Մատչելիության հղումներ

Այսօր Երեւանի տարբեր դպրոցների մոտ 50 աշակերտներ մասնակցել են «Ինչ, որտեղ, երբ» խաղին` նվիրված մարդու իրավունքներին:

Նախքան միջոցառումը դպրոցականները լրջորեն պատրաստվել են` ուսուցիչների ու կազմակերպիչների հետ միասին: Ինտելեկտուալ խաղը կազմակերպել էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ Ինտելեկտուալ խաղերի երեւանյան ակումբը:

9-րդ դասարանցի Հենրիկը ամենից շատ Հայաստանում նկատում է խախտումներ, որոնք առնչվում են մարդու քաղաքացիական իրավունքներին: Խախտումների թվում պատանիները նշում են նաեւ խոսքի ազատությունը, խղճի ազատությունը եւ այլն:

Ակումբի ղեկավար Եվա Մախմուրյանը նմանատիպ միջոցառումները կարեւորում է մանավանդ նոր սերունդի համար. - «Նոր սերունդը մեր ապագան է, իսկ մարդու իրավունքների խնդիրը շատ կարեւոր է, որովհետեւ իրենք պետք է իմանան իրենց իրավունքները, որ կարողանան իրենց պաշտպանված զգան»:

Յուրաքանչյուր դպրոցից խաղին մասնակցուրմ էին 6 հոգի: Մասնակցող թիմերը 8-ն էին` Երեւանի տարբեր ավագ դպրոցների 9-րդ եւ 10-րդ դասարանցիները: Խաղը բաղկացած էր 2 փուլից, որոնց ընթացքում հնչեց 30 հարց` մարդու իրավունքների վերաբերյալ:

«Նման ինտելեկտուալ խաղերը օգնում են մարդուն ոչ միայն ձեռք բերել գիտելիքներ, այլ զարգացնում են միտքը», - նշում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը եւ հավելում. - «Ոմանք կզբաղեցնեն 1-ին հորիզոնականը, ոմանք` մյուս հորիզոնականները, սակայն այն գիտելիքները, որ ձեռք կբերեն մարդու իրավունքների մասին, հաղթանակ է բոլորի համար, այդ թվում` Հայաստանի Հանրապետության: Որքան երիտասարդները տիրապետեն իրենց իրավունքներին, այնքան հեշտ կլինի դրանք պաշտպանելը»:

XS
SM
MD
LG