Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունները` արտաքին քաղաքական առաջնահերթություններ


Հայաստանյան քաղաքական ուժերը ներկայացնում են Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների իրենց մոտեցումները, 25 նոյեմբեր, 2011

Հայաստանյան քաղաքական ուժերը ներկայացնում են Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների իրենց մոտեցումները, 25 նոյեմբեր, 2011

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ուրբաթ օրը քաղաքական ուժերի մասնակցությամբ կայացած քննարկման ժամանակ կարծիք հայտնեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հարցում հայաստանյան քաղաքական ուժերի մոտեցումներն այնքան էլ նույնական չեն:

Սաֆարյանը միեւնույն ժամանակ ասաց, որ իրենց դիրքորոշումները առավելապես համընկնում են Հայ հեղափոխական դաշնակցության դիրքորոշումներին: Ստյոպա Սաֆարյանը, մասնավորապես հիշեցրեց, որ հայ-թուրքական արձանագրություններին դեմ են արտահայտվել միայն «Ժառանգություն»-ը եւ ՀՅԴ-ն: Նա ասաց` «Ժառանգության» դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում չի փոխվել:

«Որքան էլ փորձեն զուտ քարոզչական եւ այլ հնարքներ բանեցնել, միեւնույն է այդ արձանագրությունները առնվազն ճանապարհ են բացում թուրքական հայտնի նախապայմանների բավարարման համար, եթե չասենք, որ ուղղակիորեն արտացոլում են այս նախապայմանները», - ասաց Սաֆարյանը:

«Ժառանգության» ներկայացուցիչը վերահաստատեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կուսակցության մոտեցումը, այն է` Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

«Արդեն իսկ տեսանելի է, որ այսպես գնալու դեպքում կամ Մադրիդյան առաջարկների հիմքի վրա պիտի ինչ-որ բան մոգոնվի, կամ ուղղակի այս խնդիրը պետք է շարունակվի», - ասաց Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է կուսակցության արտաքին քաղաքական օրակարգի այլ հարցերին, ապա Ստյոպա Սաֆարյանի խոսքով` «Ժառանգությունը» որպես գերակա հարց է համարում նաեւ անդամակցությունը Եվրամիությանը: Կուսակցությունը, սակայն, դեմ է Եվրասիական միությանը` ասելով, որ եթե Հայաստանը ցանկանում է խորանալ եվրաինտեգրման գործընթացներում, ապա Եվրասիական միությունը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ այդ ճանապարհին:

ՀՅԴ-ի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, գտնում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի վերաբնակեցմանը մեծ թափ տալուն պետք չէ մեծ արդյունքներ ակնկալել: Ըստ բանախոսի, բանակցություններին զուգահեռ պետք է նաեւ տանել Լեռնային Ղարաբաղի ճանաչմանն ուղղված աշխատանք: Մանոյանն ասաց` Ռուսաստանի հետ Հայաստանի պահվածքը պետք է լինի իրավահավասար, արեւմուտքի հետ էլ հարաբերությունները պետք է սերտացվեն, սակայն ՀՅԴ-ն Եվրամիությանն անդամակցելու հարց իր արտաքին քաղաքական օրակարգում չունի:

«Եվրամիությունը այնքան է փոխվում, որ վստահ չեմ, որ այն օրը, որ մենք պատրաստ լինենք, պիտի ուզեինք Եվրամիության անդամ դառնալ, թե` ոչ: Բայց ամեն դեպքում եվրոպական չափանիշներին հասցնել մեր երկրի եւ ներքին զարգացումը բոլոր բնագավառներում, եւ ընդհանուր արտաքին քաղաքականությունը` որպես կարեւոր ուղղություններից մեկը, եւս առաջնահերթություն է», - ասաց Մանոյանը` հավելելով, որ Եվրասիական միության մասին խոսելն էլ դեռ վաղ է:

Հայ ազգային կոնգրեսը եւս համարում է, որ Հայաստանի համար արտաքին քաղաքական առաջնահերթություններից են Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերը: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական այլ ուղղություններին, ապա ՀԱԿ արտաքին հարաբերությունների համակարգող Վլադիմիր Կարապետյանի խոսքով, ՀԱԿ-ը հավատարիմ է միջազգային կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունների կատարմանը:

«Մենք նաեւ զարգացնելու ենք սերտ համագործակցություն Ռուսաստանի Դաշնության հետ, նաեւ կլինենք վստահելի, կանխատեսելի գործընկեր բոլոր հարեւանների համար», - հայտարարեց Կարապետյանը:

Ըստ իշխող Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Արտակ Զաքարյանի` Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր միտված է խաղաղության պահպանմանը, ներքին խնդիրների լուծման եւ հայտարարված բարեփոխումների համար արտաքին ռեսուրսների ներգրավմանը, երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններում փոխադարձ շահերի վրա կառուցված հարաբերությունների ամրապնդմանը: Ինչ վերաբերում է Եվրամիության կամ Եվրասիական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն կամ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ ընտրություն կատարելուն, ապա Հանրապետական պատգամավորի խոսքով` դրանք հակադրել չի կարելի:

«Ընդհանրապես Հայաստանի արտաքին քաղաքականությունը երբեք կառուցված չի եղել հակադիր վեկտորների, հակասությունների կամ արհեստական հակադրությունների հիման վրա, ընդհակառակը` դրանք միշտ համադրվել են», - ասաց Զաքարյանը:

Արտակ Զաքարյանը կարծում է, որ Հայաստանը այս պահին արտաքին քաղաքական ասպարեզում կուրսի փոփոխության անհրաժեշտություն չունի:
XS
SM
MD
LG