Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն օժանդակում է Հայաստանի ռազմակրթական բարեփոխումներին


Նոյեմբերի 23-26-ը հերթական այցով Երեւանում է Հայաստանի ռազմակրթական բարեփոխումներին օժանդակելու նպատակով ՆԱՏՕ-ի հովանու ներքո ձեւավորված միջազգային փորձագիտական խումբը, որում ընդգրկված են ԱՄՆ-ի, Կանադայի, Չեխիայի, Լիտվայի, Ռումինիայի, Շվեյցարիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ռազմական եւ քաղաքացիական բաղադրիչների ներկայացուցիչները:

Այցի առաջին օրը Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպված ընդլայնված կազմով քննարկումներն անցել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարությամբ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանի պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կերպափոխմամբ Պաշտպանական ազգային համալսարանի ստեղծման նախագիծը: Սեյրան Օհանյանը ընդգծել է հայաստանյան կողմի պատրաստակամությունը` ԱՄՆ-ի գործընկերների հետ շարունակելու համագործակցությունն այս ծրագրի շրջանակներում:

Նույն օրը փորձագիտական խմբի հետ հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` միջազգային փորձագիտական խմբի այցի արդյունքում նախատեսվում է ավարտական տեսքի բերել ավագ սպաների համար նախատեսված հրամանատարաշտաբային դասընթացի ծրագիրը, համաձայնեցնել դասախոսների վերապատրաստման, ուսումնանյութական բազայի արդիականացման եւ դասավանդվելիք առարկաների բովանդակության հետ կապված հարցերը:

Պայմանավորվածություն ձեռք կբերվի նաեւ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում ներկայումս մշակվող սերժանտական կազմի համընդհանուր եվրատլանտյան ուսումնական ծրագրի (Partnership for Peace Generic NCO Reference Curriculum) մշակման միջազգային գործընթացում Հայաստանի պաշտպանության նախարարության մասնակցության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG