Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն պատասխանեց ՀԱԿ-ին եւ «Ժառանգության»-ը


Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով
Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանով
Նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության խոսնակը «ծիծաղելի» եւ «անհեթեթ» է համարում Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելու` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունները:

Անդրադառնալով, մասնավորապես, այսօրվա հանրահավաքում ՀԱԿ-ի կողմից երկրի ղեկավարի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագրի հրապարակմանը` Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ այստեղ որեւէ նոր բան չկա, «արդեն 4 տարի է ՀԱԿ-ի իրենց գործընկերները խոսում են Սերժ Սարգսյանի պաշտոնանակության մասին»:

«Արդեն 4 տարի է ՀԱԿ-ի մեր գործընկերները քննադատում են, իմպիչմենտներ են ներկայացնում, հրաժարականներ են ասում, «հիմա, հիմա» են անում… եւ ես կարծում եմ, որ ինչպես ՀԱԿ-ի շատ կանխատեսումներ չիրականացան, այդ թվում նաեւ արտահերթ ընտրությունների հետ կապված, սրանք էլ կմնան հռչակագրային տեսքով, եւ սա քաղաքական ընդդիմության սովորական քաղաքական հնարք է, որը չունի ամբիոն պառլամենտում եւ պետք է միտինգների միջոցով աշխատի իր ընտրողներին ավելի ակտիվ պահել», - ասաց Շարմազանովը:

«Կարծում եմ այն մարդիկ, ովքեր պատրաստում են այդ իրավաքաղաքական հիմքերը, նրանք էլ շատ լավ գիտակցում են, որ դա ավելի շատ քաղաքական ֆարս է», - շարունակեց ՀՀԿ-ի խոսնակը:

Չնայած այն հանգամանքին, որ աշխարհի տարբեր երկրներում տնտեսական ճգնաժամի ու սոցիալական լուրջ լարվածության պատճառով կառավարությունները հրաժարականներ են տալիս` իրենց տեղը զիջելով օպոնենտներին, իշխող Հանրապետականի խոսնակը բացառում է, թե նման արտահերթ զարգացումներ կարող են տեղի ունենալ նաեւ Հայաստանում:

«Որովհետեւ Հայաստանի իշխանությունները գնում են համակարգային բարեփոխումների, եւ 2012-ի բյուջեն ցույց է տալիս, որ մենք գնում ենք դեպի զարգացում: Ի տարբերություն եվրոպական երկրների` Լատվիայի, Հունաստանի, որտեղ կրճատվեցին բյուջետային ծախսերը, կենսաթոշակները կրճատվեցին, սոցիալական ծրագրերի 50 տոկոսից ավելին կրճատվեցին, Հայաստանում ոչ միայն որեւէ սոցիալական ծրագիր չկրճատվեց, ավելին, շուրջ 10 տոկոսով ավելանում է սոցիալական նպաստները 100 հազար հոգու համար, նաեւ 10 տոկոսով ավելանալու են կենսաթոշակները», - ասաց Շարմազանովը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ո՞րն է այս պարագայում հայկական «գաղտնիքը», Շարմազանովը պատասխանեց. - «Չեմ կարծում այստեղ որեւէ գաղտնիք կա, ես կարծում եմ` բոլոր խնդիրներով հանդերձ մեր հասարակությունը վստահում է այս իշխանություններին, որոնք գործում են ոչ թե ուտոպիայի, այլ ռեալպոլիտիկի դաշտից»:

Այսօր իշխող Հանրապետական կուսակցությունը արձագանքել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի` Սերժ Սարգսյանին ուղղված նամակին: «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր-նախագահը Սերժ Սարգսյանին հորդորել էր իրականացնել 15 կետից բաղկացած քայլեր, որոնք կապահովեն ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանը, մասնավորապես, երկրի նախագահին կոչ էր արել բացառել իր կուսակցական գործունեությունը նախագահի նստավայրում, քաղաքապետարաններից, գյուղապետարաններից հանել իր ղեկավարած կուսակցության գրասենյակները, բացառել վարչական ռեսուրսի օգտագործումը, չքաղաքականացնել եկեղեցին եւ այլն:

Հանրապետական կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի նամակում հնչեցված հայտարարությունները որակում է իբրեւ «պոպուլիստական կարգախոսներ»: Այսօր տարածած հայտարարության մեջ Հանրապետական կուսակցության խոսնակը նշում է, որ «հռչակագրային բնույթի հայտարարությունները կամ պոպուլիստական կարգախոսները չպետք է փաստացի իրացվող քաղաքական կամքը կասկածի տակ դնելու գործիք ծառայեն»:

«Ազատություն» ռադիոկայանի հիշեցմանը, որ նամակում «Ժառանգության» առաջնորդը ասել էր, թե Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում չպետք է կուսակցական գործունեությամբ զբաղվի, Շարմազանովը արձագանքեց. - «Նախ «պետք է-չպետք է»-ն ոչ թե պարոն Րաֆֆի Հովհաննիսյանն է որոշում, այլ ՀՀ Սահմանադրությունը եւ օրենսդրությունը: Եթե ուշադիր հետեւենք նախագահի եւ Հանրապետական կուսակցության գործունեությանը, ապա կտեսնենք, որ կուսակցության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի գործունեությունը Հայաստանի սահմանադրությանը եւ օրենսդրությանը համապատասխան են: Մնացած բոլոր հայտարարությունները ես դիտարկում եմ որպես ընտրություններին ընդառաջ պոպուլիստական հայտարարություններ»:

Րաֆֆի Հովհաննիսյանի` վարչական ռեսուրսը ընտրություններին ընդառաջ չօգտագործելու պահանջի վերաբերյալ Շարմազանովն ասաց. - «Եթե դուք սուբյեկտիվ գնահատականներ եք տալիս, թե վաղը կամ մյուս օրը ինչ կարող է լինի, մենք էլ կարող ենք բազմաթիվ սուբյեկտիվ գնահատականներ տալ: Հանրապետական կուսակցությունը ասել եւ ասում է, եւ դուք էլ գործով կտեսնեք, որ ամենաշահագրգռվածն է, որպեսզի մեր երկրում ժողովրդական պրոցեսների` ոչ թե խոսքով, այլ հստակ պրակտիկայում շարունակականությունը ապահովվի: Մենք էլ անելու ենք ամեն ինչ մեր պարտնյորների հետ, որպեսզի ունենանք դրական իմաստով աննախադեպ ընտրություններ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե ակնկալում է, որ անձամբ նախագահը կպատասխանի իր նամակին:

«Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել էր Հանրապետական կուսակցության նախագահին, եւ սա իմ անձնական կարծիքը չէ, սա կուսակցության պաշտոնական տեսակետն է այս հարցի շուրջ: Բնականաբար, կուսակցության տեսակետը չի կարող տարբերվել կուսակցության նախագահի կարծիքից», - ասաց Շարմազանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG