Մատչելիության հղումներ

Էրդողանը ներողություն է խնդրում քրդերի 1930-ականների ջարդերի համար


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում օրենսդիրների առջեւ, Անկարա, 23-ը նոեյմբերի, 2011թ.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում օրենսդիրների առջեւ, Անկարա, 23-ը նոեյմբերի, 2011թ.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ներողություն է խնդրել 1930-ականների վերջերին թուրք զինվորականների կողմից ավելի քան 13 հազար քրդերի սպանության համար։

Առաջին անգամ Թուրքիայի հանրապետության գոյության 88 տարիների ընթացքում, այդ երկրի կառավարության ղեկավարը ներողություն է խնդրում պետության գործողությունների համար:

Ջարդերը տեղի են ունեցել 1936-39 թվականներին, երբ թուրքական բանակը հարձակվել է այժմ որպես Թունջելի հայտնի Դերսիմում ապստամբություն բարձրացրած քրդերի վրա՝ օգտագործելով ավիացիոն ռումբեր եւ թունավոր գազ։ BBC-ն նշում է, որ նաեւ այդ իրադարձություններն են նպաստել թուրքական պետության դեմ քուրդ ապստամբների պայքարին, որը շարունակվում է մինչ օրս։

Դերսիմի կոտորածների զոհերը ալեւի քրդերն էին: Հայկական մի շարք աղբյուրներ պնդում են, որ Դերսիմի ջարդերի զոհերի մեջ քիչ չէին նաեւ մահմեդականացած, ծպտյալ հայերը:

Դերսիմի իրադարձությունները զգայուն թեմա է թուրք ազգայնականների համար, քանի որ արդի Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը այդ ժամանակ պետության ղեկավարն էր, իսկ նրա որդեգրած դուստրը՝ Թուրքիայի առաջին կին օդաչուն, մասնակցել է ռմբակոծություններին։

Իր անսպասելի հայտարարությունը Էրդողանը արել է Անկարայում կուսակցական պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։

«Իմ ձեռքի տակ են պաշտոնական փաստաթղթերը, որ վերաբերում են 1936-39 թվականներին Դերսիմում իրականացված գործողություններին: Այս փաստաթղթերը վկայում են, որ դրանց արդյունքում 13 հազար 800 մարդ է զոհվել։ Եթե կարիք կա պետության անունից ներողություն խնդրելու, եթե գրքերում կա նման պրակտիկա, ապա ես ներողություն կխնդրեի եւ ներողություն եմ խնդրում», - հայտարարել է Էրդողանը իր ելույթում, որը հեռարձակվել է հեռուստատեսությամբ։

BBC-ի Ստամբուլի թղթակիցը նշում է, որ շատ մութ էջեր կան Թուրքիայի պատմության մեջ, որոնք փակ են մնացել երկրի քաղաքացիների համար, սակայն այժմ վարչապետը բացել է դրանցից մեկը՝ Թուրքիայի պետության անունից ներողություն խնդրելով։

Այդուհանդերձ, որոշ քրդեր զգուշությամբ են վերաբերվում Էրդողանի քայլին՝ այն համարելով ուղղված հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության դեմ, որը տվյալ ժամանակաշրջանում Թուրքիայի իշխող կուսակցությունն էր։

«Դերսիմը մեր պատմության վերջին շրջանի ամենաողբերգական իրադարձությունն է։ Այն մի աղետ է, որը այժմ պետք է խիզախորեն հարցականի տակ առնվի։ Կուսակցությունը, որը պետք է կանգնի այս միջադեպին դեմ-հանդիման, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը չէ, [այլ] Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը կանգնած է այդ արյունալի աղետի ետեւում», - ասել է Էրդողանը։

Էրդողանի հայտարարությանը գրեթե անմիջապես հաջորդեցին 1915 թվականի իրադարձությունների մասին հիշատակումները:

Թուրքիայի վարչապետը, սակայն, կտրականապես հերքել է ենթադրությունները, թե քրդերից ներողություն խնդրելուն կհետեւի նմանատիպ մի ժեստ հայերի հանդեպ:

«Ես կսաստեմ ցանկացած մեկին, ով կփորձի համեմատության եզրեր անցկացնել իմ այս քայլի եւ այն արշավի միջեւ, որ իրականացնում է հայկական սփյուռքը», - հայտարարել է Էրդողանը` ըստ ամենայնի նկատի ունենալով Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հնչեցրած թափանցիկ ակնարկները:

«Ես լսում էի վարչապետին ու ինձ թվում էր, թե թուրքական պետության թշնամու հետ գործ ունենք: Ինձ շատ հետաքրքիր է` որն է լինելու նրա հաջորդ քայլը: Կարող եմ ասել, որ վարչապետ Էրդողանը պատմական իրադարձությունները փորձում է ծառայեցնել իր քաղաքական նպատակներին», - հայտարարել է ընդդիմության առաջնորդը:

Թուրք հայտնի վերլուծաբան Դողու էրգիլի խոսքով էլ` այս քննարկումները Դերսիմի իրադարձություններով չպետք է սահմանափակվեն: «Թուրքիան պետք է ներողություն խնդրի նաեւ 1915 թվականին իրականացված հայերի սպանությունների եւ 1955 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ջարդերի համար, որոնք ազգային փոքրամասնությունների զանգվածային արտագաղթի պատճառ դարձան», - նշել է Էրգիլը Hurriyet-ին տված հարցազրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG