Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի քրդական համայնքը չի հավատում Էրդողանի խոսքերին


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Հայ վերլուծաբանները, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հայտարարությանը, որով նա չորեքշաբթի օրը ներողություն խնդրեց 1930-ականների վերջերին թուրք զինվորականների կողմից ավելի քան 13 հազար քրդերի սպանության համար, ասում են, որ հայտարարությունը ուղղված էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությանը:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը հիշում է` վերջին անգամ Էրդողանը այս թեմային անդրադարձել էր նախընտարական շրջանում` 2009-ին: Երեկվա հայտարարությունը թուրքագետը գնահատում է երկրի ներքին զարգացումների համատեքստում` որպես քաղաքական հակառակորդներին նսեմացնելու քայլ:

«Թուրքիան հիմա եւ կոնկրետ Էրդողանի կուսակցությունը պատրաստվում են սահմանադրության նոր տարբերակ ներկայացնել, որտեղ իրենք իրենց նպատակներն են հետապնդում այդ նախագիծը անցկացնելու հետ կապված, եւ հիմնական ընդդիմադիր կուսակցությունը, որը քննադատում է այդ նախագիծը, դա Ժողովրդական հանրապետական կուսակցությունն է եւ կոնկրետ դրա ղեկավար Քեմալ Քըլչդարօղլուն», - ասաց Հովհաննիսյանը:

Թուրքագետի միտքը շարունակում է նաեւ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, որ պետք է ճիշտ իմաստով ընկալել Էրդողանի խոսքերը, այն պատասխան է քրդական Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարին:

Դաշնակցական գործիչն ասում է` Էրդողանը այնպես ներողություն խնդրեց, որ «ավելի լավ է չասեր»:

«Այնպես ներկայացրեց Էրդողանը, որ կարծեք, ինչ-որ մի կուսակցությունը մենակ ելավ, պետության կամքին հակառակ ինչ-որ սպանդներ գործեց եւ ուրեմն այդ կուսակցությունը պետք է ներողություն հայցի», - ասաց Մանոյանը:

Մանոյանն ասաց, թե ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Դերսիմի դեպքերի համար պատասխանատու է Թուրքիա պետությունը: Ինչ վերաբերում է Էրդողանի պնդմանը, թե իր ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնք հրապարակելու են, Մանոյանն ասաց, թե դա պատմություն էջերը բացելու քայլ կարելի է համարել, բայց ոչ խնդիրները լուծելու իմաստով:

«Բոլոր փաստաթղթերը պարզ է, որ ցույց են տալու, որ դա պետական գործողություն էր, եւ կարեւորը Էրդողանի հայտարարության մեջ այն էր, որ ինքը փորձեց պետության վրայից այդ մեղքը հանել եւ բարդել մեկ կուսակցության վրա», - ասաց Մանոյանը:

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը համարձակ եւ անսպասելի քայլ է որակում Էրդողանի հայտարարությունը` համոզմունք հայտնելով, որ այն երկրի ներսում եւ հատկապես դրսում քաղաքական դիվիդենտներ շահելու համար էր: Եվ այս տեսանկյունից, Կարապետյանի կանխատեսմամբ, միջազգային համայնքում Էրդողանը նոր աջակիցներ ձեռք կբերի:

«Դա թերեւս պայմանավորված է նրանով, որ Էրդողանը բավականին վստահ հաղթեց ընտրությունները եւ կաշկանդվածություն չունի նման կտրուկ հայտարարություններ անելու: Բայց այս հայտարարությունը նաեւ բարոյական լուրջ ասպեկտ ունի», - կարծում է Կարապետյանը:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի ձեւակերմամբ` սա նաեւ փարիսեցիություն է: Նա հիշեցնում է, որ մինչ Էրդողանը խոսում է ներողության մասին, Թուրքիայում շարունակվում են ռազմական գործողությունները քրդական ուժերի դեմ: Էրդողանի ելույթը, փորձագետի համոզմամբ, պետք է կապել նաեւ քրդական հարցի սրացման հետ:

«Էրդողանը այս իր ելույթով փորձում է մի փամփուշտով մի քանի նապաստակ սպանել, բայց, իհարկե, չենք կարող նաեւ չնշել, որ գրեթե առաջին անգամն է, որ Թուրքիայի պետության ղեկավարը գոնե, արձանագրելով այդ ամոթալի փաստը, որը տեղ է գտել Թուրքիայի ոչ վաղ անցյալի պատմության մեջ, պետության անունից ներողություն է խնդրում», - ասաց Հովհաննիսյանը:

Թուրքագետի կարծիքով Հայաստանում այս ելույթից ոգեւորվել չարժե, Էրդողանի կուսակցությունն այն քաղաքական ուժը չէ, որը երբեւէ Հայոց ցեղասպանությանը կանդրադառնա այս լույսի ներքո: Ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարապետյանն էլ ընդգծեց` զուր են հույսերը, թե Թուրքիան կմեղմացնի դիրքորոշումը նաեւ Հայոց ցեղասպանության հարցում:

«Ես չեմ տեսնում, որ նման համարձակ քայլի կգնան թուրքական իշխանությունները հատկապես այս փուլում, հատկապես այն բանից հետո, որ երբ Սերժ Սարգսյանը համաձայնվեց պատմաբանների հանձնաժողովի ստեղծման գաղափարին», - ասաց Կարապետյանը:

Հայաստանի քրդական համայնքի խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե համայնքում հոռետեսական տրամադրություն է, ոգեւորություն չկա, չեն հավատում Էրդողանի խոսքերին, հուսադրող ոչինչ չեն տեսնում: Հասանովն ասաց, թե Թուրքիայում քրդական հարցի մասին խոսելով` միաժամանակ հաշվեհարդար են տեսնում քրդերի դեմ:

«Թուրքական քաղաքականության ամենաակտիվ եւ շարժիչ ուժերից մեկը այսօր Էրդողանն է` իր դերասանությամբ: Մի կողմից քրդերի նկատմամբ ցեղասպանություն է կատարում ինքը, մյուս կողմից Դերսիմի քրդերի նկատմամբ կատարվող այդ ցեղասպանության մասին է հիշատակում, եւ իբր թե ներողություն է խնդրում: Մենք թուրքական իշխանությունների քաղաքականությանը լավ ծանոթ ենք», - ասաց Հասանովը:
XS
SM
MD
LG