Մատչելիության հղումներ

logo-print

Նոյեմբերի 24-ի մամուլ


«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Այսօր միայն ալարկոտները չեն խոսում այն մասին, որ Հայաստանի զարգացման առաջ կանգնած թիվ մեկ խոչընդոտը օլիգարխիան է: Խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, որքան մոտենա նախընտրական արշավը, երեւի թե այդ մասին նույնիսկ Գագիկ Ծառուկյանը կսկսի խոսել: Նա գուցե արդեն իսկ խոսում է` հանդես գալով մանր ու միջին բիզնեսի պաշտպանության դիրքերից: Իսկ այդ դիրքից հանդես գալը անուղղակի նշանակում է, որ դուրս ես գալիս օլիգարխիկ շահերի դեմ: Մնում է երեւի, որ Գագիկ Ծառուկյանը ուղղակի հայտարարի այդ մասին եւ դուրս գա ինքն իր դեմ: Այլ կերպ հնարավոր չէ, որովհետեւ օլիգարխիան այնպես է խժռել Հայաստանը, որ արդեն վերջին փշրանքների վրա ինքն էլ տեսնում է իր գործած ավերածությունները»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Քոչարյան - Ծառուկյան հատվածում պրոցեսները նոր լիցք են ստանում այն իրադարձություններից, որ տեղի են ունենում Սերժ Սարգսյանի թիմում: Ամեն օրվա հետ ավելի ու ավելի առարկայական է դառնում այն զգացողությունը, թե ի դեմս իշխանությունների` գործ ունենք քաղաքական դիակի հետ: Սամվել Նիկոյանը, թերեւս, Սերժ Սարգսյանի թիմի ամբողջական խորհրդանիշն է. եթե որեւէ քաղաքական թիմ Նիկոյանին կարող է բերել-հասցնել պետության երկրորդ դեմքի կարգավիճակի, ուրեմն այդ թիմը մահամերձ հիվանդ է, ընդ որում` անբուժելի: Կարելի է, իհարկե, շեշտադրում անել` մի՞թե Նիկոյանն ավելի վատն է, քան Հովիկ Աբրահամյանը: Բայց Աբրահամյանը գոնե փող ուներ, շատ փող, սափրագլուխների բանդաներ, եւ ըստ այդմ` ԱԺ ՀՀԿ խմբակցությանը կարգի հրավիրելու հնարավորություն: Նիկոյանն ավելի վա՞տն է, քան Տիգրան Թորոսյանը, բայց Թորոսյանը գոնե եվրոնժդեհականություն էր խորհրդանշում եւ ինտելեկտուալի համարում ուներ: Նիկոյանը չունի ոչ այն, ոչ այն, ոչ այն: Եվ եթե Սերժ Սարգսյանի հույսը ոչ այն, ոչ այն, ոչ այն ունեցողի վրա է, պատկերացրեք, թե ինչ վիճակում է նա գտնվում»:

«Առավոտ»-ի թղթակիցը Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցնում է. - «Բավական տեւական ժամանակ նոր իշխանափոխություն կամ հրաժարական չի լինում, ըստ էության, առաջացել է շատ հետաքրքիր իրավիճակ` իշխանությունն է ուղղորդում ներքաղաքական գործողությունները: Ո՞րն է նպատակը»: Պատասխան. - «Գաղտնիք չէ, որ իշխանությունը կենդանի օրգանիզմ է, եւ ցանկացած իշխանության համար կարեւոր է, որ տեղի ունենան փոփոխություններ: Ինչպես հիշում եք, ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ այսօրվա գլոբալացվող աշխարհում անչափ կարեւոր է փոփոխությունների գնալը, եւ եթե կա ձգտում այս արագ փոփոխվող աշխարհում մնալ կայուն ու ամուր, ապա պետք է պատրաստ լինեն փոփոխությունների: Բայց ամենակարեւորը` այս փոփոխությունները ինքնանպատակ չեն: Մենք գնում ենք այդ ճանապարհով` ցանկացած փոփոխություն ունի հստակ նպատակ` շարունակել համակարգային բարեփոխումները: Այստեղ մեզ համար թիվ մեկ նպատակն է կազմակերպել ժողովրդավարական, արդար եւ թափանցիկ ընտրություններ: Ճիշտ է, նախկինում էլ մենք ձգտել ենք դրան, բայց այսօր ե'ւ ժողովրդի սպասելիքները, ե'ւ միջազգային հանրության ակնկալիքները շատ մեծ են, եւ մենք պետք է ձգտենք նախադեպը չունեցող ընտրական գործընթացի»:

«Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Նաիրա Զոհրաբյանին հարցնում է. - «Շատերը սարսափահար ահազանգում են, թե Եվրասիական միության հայտարարման հետին նպատակը ԽՍՀՄ վերակենդանացումն է»։ Պատասխան. - «Նման դատողություններ, հեռահար եզրակացություններ անելուց առաջ, կարծում եմ, վատ չէր լինի հիշել, որ Խորհրդային Միությունը հիմնված էր մեկ միասնական կոմունիստական գաղափարախոսության վրա, եւ այսօր ԽՍՀՄ-ի «վերականգնման» մասին խոսելը, իհարկե, լուրջ չէ։ Խոսքը տնտեսական ինտեգրացիայի մասին է, իսկ «Բարգավաճ Հայաստանը» միշտ ասել է, որ կողմ է տնտեսական ինտեգրացիոն գործընթացներին։ Մասնավորապես Եվրամիության հետ բանակցությունների մի կարեւոր բաղկացուցիչը հենց տնտեսական ինտեգրացիայի բաղադրիչն է, ի դեմս ազատ եւ համապարփակ առեւտրի շուրջ ասոցացման համաձայնագրի»։

Նույն հարցի շուրջ «168 ժամ»-ի թղթակիցը զրուցել է «Առցանց ազատականների ալյանս» նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ձեր կարծիքով` ՌԴ-ն ինչո՞ւ նախաձեռնեց այդ Եվրասիական միությունը: Ընդդեմ Եվրամիությա՞նը, թե՞ այլ նպատակ ուներ»: Պատասխան. - «Վլադիմիր Պուտինը չի թաքցնում կամ չի էլ կարողանում թաքցնել իր քաղաքական նախասիրությունները եւ հայացքները: Նա Խորհրդային Միության փլուզումը համարում է որպես ռուս ժողովրդի կամ ռուս մեծապետականության ողբերգություն: Նա նախկին ԽՍՀՄ-ը, ըստ էության, Ռուսաստան անվանեց: Եվ կարծում եմ, որ Վ.Պուտինը անկեղծորեն ցանկանում է, որ Խորհրդային Միությունը կամ, այլ խոսքերով ասած, Ռուսական կայսրությունը վերականգնվի: Նա դրան ձգտում է, իսկ որքանով դա իրեն կհաջողվի, չեմ կարող ասել: Կարող է այդ գաղափարն այս պահին նրա համար այդքան էլ կարեւոր չէ, պարզապես ինչ-որ իմաստ կհաղորդի իր վերադարձի նախընտրական կամպանիային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG