Մատչելիության հղումներ

Ազիմով. «Ընտրությունները չեն ազդի ղարաբաղյան գործընթացի վրա»


Առաջիկա ընտրությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում, չեն կարող խանգարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, այսօր հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։

«Հայտարարությունները այն մասին, թե ընտրությունները կարող են խանգարել բանակցային գործընթացին, իրականությանը չեն համապատասխանում», - 1news.az ինտերնետային պարբերականի վկայությամբ` ասել է Ազիմովը եւ շարունակել. - «Ընտրություններ պարբերաբար անցկացվում են բոլոր երկրներում, սակայն այդ պետությունների դիրքորոշումները, անկախ արդյունքներից, չեն փոփոխվում։ Մենք չենք տեսել տարբերություն Քոչարյանի եւ Սարգսյանի միջեւ։ Մենք դեռեւս չենք կարող կանխատեսել Հայաստանում ընտրությունների ելքը, սակայն տվյալ պահին չենք տեսնում իրական ֆիգուր, որը կարողանար մրցակցել Հայաստանի ներկայիս նախագահի հետ»։

Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներում` ԱՄՆ-ում, Ռուսաստանում եւ Ֆրանսիայում անցկացվելիք ընտրությունների մասին էլ ադրբեջանցի դիվանագետը նշել է, թե չի կարծում, որ դրանցից հետո այդ երկրների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ կփոխվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG