Մատչելիության հղումներ

«Եդինայա Ռոսիա»-ին շատ դժվար կլինի կրկնել 2007-ի հաջողությունը»


Ռուսաստան - Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական պաստառը Մոսկվայի կենտրոնում, նոյեմբեր, 2011թ.
Ռուսաստան - Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական պաստառը Մոսկվայի կենտրոնում, նոյեմբեր, 2011թ.
Համընդհանուր հոգնածության եւ սոցիալական հոռետեսության ֆոնին «Եդինայա Ռոսիա»-ին շատ դժվար կլինի կրկնել 2007-ի ընտրություններում արձանագրած հաջողությունը, պնդում են «Պետերբուրգյան քաղաքականություն» հիմնադրամի մասնագետները:

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում գործող այս կենտրոնի փորձագետները, ամփոփելով Պետդումայի ընտրությունների նախընտրական արշավի ընթացքը, նշում են, թե այսօր իրադրությունը իշխող կուսակցության համար շատ ավելի անբարենպաստ է, քան 2003 եւ 2007 թվականներին:

Պետերբուրգցի փորձագետները ներկայացնում են առաջիկա քվեարկության իրենց կանխատեսումները, որոնց համաձայն` դեկտեմբերի 4-ի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ն կստանա քվեների 57, կոմունիստները` 18, Ժիրինովսկու լիբերալ-դեմոկրատներն ու «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն` մոտ 11 տոկոս քվե:

«Գոյության ընթացքում առաջին անգամ «Եդինայա Ռոսիա»-ի վարկանիշը ընտրություններին նախորդող ամիսներին չի աճում», - նշում են զեկույցի հեղինակները` ընդգծելով, որ իշխող կուսակցությանը առաջիկա ընտրություններին մի շարք տհաճ անակնկալներ են սպասում:

«Եդինայա Ռոսիա»-ի ցուցանիշը ընտրություններում մոտ 6-7 տոկոսով պակաս կլինի 2007-ի հաղթական թվերից: Բացի այդ, գոյություն ունի պրոբլեմային տարածաշրջանների մի խումբ, որտեղ իշխող «Եդինայա Ռոսիա»-ն լուրջ խնդիրներ ունի եւ կարող է քվեների 50 տոկոսից պակաս ցուցանիշ արձանագրել: Դրանց թվում են Պետերբուրգը, Կարելիան եւ Ռուսաստանի ամենաարեւմտյան հատվածը` Կալինինգրադի մարզը», - նշում են զեկույցի հեղինակները:

Անդրադառնալով առաջատար կուսակցությունների ուժեղ եւ թույլ կողմերին` «Պետերբուրգյան քաղաքականություն» հիմնադրամի մասնագետները գրում են. - «Եդինայա Ռոսիա»-ի գլխավոր հաղթաթղթերն են վարչական ռեսուրսն ու Պուտինի վարկանիշը: 2011 թվականի ընտրարշավում կոմունիստների ուժեղ կողմը քաղաքներում այս կուսակցության կողմնակիցների թվի աճն է: «Եդինայա Ռոսիա»-ի թույլ կողմը մարդկանց հոգնածությունն է ու այն հանգամանքը, որ նախագահ Մեդվեդեւի ու վարչապետ Պուտինի ելույթները չեն նպաստում կողմնակիցների թվի աճին: Սա է թերեւս պատճառը, որ նախագահի ուղերձը երկրի խորհրդարանին, ինչպես նաեւ Վլադիմիր Պուտինի ավանդական հարցուպատասխանը շարքային ռուսաստանցիների հետ հետաձգվել են»։

Զեկույցի հեղինակների համոզմամբ` այս ընտրություններում եւս որոշիչ գործոններից մեկը լինելու է վարչական ռեսուրսի կիրառումը: «Կանխատեսել սակայն, թե ինչ չափերի կհասնի դրա կիրառումը, դժվար է: Մի կողմից, տեղական իշխանությունները շահագրգռված են վերեւից իջեցված պլանային առաջադրանքների կատարման մեջ: Մյուս կողմից, սակայն, դրանց չափազանց ակտիվ կյանքի կոչումը կարող է նվազեցնել իշխանության աջակցության ցուցանիշները 2012-ի գարնանը կայանալիք նախագահական ընտրություններում», - նշում են ռուսաստանցի վերլուծաբանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG