Մատչելիության հղումներ

Մինասյանը ավելի շատ ժամանակ կհատկացնի ֆուտբոլի ազգային հավաքականին


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզումները:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզումները:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հեռանում է «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից` որպեսզի ավելի շատ ժամանակ հատկացնի ազգային հավաքականին:

«Հիմա հավաքականի խնդիրները ավելի են շատացել, այսինքն` պահանջներն են շատացել», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց Վարդան Մինասյանը, նշելով, որ այսպիսով ինքը ժամանակ կունենա ավելի մոտիկից հետեւելու Հայաստանի հավաքականի այն ֆուտբոլիստներին, ովքեր խաղում են օտարերկրյա ակումբներում, զբաղվել «նոր անուններ» հայտնաբերելով: Նա հավելեց, որ զբաղվելու է Հայաստանի ազգային հավաքականի բոլոր տարիքային խմբերի աշխատանքը համակարգելով եւ իր ծանրաբեռնվածությունը ամենայն հավանականությամբ ոչ միայն չի թեթեւանա, այլեւ գուցե ավելի ծանրաբեռնված լինի:

Ինչ վերաբերում է «Փյունիկին», արդեն հաջորդ մրցաշարից Վարդան Միանսյանը կլինի ակումբի տեխնիկական տնօրենը, իսկ «Փյունիկը» կգլխավորի մարզիչ Սուրեն Չախալյանը:

«Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանի խոսքով էլ, այս որոշման հիմքում նաեւ այլ հայ մարզիչներին աճելու հնարավորություն տալու ցանկությունն է:

«Կարելի է ասել, որ «Փյունիկը» ոչ թե միայն ֆուտբոլիստների շատ լավ դպրոց ունի, որը որ ցույց է տալիս վերջին տարիներին, այլ նաեւ մարզչական: Ժամանակն է տալ հնարավորություն, որպեսզի այդ մարզիչները աճեն, ավելի առաջ գնան», - նշեց Կարեն Հարությունյանը:

«Ավելի դժվար է լինելու»


Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Վարդան Մինասյանը գնահատեց աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հնարավորությունները: Ասաց` ավելի ուժեղ խմբում ենք, քան Եվրոպայի առաջնության ընտրական փուլում:

«Ես 3 թիմ եմ վերցնում` Իտալիա, Չեխիա, Դանիա: Երեքն էլ շատ երիտասարդ թիմեր են ու մեծ փոփոխություններ են եղել իրենց կազմում: Եվրոպայի այս առաջնությանը երեքն էլ մասնակցելու են ու իրենց մոտ հաստատ ահագին մեծ փորձի կուտակում է լինելու ու աշխարհի առաջնության ընտրական փուլին ավելի փորձառու թիմեր են լինելու», - ասաց Հայաստանի հավաքականի մարզիչը: - «Ավելի դժվար է լինելու այս խումբը` միանշանակ կարող եմ ասել»:

Հայաստանի հավաքականի մարզիչը համաձայն չէ այն քննադատության հետ որ ուղղված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային վերջին որոշման հետ կապված: Հիշեցնենք, ֆեդերացիան արգելեց հայաստանյան թիմերին օտարազգի դարպասապահների հրավիրել: Վարդան Մինասյանի կարծիքով այս որոշման արդյունքում ընդամենը մի քանի տարում կունենանք լավ հայ դարպասապահներ, ովքեր կկարողանան փախարինել մեր հավաքականի վետերան Ռոման Բերեզովսկուն:

«Հնարավոր է, որ սկիզբը լավ չլինի, բայց հետագայի մասին ենք մտածում: Կոնկրետ հիմա մենք ունենք դարպասապահի խնդիր ու այդ հարցը ինչ-որ ձեւի պետք է լուծում ստանա ու հիմա այս ձեւը ընտրվեց», - նշեց Մինասյանը:

Հայաստանի հավաքականի մարզիչը չցանկացավ իր թիմից առանձնացել որեւէ ֆուտբոլիստի որպես տարվա բացահայտում կամ լավագույն խաղացող, ասաց` իր համար կա թիմ եւ նույնիսկ չի մասնակցել «տարվա լավագույն ֆուտբոլիստ» հարցմանը: Ինչ վերաբերում է հավաքականի տարվա ձեռքբերմանը, Վարդան Մինասյանը ասաց. - «Նույնիսկ պարտված խաղերը իրենք լավ են խաղացել, իսկ դա արդեն հույս է տալիս մեծ: Այն, ինչ այս տարի, անցած տարի արեց ազգային հավաքականը, սա այդ գլխավոր ձեռքբերումն է: Մենակ ժողովրդի այդ ուրախությունը` դա է ամենամեծ ձեռքբերումը»:

Հարցին, թե կարող է վստահեցնել, որ որակյալ ֆուտբոլ դիտելու առումով հայ երկրպագուները չեն հիասթափվի, Վարդան Միանասյանը կարճ պատասխանեց` հուսանք արտառոց ոչինչ չի պատահի:

please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG