Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հանրահավաքում Սերժ Սարգսյանի մասին հռչակագիր կհրապարակի


ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում: 5-ը հոկտեմբերի, 2011 թ.:

ՀԱԿ-ի հանրահավաքը Ազատության հրապարակում: 5-ը հոկտեմբերի, 2011 թ.:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը պարզաբանեց` քանի որ Հայաստանի Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն, «Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար», ապա ընդդիմադիր ՀԱԿ-ը իր այսօրվա հանրահավաքում հրապարակելու է «կատարված այն հանցագործությունները», որոնք կարող են Հայաստանի գործող նախագահին իմփիչմենթ հայտարարելու հիմք հանդիսանալ:

«Սահմանադրական հասկացությունը ծանր հանցագործության անպայման չէ, որ համընկնում է Քրեական օրենսգրքի հասկացության հետ: Սահմանադրության կոպիտ խախումները` պաշտոնեական դիրքի չարաշահումը, արդարադատության խոչընդոտումը, դրանք լուրջ հիմքեր են, որոնց համար ցանկացած երկրում, որտեղ գոյություն ունի սահմանադրական կարգ, նախագահը պետք է ենթարկվի պաշտոնանկության: Եվ մենք ներկայացնելու ենք այն ծանր հանցագործությունները, որ Սերժ Սարգսյանը կատարել է», - նշեց Զուրաբյանը:

Ըստ Սահմանադրության, երկրի նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը կարող է կայացնել Ազգային ժողովը՝ «պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` Սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա»:

Հարցին, թե հույսեր են կապում գործո՞ղ, թե՞ ապագա խորհրդարանի հետ, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. - «Մենք կարծում եք, որ երբ մեզ հաջողվի երկրում ստեղծել մի իրավիճակ, երբ ժողովուրդը զանգվածաբար լինելու է փողոցներում, մենք կարող ենք նաեւ գործող Ազգային ժողովին պարտադրել հաշվի նստել սահմանադրական պահանջների հետ եւ պաշտոնանկություն անել: Իսկ եթե դա չհաջողվի ինչ-ինչ պատճառներով, մենք միեւնույն է հերթական ընտրությունները օգտագործելու ենք որպես Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվե: Եվ խնդիրն է լինելու` ստեղծել մի այնպիսի ծանրակշիռ մեծամասնություն Ազգային ժողովում, որը թույլ կտա դնել Սերժ Սարգսյանի հեռացման հարցը»:

Լեւոն Զուրաբյանը «հիմքեր չի տեսնում», որ այսօրվա հանրահավաքը կարող է վերածվել նստացույցի:

Ի դեպ, ՀԱԿ-ն ահազանգում է, որ այսօր եւս մի շարք մարզերում արգելվել է տրանսպորտի մուտքը Երեւան:

Հարցին, թե արդյոք դա վկակում է, որ Վլադիմիր Գասպարյանի` երկրի ոստիկանապետի պաշտոնում նշանակմամբ հանրահավաքները չխոչընդոտելու առումով ոչինչ չի փոխվել, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլ ավելի խիստ են դարձել ապօրինությունները»:

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հավելեց,. - «Թալինում երեկվանից արդեն տաքսիների մեքենաների համարներն են հավաքել, իսկ առավոտվանից արդեն Էջմիածնում, Գյումրիում, Եղվարդում ամբողջ Երեւան եկող տրանսպորտը հանվել է գծերից, եւ այդ ամենը անընդհատ հսկողության տակ է ոստիկանության կողմից… Նախկինում եթե գործ ունեինքն ոստիկանական բլոկ-պոստերի հետ, ապա հիմա բացի դրանցից տեղում հայտնվել են ոստիկանական խմբեր»:

Ոստիկանությունը, սակայն, պաշտոնապես հերքում է մարզերից Երեւան եկող տրանսպորտի մուտքը խոչընդոտելու մասին պնդումները: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեցին, որ հանրապետությունում որեւէ ճանապարհ փակ չէ` եթե դա պայմանավորված չէ երեկվա տեղումներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG