Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 5-ին եւ 6-ին կկայանան ռեժիսոր-դերասան Վարդան Պետրոսյանի «Սեռասարսափ»-ի վերջին երկու` հրաժեշտի ներկայացումները:

Հեղինակի խոսքով` «Սեռասարսափ»-ն ավելի սուր բնույթ է կրում, քան իր նախորդ ներկայացումները:

«Ես այս ներկայացմամբ փորձել եմ մի քիչ ավելի հեռու գնալ, մի քիչ ավելի սրել, խորացնել խոսքս», - ասում է հայտնի դերասանը:

Վարդան Պետրոսյանի ներկայացումների մեջ առկա են հումորը, ծաղրը, գուցե եւ կա այն թեթեւությունն ու անմիջականությունը, ինչի պակասը երբեմն զգացվում է դասական ներկայացումներում: Սակայն, երիտասարդության կարծիքներին անդրադառնալով, հարկ է նշել, որ այդպիսի ներկայացումները որոշ չափով կարող են անընդունելի լինել` բնույթով քննադատական ու չափից ավելի ծաղր պարունակելու պատճառով:

«Ես Վարդան Պետրոսյանի ներկայացումներին շատ բացասաբար եմ վերաբերվում: Մարդիկ գալիս են ներկայացում նայելու, հոգեւոր բավարարվածություն ստանալու, եւ ոչ թե ծիծաղելու համար: Ըստ իս` թատրոնը պետք չէ վերածել կրկեսի», - «Մաքսլիբերթի»-ին ասաց մի ուսանողուհի:

Վարդան Պետրոսյանը ցավով է նշում այն հանգամանքը, որ ռեժիսորները աշխատում են միայն դասական ստեղծագործությունների հետ` ռեալ կյանքը հանդիսատեսին ներկայացնելու փոխարեն:

Դերասանի կարծիքով` խորհրդային ավանդույթները թույլ չեն տալիս նոր մտքերին ազատություն տալու:

«Սովետական ժամանակներում Նոր տարվա օրերին խանութների առջեւ իրար էին ջարդում-փշրում մսի հերթում, սոցիալական շատ լուրջ խնդիրներ կային, սակայն երգիչները երգում էին «իմ կապույտ թռչուն», «իմ վարդագույն երազ», բայց այդպես չէր. արվեստը եւ կյանքը իրարից շատ բաժանված էին: Այդ ավանդույթը դեռ շարունակվում է», - ասում է Վարդան Պետրոսյանը:

XS
SM
MD
LG