Մատչելիության հղումներ

Պաշտոնապես բացվեց Հայաստանի դեսպանատունը Կոպենհագենում


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ պաշտոնական այցելությամբ ժամանել է Դանիա:

Նախարարի այցելության օրակարգի առաջին կետն էր Դանիայում Հայաստանի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Դանիայի եվրոպական հարցերով նախարար Նիկոլայ Վամենը եւ արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դեսպաններ, հայկական համայնքի ներկայացուցիչներ:

Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանը բարձրացրել է Հայաստանի պետական դրոշը, այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Վամենը կտրել են կարմիր ժապավենը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` արարողության ժամանակ իր ելույթում Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. - «Բարձրացնելով Հայաստանի դրոշը Դանիայի մայրաքաղաքում` մենք նաեւ բարձրաձայնում ենք մեր հավակնությունը` որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու երկկողմ հարաբերությունները»:

Հայաստանի արտգործնախարարը անդրադարձել է հայ - դանիական պատմական առնչություններին, Հայոց ցեղասպանության տարիներին հայ գաղթականների եւ որբերի հանդեպ դանիացի միսիոներների ցուցաբերած մարդասիրությանը, 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանին Դանիայի կողմից ցուցաբերած օգնությանը, ինչպես նաեւ անկախ Հայաստանի զարգացմանն ուղղված աջակցությանը:

Նիկոլայ Վամենը իր խոսքում բարձր է գնահատել Դանիայում դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների որոշումը, գոհունակություն է հայտնել այսօր ակտիվորեն զարգացող Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների կապակցությամբ եւ հույս հայտնել, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները լուրջ զարգացում կապրեն:

Այս շաբաթ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ կայացան նաեւ Հաագայում եւ Պրահայում Հայաստանի դեսպանությունների բացման արարողությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG