Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներն այսօրվանից այլեւս տեղեկատվություն չի տրամադրի Ռուսաստանին Եվրոպայում տեղակայված իր սովորական սպառազինությունների վերաբերյալ, ինչպես նաեւ կարգելափակի ռուս հսկիչների մուտքը ամերիկյան ռազմաբազաներ։ Այդ մասին վաղ առավոտյան հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդը` ընդգծելով, որ սա Վաշինգտոնի պատասխանն է Կրեմլի կողմից ավելի վաղ կատարված քայլերին։

Չորս տարի առաջ Ռուսաստանը դադարեցրեց մասնակցությունը «սառը պատերազմի» ժամանակաշրջանում ստորագրված «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին» պայմանագրին, որով շուրջ երեք տասնյակ պետություններ, այդ թվում` Հայաստանը, պարտավորվել են սահմանափակել սովորական սպառազինությունները, ինչպես նաեւ տեղեկատվություն փոխանակել միմյանց միջեւ ու հսկիչների առջեւ բացել ռազմաբազաները։

Կրեմլն այն ժամանակ հայտարարեց, թե Խորհրդային Միության փլուզումից ընդամենը մեկ տարի առաջ ստորագրված փաստաթուղթը վաղուց այլեւս չի համապատասխանում Եվրոպայում ներկայումս ի հայտ եկած իրողություններին եւ վերանայման կարիք ունի։

Պայմանագիրը արդիականացնելու համար Կրեմլը, ի թիվս այլ պահանջների, առաջարկում է, որ դրան միանան նաեւ մերձբալթյան երկրները։ Արեւմուտքը, իր հերթին, Ռուսաստանից պահանջում է դուրս բերել զորքերը Մոլդովայից, Աբխազիայից ու Հարավային Օսիայից։

«Շուրջ չորս տարի շարունակված բանակցություններից ու փաստաթուղթը փրկելու անարդյունք փորձերից հետո մենք կարծում ենք, որ այժմ կարեւոր է որոշակի հակաքայլեր ձեռնարկել Ռուսաստանի նկատմամբ», - այսօր հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը` հույս հայտնելով, որ առաջիկայում այս քայլին կմիանան նաեւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ։

Փորձագետները փաստում են, որ սա Օբամայի վարչակազմի օրոք մեկնարկած ռուս - ամերիկյան հարաբերությունների վերաբեռնումից հետո ամերիկյան առաջին հրապարակային դեմարշն է, որը, սակայն, ըստ էության, առավել սիմվոլիկ նշանակություն ունի, քան կիրառական։

Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան, ռազմական փորձագետ Սթիվեն Պիֆերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է. - «Անշուշտ, կան պայմանագրին անդամակցող այլ երկրներ, օրինակ` Ռուսաստանի դաշնակից Բելառուսը, որը կշարունակի Միացյալ Նահանգներից տեղեկատվություն ստանալ եւ կարող է նաեւ այն փոխանցել Կրեմլին։ Այնպես որ, դժվար է ասել, թե այս քայլը լուրջ ազդեցություն կունենա Մոսկվայի վրա, սակայն, կարծում եմ, այն նպատակ ունի որոշակի ուղերձ փոխանցել Ռուսաստանի իշխանություններին»։

Որոշ փորձագետներ, մասնավորապես, չեն բացառում, որ այս հարցը կարող է Միացյալ Նահանգների կողմից խաղաթուղթ դառնալ` Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը մեղմելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG