Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահի ընտրությունները` մարտի 4-ին


Ռուսաստան - Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական շտաբում, հոկտեմբեր, 2011թ.
Ռուսաստան - Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական շտաբում, հոկտեմբեր, 2011թ.
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը` Դաշնության խորհուրդը ուրբաթ օրը նշանակեց հաջորդ նախագահական ընտրությունների օրը` 2012 թվականի մարտի 4-ին։ Ընդ որում, այդ օրը առաջին անգամ պատմության մեջ ռուսաստանցիները երկրի նախագահ կընտրեն ոչ թե չորս, այլ` վեց տարի ժամկետով։

Ակնկալվում է, որ որոշումը երեկոյան կհրապարակվի կառավարության թերթում, ինչից հետո արդեն կուսակցությունները կարող են առաջադրել սեփական թեկնածուներին ու քարոզարշավ սկսել։

Հաղորդվում է, որ իշխող «Եդինայա Ռոսիա»-ն երկու օր անց լայնամասշտաբ` 11 հազար անդամներով, համագումար է անցկացնելու Մոսկվայում, որտեղ էլ հենց ակնկալվում է, որ պաշտոնապես կառաջադրի վարչապետ, նախկին նախագահ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը։

Հաջողության հասնելու դեպքում, ինչին այսօր փորձագետներից քչերն են կասկածում, «Պուտինը կարող է երկու անգամ անընդմեջ ստանձնել նախագահի պաշտոնը, ինչը նշանակում է, որ նա կարող է իշխանության ղեկին մնալ մինչեւ 2024 թվականը, երբ կդառնա արդեն 72 տարեկան եւ կլինի Կրեմլի ամենաերկարակյաց առաջնորդը բռնապետ Ստալինից հետո», - փաստում է «Ֆրանսպրես»-ը։

Մինչ այդ, սակայն, Պուտինն ու նրա ղեկավարած «Եդինայա Ռոսիա»-ն պետք է հաղթանակ տանեն խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի կունենան մոտ տասն օր անց։ Սոցիոլոգիական վերջին հարցումները փաստում են, որ չնայած իշխող կուսակցության ինտենսիվ քարոզարշավին` Պուտինի եւ «Եդինայա Ռոսիա»-ի վարկանիշը ավելանալու փոխարեն նվազում է։

«Լեւադա» կենտրոնի` այսօր հրապարակած տվյալների համաձայն, մասնավորապես, իշխող կուսակցությունը առաջիկա ընտրություններում կարող է կորցնել խորհրդարանում ունեցած 315 մանդատներից ավելի քան 60-ը։

Ընտրությունների նախաշեմին կատարված հարցումները ցույց են տալիս, որ այժմ Պուտինի առաջնորդած կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ռուսաստանցիների 53 տոկոսը, այն դեպքում, երբ նախորդ ընտրություններում այդ ցուցանիշը հասնում էր 66-ի։

էականորեն նվազել է նաեւ վարչապետ, նախագահի հավակնորդ Վլադիմիր Պուտինի վարկանիշը. «Լեւադա»-ի համաձայն` եթե երկու տարի առաջ նրան վստահում էր ռուսաստանցիների 70 տոկոսը, այժմ այդ ցուցանիշը գրեթե 20 տոկոսով պակասել է։

Հարցումները միաժամանակ ցույց են տալիս, որ երկրում շարունակաբար աճում է այն մարդկանց թիվը, որոնք չեն ուզում մասնակցել ընտրություններին` պատճառաբանելով, թե «միեւնույն է, իրենց ձայնը ոչինչ չի որոշում»։ 1995 թվականին նման կարծիք էր հայտնել ռուսաստանցիների 23, իսկ այժմ ` 36 տոկոսը։

Ընտրական գործընթացներին վերաբերող այս տվյալներում գրեթե անփոփոխ է մնացել մեկ ցուցանիշ. ինչպես նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ, այնպես էլ այժմ ռուսաստանցիների 50 տոկոսից ավելին համոզված է, որ «քվեարկությունն ընդամենը պայքարի իմիտացիա է, եւ մանդատների բաշխումը Պետդումայում իրականում կատարվում է իշխանության հայեցողությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG