Մատչելիության հղումներ

logo-print
2012 թվականին Հայաստանում կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները:

Ի թիվս ռազմատեխնիկական համագործակցության խորացմանը միտված 15 այլ միջոցառումների, այդ վարժանքները նախատեսված են Հայաստանի Անվտանգութան խորհրդի եւ ՀԱՊԿ-ի միջեւ այսօր Երեւանում ստորագրված փաստաթղթով:

«Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ծրագիր» կոչվող այդ փաստաթուղթը, ստորագրված Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից, նպատակ ունի, ինչպես նշեց Արթուր Բաղդասարյանը ստորագրմանը հաջորդած ասուլիսի ժամանակ, ՀԱՊԿ-ի շրջանակներում է'լ ավելի բարձրացնել Հայաստանի անվտանգության մակարդակը:

Բաղդասարյանը նաեւ մանրամասնեց, թե հատկապես որ ոլորտներին են առնչվելու համագործակցության ծրագրով նախատեսված համատեղ միջոցառումները. - «Սկսած ռազմատեխնիկական համագործակցությունից մինչեւ տեղեկատվական անվտանգություն: Մենք չափազանց կարեւոր ենք համարում 2012 թվականին Հայաստանի տարածքում անցկացվող Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների զորավարժությունները»:

Նիկոլայ Բորդյուժայի խոսքով, Հայաստանի եւ ՀԱՊԿ-ի միջեւ այսօր ստորագրված փաստաթղթում գերակշռում են Հայաստանին հետաքրքրող հարցերը:

Փաստաթղթը, ըստ Բորդյուժայի, մասնավորապես, ներառում է ռազմատնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Դրանց շրջանակում նախատեսվում է ստեղծել ռազմատեխնիկական ոլորտի սպասարկման համատեղ ձեռնարկություններ. - «Ծրագիրը նախատեսում է նաեւ մի շարք այնպիսի համատեղ միջոցառումների իրականացում, որոնք մեզ հնարավորություն կտան առավել արդյունավետ օգտագործել ՀԱՊԿ-ի պոտենցիալը` Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե նախատեսվում է արդյոք այդ փաստաթղթով Հայաստանի զինված ուժերի համալրում ռուսաստանյան նորագույն զինատեսակներով, Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ գրեթե ավարտվել են Արագ արձագանքման համատեղ ուժերի զինման ծրագրով նախատեսված աշխատանքները:

«Այդ ծրագիրն արդեն ՀԱՊԿ-ի` դեկտեմբերի 20-ին կայանալիք հերթական նստաշրջանի ժամանակ կառաջադրվի անդամ երկրների նախագահների հաստատմանը: Իսկ դրանով նախատեսված է համատեղ ուժերում ընդգրկված կոնտինգենտների` այդ թվում հայաստանյան ստորաբաժանումների հագեցումը ժամանակակից զինատեսակներով», - ասաց Բորդյուժան:

«Ի հավելումն դրա, պետք է ասեմ, որ Հայաստանում որոշ զինատեսակների սպասարկման, վերանորոգման եւ կատարելագործման նպատակով մի շարք ռուսաստանյան կենտրոնների կամ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը նույնպես ներդրում է Հայաստանի զինված ուժերը զենքի ժամանակակից տեսակներով ապահովելու գործում», - ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին ամփոփեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա` ստորագրված 1992 թվականի մայիսի 15-ին: ՀԱՊԿ-ի անդամ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ռուսաստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG