Մատչելիության հղումներ

Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարներ են կուտակվել


Ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետը, արխիվային լուսանկար

Ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետը, արխիվային լուսանկար

Ձյան առատ տեղումների պատճառով ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում 150-ից ավելի հայկական բեռնատարներ են կուտակվել:

Եղանակային պատճառներով ստեղծված խցանման շուրջ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի պարզաբանումը այսօր հետեւյալն էր. - «Երբ իրավիճակը թույլ է տալիս, առանձին դեպքերում թույլ են տալիս, որ մեքենաներին քաշեն, հանեն այդտեղից: Վրացական կողմ անցած մեքենաներին միանշանակ օգնություն կա, այնտեղ մեր փոխադրող ընկերություններից մեկը ծանր մեքենա ունի»:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Ռոստովում ՀՀ հյուպատոսության տվյալներով` ռուսական կողմից Վերին Լարսի անցակետում խցանված Հայաստանի քաղաքացիներին համայնքի ուժերով օժանդակություն է տրամադրվել: Այս պահին հայ համայնքի անդամները սնունդ եւ ծխախոտ են տեղափոխում անցակետ:

Ըստ նախարար Մանուկ Վարդանյանի` անցակետում կուտակված են հիմնականում Ռուսաստանից Հայաստան բեռներ տեղափոխող ավտոմեքենաները: Մանուկ Վարդանյանի խոսքով` պայմանավորվածություն է ձեռք բերվել վրացական կողմի հետ ստեղծել հայ-վրացական մի ընկերություն, որը կաշխատի Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով:

«[Հայ-վրացական ընկերությունը] ձմռանը սպասարկման` ձյան մաքրման աշխատանքները իրականացնելու համար է: Գրեթե ամեն տարի լինում է այդ խնդիրը: Այնտեղ մեծ խնդիր կա, վրացական կողմը ծրագրեր ունի, մեզ ներկայացրել է, մասնավորապես, բավական մեծ ինժեներական կառույցի` թունելի կառուցման նախագիծը, բայց դա վրացական կողմի խնդիրն է», - տեղեկացրեց նախարարը:

Հարցին, թե ե՞րբ են սկսվելու հայ-վրացական ընկերության աշխատանքներ, Մանուկ Վարդանյանը պատասխանեց. - «Երբ իրենց հետ պայմանավորվենք կանոնադրական խնդիրների շուրջ»:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքով` իրեն պատկանող «Ապավեն» ընկերության բեռնատարները եւս այս պահին կանգնած են անանցանելի հատվածում:

«Եթե 1-2 օրից եղանակային պայմանները չբարելավվեն, պետք է գնանք, լաստանավերով վերադառնանք Հայաստան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ղազարյանը:

Ի տարբերություն «Ապավեն» ընկերության` Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանն ասում է, որ իրենց հասարակական կազմակերպության մաս կազմող բեռնափոխադրողների համար այս պահին ձեռնտու չեն լաստանավային փոխադրումները:

«Լաստանավի արժեքը բավականին մեծ գումար է կազմում` 1000-1500 դոլարի կարգի թիվ է դա, եթե ոչ ավելին: Նախ բեռը թանկանում է, բացի դրանից արդեն փաստաթղթային նոր ձեւակերպում պետք է տալ, որ կարողանանք նորից մտնել: Մենք հուսով ենք, որ [ձյան] մաքրվելը շատ երկար չի տեւի, այսինքն մի քանի օրվա ընթացքում այդ հարցը կկարգավորվի, բոլորս սպասում ենք դրան», - ասաց Համբարձումյանը:

Նրա խոսքով` այդ 150-180 բեռնատարները հենց միայն Վերին Լարսի անցակետում չէ, որ կանգնած են:

«Մենք հաշվում ենք Պյատիգորսկ քաղաքից մինչեւ անցակետ, դա մոտ 200-300 կմ-ի վրա է բաշխված, բեռնատարները մեկ շարքով կանգնած են, Իհարկե, հասկանալի է, նրանց վիճակը իրոք վատ է, իրոք ծանր պայմաններ են այնտեղ, խանութ չկա, դժվար է սնունդ հայթայթելը, ցուրտ է, բայց պետք է սպասենք: Բոլոր փոխադրողներս հույս ունենք, որ այդ հարցը դրական լուծում կստանա», - ասաց Համբարձումյանը:

Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահը խնդիրը տեսնում է հետեւյալում. - «Քանի որ վրացական մեքենաները այնտեղով չեն անցնում կամ համարյա չեն անցնում, այդ անցակետով հիմնականում անցնում են հայկական մեքենաները, այդ պատճառով նախարարը գնաց այդ քայլին, որ, համատեղ ընկերությունը ստեղծելով, ինչ-որ պարտականություններ մեր վրա վերցնենք, որ նրանց ապահովում ենք տեխնիկայով, աղով կամ ավազով եւ այլն, օգնենք վրացական կողմին եւ ընկերությունը դառնա համատեղ: Այդ ճանապարհից օգտվելը ավելի շատ Հայաստանին է պետք է, քան Վրաստանին, դրա համար էլ երկու կողմն էլ պետք է շահագրգռված լինեն»:

Ըստ վրացական կողմի` անբարենպաստ եղանակներին Վերին Լարսի անցակետով թույլատրելի է միայն մարդատար եւ մինչեւ 5 տոննա տարողությամբ բեռնատարների անցումը:
XS
SM
MD
LG