Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի կարծիքով, ՀԱԿ-ը պետք է պատրաստ լինի համագործակցել ԲՀԿ-ի հետ


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը ուրբաթ օրվա հանրահավաքում խոսեց իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցելու նպատակահարմարությունից:

«Եթե պարզվի, որ «Բարգավաճ Հայաստանն» անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, Հայ ազգային կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները», - հայտարարեց Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, - «Այդ համագործակցությունը կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կհստակեցվեն քննարկումների ընթացքում` բացառելով միայն միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու տարբերակը»:

Հնարավոր շահարկումները կանխելու նպատակով նա հարկ համարեց ավելացնել, որ «սա ոչ թե Բարգավաճ Հայաստանին ուղղված համագործակցության առաջարկ է, այլ ընդամենը քաղաքագիտական վերլուծություն կամ խորհելու նյութ ու ընդգծեց, որ Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի միջեւ մինչ այժմ որեւէ շփում կամ նախնական քննարկում տեղի չի ունեցել»։

Վերլուծելով Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը, Կոնգրեսի առաջնորդը եզրակացրեց, որ Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ հակամարտությունն «արդեն կայացած փաստ է»։

«Ի դեմս Բարգավաճի, ըստ էության, ուրվագծվում է քաղաքական շրջանակներում վաղուց ակնկալված Երրորդ ուժի ձեւավորումը, ինչը, սակայն, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ առաջնորդի խոսքով, եթե նույնիսկ ԲՀԿ-ն հերթական անգամ ընկրկի ու հարկադրված լինի առերես վերահաստատել իր հավատարմությունը կոալիցիոն հուշագրին, միեւնույն է, դա չի նշանակում, որ ինչ-որ պահի կրկին չի հրաժարվի դրանից, թեեւ, դա կարող է բացասաբար անդրադառնալ ԲՀԿ-ի վարկանիշի վրա։ Իսկ այդ վարկանիշը, ըստ Տեր-Պետրոսյանի, պարզապես զրոյի կհավասարվի, եթե` «Բարգավաճ Հայաստանը հստակորեն չսահմանազատվի Ռոբերտ Քոչարյանից եւ այդպիսով չխուսափի 2008թ. մարտի 1-ին վերջինիս թափած արյան պատասխանատվության տակ ընկնելու վտանգից»։

Տեր-Պետրոսյանը «նվաստացում» եւ կամ «ինքնաոչնչացման ճանապարհ» համարեց ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու` «Բարգավաճ Հայաստանի» հնարավոր քայլը, կանխատեսելով, որ ԲՀԿ-ն «իր դեմքն իսպառ կկորցնի, խաչ կքաշի արժանապատիվ քաղաքական գործոն լինելու իր բոլոր հավակնությունների վրա»:

«Հավատացած եմ, որ Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստանի» համագործակցությունն ի զորու է արմատապես փոխել քաղաքական ուժերի դասավորությունը եւ լուրջ երաշխիք դառնալ թե՛ սահմանադրական կարգի վերականգնման, եւ թե՛ ժողովրդի շահերից բխող անհրաժեշտ բարեփոխումների իրականացման համար։ Այն միաժամանակ հիմք կարող է հանդիսանալ ընդդիմադիր ուժերի ավելի լայն ճակատի ձեւավորման համա», - հայտարարեց ՀԱԿ-ի առաջնորդը` հավելելով. - «Շահարկման մի այլ առիթ կարող է դառնալ եւ արդեն իսկ դարձել է այն, որ Կոնգրեսը, թեկուզ տեսականորեն, հնարավոր դիտի համագործակցել մի ուժի հետ, որին մինչ այդ ավազակապետության կամ քրեաօլիգարխիկ համակարգի բաղկացուցիչ մաս է համարել։ Մեր երկրի գլխավոր չարիքը ոչ թե գործարարները կամ օլիգարխներն են, այլ վերից վար կոռումպացված իշխանական համակարգը։ Գործարարությունը կամ օլիգարխիան ընդամենն այդ համակարգի ածանցյալն են, կցորդը եւ սպասարկուն»:

Անդրադառնալով Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ թեկնածուի հաղթանակի առնչությամբ շրջանառվող այն լուրերին, որ Դաշնակցության, «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի տեղի կառույցներն աջակցել են «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին, ՀԱԿ առաջնորդը հայտարարեց, որ Կոնգրեսի ղեկավար մարմիններն այդ ընտրությունների հետ կապված որեւէ որոշում չեն կայացրել: Իսկ եթե տարբեր ընդդիմադիր ուժերի, այդ թվում Կոնգրեսի տեղի կառույցների կողմից իսկապես այդպիսի աջակցություն ցուցաբերվել է` «ապա դա կարելի է միայն ողջունել, որովհետեւ ռեժիմի դեմ անհավասար պայքարում հաջողության հասնելու համար, իմ կարծիքով, ցանկացած ընտրություններում, սեփական թեկնածու չունենալու պարագայում, երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ընդդիմադիր ուժերը, որպես սկզբունք, պետք է աջակցեն իշխանական թեկնածուի մրցակցին, անկախ վերջինիս կուսակցական պատկանելությունից»։

Իջեւանի քաղաքապետի ընտրությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը համարեց իշխող կոալիցիայի ներսում ծագած լուրջ տարաձայնություների, մասնավորապես Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» բացահայտ հակասությունների դրսեւորում, համոզմունք հայտնելով, որ «նշված հակասություններն սպառնում են խարխլել ռեժիմի հիմքերը եւ երկրում բոլորովին նոր իրավիճակ ստեղծել՝ արմատապես փոխելով քաղաքական ուժերի դասավորությունը եւ հող նախապատրաստելով ընդդիմադիր դաշտի ընդլայնման համար»։

Սերժ Սարգսյանի նախաձեռնած կադրային փոփոխությունների մասին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ դրանք իշխանության թուլացման դրսեւորումն են:

«Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ առանց բացառության բոլոր դեպքերում հրաժարականները եղել են ոչ թե ինքնակամ, այլ հարկադրական, այն էլ՝ ոչ թե գաղափարական կամ քաղաքական, այլ բացառապես ուրիշ նկատառումներով։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ նաեւ, որ հարկադրանքը բխել է երկրի գործող նախագահից: Եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը թույլ չլիներ եւ ավելի թուլանալու վտանգ չզգար, նա բոլորովին կարիք չէր ունենա ընտրությունների նախօրյակին այսպիսի ցնցումների գնալու», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

ՀԱԿ-ի առաջնորդը վերահաստատեց արտահերթ ընտրությունների նպատակին հասնելու համար նույն համառությամբ պայքարելու ՀԱԿ-ի պատրաստակամությունը` միաժամանակ ընդգծելով, որ «եթե հակառակ իրենց թափած բոլոր ջանքերին արտահերթ ընտրություններ այդպես էլ տեղի չունենան, ապա ՀԱԿ-ը, որպես ինստիտուցիոնալ քաղաքական ուժ, իրավունք չունի «չմասնակցել հերթական ընտրություններին»:

Հանրահավաքում նաեւ հրապարակվեց եւ հավաքվածների կողմից միաձայն ընդունվեց Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը:

Վկայակոչելով Սահմանադրության 57-րդ հոդվածը` հռչակագիրը 9 կետերով շարադրում է վարչապետի եւ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի այն չարաշահումները, որոնք հանգեցրել են «սահմանադրական կարգի խաթարմանն» ու նրա կողմից «իշխանության յուրացմանը»:

«Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի բուն փաստաթուղթը, որի ծավալը կկազմի մի քանի տասնակ էջեր, կմշակվի այս հռչակագրի հիման վրա, եւ դրան կտրվի Սահմանադրությամբ նախատեսված ընթացք: Այդ գործընթացը կզուգորդվի համապատասխան զանգվածային միջոցառումներով» ,- հանրահավաքում հայտարարեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը նշանակվեց փետրվար ամսին` նկատի ունենալով ձմռանը հատուկ դժվարությունները: Լեւոն Տեր Պետրոսյանը, սակայն, չբացառեց, որ կարող են լինել անսպասելի իրադարձություններ եւ հաջորդ հանրահավաքը տեղի ունենա ավելի վաղ:

Մինչ այդ` դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՀԱԿ-ը կանցկացնի «համաժողովրդական երթ»:
please wait

No media source currently available

0:00 0:08:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG