Մատչելիության հղումներ

Այսօր մեկնարկում է «Հայաստան» հիմնադրամի «Հեռուստամարաթոն - 2011»-ը


«Հեռուստամարաթոն - 2011»-ի լոգոն
«Հեռուստամարաթոն - 2011»-ի լոգոն
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնը կմեկնարկի նոյեմբերի 24-ին, Երեւանի ժամանակով ժամը 20։00-ին, եւ կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 8-ը:

Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով: Հայաստանում հեռուստամարաթոնը կհեռարձակվի Հ1, «Արմենիա», «Շանթ» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով: Ցանկացողները հեռուստամարաթոնին առցանց կարող են հետեւել Հիմնադրամի http://www.armeniafund.org կայքի միջոցով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամից ստացված հաղորդագրության համաձայն` հեռուստամարաթոնի ընթացքում կհայտարարվեն տարվա ընթացքում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Սփյուռքում իրականացված դրամահավաք միջոցառումների արդյունքում հանգանակված գումարները, այդ թվում` հեռախոսամարաթոնի, ռադիոթոնի, ճաշկերույթների, բարեգործական համերգների ու ցուցահանդեսների, փոստային նվիրատվությունների ու SMS հաղորդագրությունների հասույթները, որոնք այս տարի կուղղվեն Հայաստանում եւ Ղարաբաղում ջրամատակարարման ոլորտի բարեկարգման ծրագրերին` Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված որպես Հիմնադրամի 2011 թվականի ռազմավարական ծրագիր:

Հիմնադրամը տեղեկացնում է նաեւ, որ ռուսաստանաբնակ հայ գործարարների մասնակցությամբ մոսկովյան ճաշկերույթը տեղի կունենա դեկտեմբերի կեսերին:

Դեկտեմբերի երկրորդ կեսին Հիմնադրամի գործադիր վարչությունը կհրավիրի մամուլի ասուլիս, որի ընթացքում կլուսաբանվի hեռուստամարաթոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG