Մատչելիության հղումներ

Զորակոչին կամովին ներկայացող զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի


Հայկական բանակի զինվորներ

Հայկական բանակի զինվորներ

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ցուցում է տվել մարզերի եւ համայնքների դատախազներին՝ անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանավորումը, դադարեցնել հետախուզումը եւ քրեական հետապնդումը այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան ոստիկանություն կամ զինկոմիսարիատ եւ ցանկություն կհայտնեն ծառայել Զինված ուժերում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել 2011 թվականի հոկտեմբեր - դեկտեմբեր ամիսներին 2011 թվականի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Ոստիկանության համակարգի քննիչների վարույթներում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի («Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը») առաջին մասի հատկանիշներով հարուցված եւ քննվող բազմաթիվ քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հիշյալ գործերին էլ վերաբերում է գլխավոր դատախազի ցուցումը։

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ Հայաստանի երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաեւ 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի քաղաքացիների վրա:

«Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի», - նշում է գլխավոր դատախազությունը` դիմելով հետախուզման մեջ գտնվող զորակոչիկներին՝ «օգտվել ընձեռված հնարավորությունից, կատարել հայրենիքի եւ ժողովրդի հանդեպ սահմանադրական պարտքը, ձերբազատվել հետախուզվող մեղադրյալի կարգավիճակից, հպարտորեն կրել մեր անկախ եւ ազատ հայրենիքի քաղաքացին եւ զինվորը լինելու բարձր կոչումը»:

Քրեական հետապնդում չի իրականացվի նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով նախատեսված կարգով ցանկություն կհայտնեն մեկնելու այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրեր:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը նույնպես նախատեսում է հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը եւ քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ: Օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը եւ տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին» օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչեւ 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (անձանց) վրա: Հիշյալ անձանց, օրենքով սահմանված վճարները մուծելուց հետո, մեկամսյա ժամկետում տրվում է իրենց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող քննչական մարմնի որոշումը, ինչպես նաեւ նրանք ստանում են զինվորական գրքույկ եւ հաշվառվում պահեստազորում», - ասված է դատախազության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG