Մատչելիության հղումներ

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը հրաժարվում է հայկական ատոմակայանի կառավարումից


Ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը հաստատում է տեղեկությունը հայկական ատոմակայանի կառավարումից վաղաժամկետ հրաժարվելու եւ այլ ընկերության հանձնելու մտադրության մասին:

Ընկերության մամուլի քարտուղար Նիկոլայ Գորելովը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունը` նշելով. - «Բանակցությունները դեռ նախնական փուլում են: Անգամ կարելի է ասել, որ դեռ չեն էլ սկսվել: Ուստի խոսելն առայժմ դժվար է»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե այդ բանակցությունները ընթանում են միայն ռուսակա՞ն ընկերությունների հետ, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության մամուլի քարտուղարը պատասխանեց, որ բանակցություններն ընթանում են տարբեր գործընկերների հետ եւ առայժմ կոնկրետ բան ասելը բարդ է:

«Պարզ է, որ ցանկություն կա վաղօրոք հրաժարվել հայկական ատոմակայանի կառավարումից, սակայն կստացվի՞ դա անել, դեռ պարզ չէ», - հավելեց Նիկոլայ Գորելովը: Նա, սակայն, չպատասխանեց այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ են լուրերն այն մասին, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը դժգոհ է հայկական ԱԷԿ-ի շահագործման պայմաններից:

Այսօր մոսկովյան «Կոմերսանտ» պարբերականը հանդես էր եկել հրապարակմամբ, թե իր աղբյուրների փոխանցմամբ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը դժգոհ է այն պայմաններից, որոնց հիման վրա նա իրականացնում է հայկական ատոմակայանի կառավարումը եւ ցանկանում է ժամկետից շուտ դադարեցնել հայկական ատոմակայանի շահագործման պայմանագիրը: «Կոմերսանտի» փոխանցմամբ, «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը բանակցություններ է սկսել Հայաստանի իշխանությունների հետ այդ պայմանների փոփոխման նպատակով: Բացի այդ ընկերությունը բանակցություններ է սկսել նաեւ ռուսաստանյան «Ռոսատոմ» ընկերության հետ` կառավարումը վերջինիս փոխանցելու համար:

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը հայկական ԱԷԿ-ի կառավարումը ստանձնել է 2003 թվականից: Կառավարման պայմանագրի ժամկետը լրանում է 2013 թվականին:

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի մամուլի քարտուղար Սերգեյ Նովիկովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ եթե Հայաստանի կառավարությունը դիմի Ռուսաստանին եւ «Ռոսատոմը» հանձնարարություն ունենա աշխատանք տանել ՀԱԷԿ-ի կառավարումը ստանձնելու ուղղությամբ, իհարկե, ընկերությունը համապատասխան աշխատանքներ կիրականացնի:

«Որքան ես գիտեմ, մինչ այժմ Հայաստանի կառավարության կողմից նման դիմում չի եղել, հետեւաբար` խոսելու բան չկա», - եզրափակեց Նովիկովը:

Օրվա ընթացքում Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:

ՀԱԷԿ-ը` ոչ շահավե՞տ


«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տնտեսագետ Սամվել Ավագյանը կարծիք հայտնեց, որ հայկական ԱԷԿ-ի կառավարումից վաղօրոք հրաժարվելու` «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի որոշումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայկական ԱԷԿ-ի հետ աշխատելը ռուսների համար այլեւ տնտեսապես շահավետ չէ:

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանափակում է ատոմակայանի ֆինանսական ինքնուրույնությունը: Վերջին որոշմամբ 5 դրամ է սահմանել ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը», - նշեց տնտեսագետը:

Սամվել Ավագյանի խոսքով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին միջուկային վառելիքի թանկացում է տեղի ունեցել, հնարավոր է, որ հայկական ԱԷԿ-ի համար սահմանված այդ սակագինը այլեւս ֆինանսապես ձեռնտու չէ:

Ավագյանը չի բացառում նաեւ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ լուրջ հակասությունների առկայության հնարավորությունը: Նա հիշեցրեց, որ վերջերս Պետեկամուտների կոմիտեն հայտարարեց, թե ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետբյուջե չի վճարել մոտ 2 միլիարդ դրամի հարկեր:

please wait

No media source currently available

0:00 0:05:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG