգոհ մարդը հույս է կապում ընդդիմության հետ, կանգնում նրա կողքին, քվեարկում նրա օգտին, ապա, իրեն վտանգելով, գնում հանրահավաքների ու բողոքի ակցիաների: Ցրտին ու շոգին, ամռանն ու ձմռանը: Երբ իրեն կոչ են անում՝ դուրս է գալիս փողոց: Երբ ուղարկում են տուն՝ անտրտունջ հեռանում է: Եվ սպասում նոր հրահանգների: Ու այդ ամենն անում է՝ հուսալով, որ կատարվելու է Առաջնորդի խոստումը, որ ընդդիմությունն իրեն շուտով ազատելու է ատելի իշխանությունից եւ տանելու է դեպի պայծառ ապագա: Սակայն պարզվում է՝ տարիները գլորվում են, կյանքն անցնում է, եւ ոչինչ չի փոխվում: Ի՞նչ անի շարքային մարդը, երբ հիասթափված է ոչ միայն իշխանությունից, այլեւ ընդդիմությունից: Ո՞ւմ հավատա, ինչպե՞ս լուծի այդ կենսական խնդիրը՝ ոչ միայն բարեկեցիկ ու ապահով երկրում ապրելու, այլեւ հույսն ու հավատը չկորցնելու»:

Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը զրուցել է «Հայոց Աշխարհ»-ի հետ: Լրագրողը հարցնում է. - « Վտանգ չե՞ք տեսնում, որ Moody’s-ի բացասական վարկանիշը հաշվի առնելով` դոնոր կազմակերպություններն ավելի զգուշավոր կլինեն մեզ երկարաժամկետ արտոնյալ վարկեր տրամադրելու հարցում, եւ կարող ենք բյուջեի դեֆիցիտը լրացնելու հետ կապված խնդիրներ ունենալ»։ Պատասխան. - «Չկա՛ այդպիսի վտանգ։ Մեր բոլոր վարկային համաձայնագրերը առ այսօր իրականացվում են, առաջիկա արտահերթ նիստի օրակարգում ունենք եւս մեկ վարկային համաձայնագիր ոռոգման համակարգի բարելավման համար։ Պետք է հաշվի առնել շատ կարեւոր եւս մի հանգամանք. վարկերը, որ ստացել ենք ճգնաժամային շրջանում տնտեսությունը կայունացնելու եւ խրախուսելու համար, կառավարության կողմից վերավարկավորվել են` տրամադրվել են մասնավոր ընկերություններին, եւ արտաքին պարտքի մի որոշակի հատված փակվելու է բնականաբար ոչ թե բյուջեի հաշվին, այլ այն կազմակերպությունների, որոնք ստացել են այդ վարկերը։ Այնպես որ, ֆորմալ առումով մեր արտաքին պարտքի բեռը` վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը, կարող է բարձր թվալ, քան կա իրականում»։
please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG