Մատչելիության հղումներ

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովում կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի բացառում, որ մինչեւ գալիք խորհրդարանական ընտրությունները Ազգային ժողովի նոր նախագահ չընտրվի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սահակյանը նաեւ փոխանցեց, որ ՀՀԿ-ի ղեկավար անդամների` այսօր երեկոյան կայանալիք հանդիպմանը Ազգային ժողովի նախագահի թեկնածուի հարց չի քննարկվելու:

Երկուշաբթի օրը, հիշեցնենք, Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը վերահաստատեց հրաժարականի իր դիմումը, եւ խոսնակի պարտականությունները այժմ կատարում է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ի ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը:

Գալուստ Սահակյանը չբացառեց, որ մինչեւ չորրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ավարտը, այսինքն` մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, իրավիճակն այդպես էլ պահպանվի, Սամվել Նիկոյանը շարունակի կատարել խոսնակի պարտականությունները:

«Նույնիսկ եթե այդպես պահպանվի, կարծում եմ, Ազգային ժողովը կաշխատի նույն ընթացակարգերով, նույն սկզբունքներով, նույն մոտեցումներով», - ասաց Սահակյանը` շարունակելով. - «Առավել եւս` այդ կարճ ժամանակաշրջանում նոր մոդելավորում կամ նոր պրոցեսներ սկսելը հնարավոր չէ… Համենայն դեպս, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը հնարավորություն է տալիս, որ այսպես աշխատենք: Այդ պատճառով է, որ չեմ կարծում, որ մեզ համար սկզբունքային է: Մի քանի ամիս է մնացել, այդ ամիսների ընթացքում էլ` մի քանի նիստեր: Կարծում եմ, այդ նույն մոտեցումներով մեզ համար հաղթահարելի է մինչեւ վերջ Ազգային ժողովը տանել այն ուղղվածությամբ, որը մինչեւ այսօր եղել է»:

Նա փոխանցեց նաեւ, որ, ըստ ամենայնի, երկուշաբթի օրը կառավարության առաջարկով Ազգային ժողովի արտահերթ նիստ կանցկացվի, որտեղ խորհրդարանական մեծամասնությունը չի պատրաստվում սեփական նախաձեռնությամբ ընդգրկել նաեւ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարց:

Եթե, այնուամենայնիվ, առաջիկայում որոշեն խորհրդարանի նոր նախագահ ընտրել, ապա, ըստ Սահակյանի, ՀՀԿ-ի թեկնածուն Սամվել Նիկոյանն է լինելու. - «Ես կարծում եմ, ճիշտը հենց դա էլ կլինի: Փոխխոսնակ է, բավականին փորձառություն ունի, եւ կարծում եմ, խմբակցությունը եւ Ազգային ժողովը աջակից կլինի»:

Ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության համար, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանը, սկզբունքային չէ` Ազգային ժողովի նոր նախագահ կընտրվի՞, թե՞ Սամվել Նիկոյանը կշարունակի կատարել խորհրդարանի խոսնակի պարտականությունները. - «Քանի որ վճիռը կայացնելու է խորհրդարանական մեծամասնությունը, եւ խորհրդարանական մեծամասնության վճռով էլ ըստ էության ընթացք կառնի լուծումը, ուրեմն ինչպես կորոշվի, այնպես էլ կլինի: Մեզ համար այդտեղ սկզբունքային խնդիր չկա»:

Իսկ ահա «Ժառանգությանը», ինչպես ասաց «Ազատություն» ռադիոկայանին ասաց խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, այդպիսի իրավիճակը չի կարող գոհացնել. - «Օրենքը պահանջում է, որպեսզի Ազգային ժողովի նախագահ լինի… Դա նույնն է, որ կառավարության ղեկավար չլինի, վարչապետ չլինի, չընտրվի, եւ փոխվարչապետը իրակացնի…Դա ուղղակի աբսուրդ է: Պետության երկրորդ պաշտոնն է, ո՞նց կարող է ինչ-որ պաշտոնակատարով ընդամենը գնա»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG