Մատչելիության հղումներ

logo-print

Բեմը տրամադրել երիտասարդ, բայց պրոֆեսիոնալ ռեժիսորներին. սա է Երիտասարդ ռեժիսորների վեցերորդ հանրապետական փառատոնի կարգախոսը:

Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) քարտուղար Լեւոն Մութաֆյանը նշեց, որ այն հետապնդում է պրոֆեսիոնալ նպատակներ եւ խնդիրներ ու փառատոնաշատ մեր Հանրապետությունում հենց դրանով է առանձնանում:

«Սա ստեղծագործական քննարկումների, մտորումների փառատոն է, որի միջոցով ձեւավորում ենք վաղվա մեր թատրոնը, երիտասարդական ռեժիսուրան», - ասաց նա:

Իսկ կայացած երիտասարդ ռեժիսորներ, կազմակերպիչների խոսքերով, արդեն ունենք: Սերնդափոխությունը կարծես շարունակվում է եւ որոշ չափով տեղի է ունեցել՝ ի դեմս Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանի, Կամերային թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանի, Դրամատիկական թատրոնի ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի եւ մի քանի այլ ռեժիսորների, ովքեր եւս անցել են փառատոնի քննարկումների միջով:

«Բարեբախտաբար ես եւ իմ սերնդակիցները սխալվում էինք, որովհետեւ երիտասարդների բեմադրությունների մեջ կան փորձարարության նկատմամբ դրսեւորումներ եւ ինքնատիպ, հետաքրքիր լուծումներ», - ասաց Լեւոն Մութաֆյանը:

«Իմ կարծիքով երիտասարդ ռեժիսորը իրավունք ունի սխալվելու, թերանալու, միզանսցենը թերի կառուցելու, բայց իրավունք չունի հին մտածողություն ունենալու», - նշեց Գոռ Մարգարյանը, ում ներկայացմամբ էլ այսօր կբացվի փառատոնը:

Յուրաքանչյուր ներկայացումից հետո նախատեսվում է դրա քննարկում, որին մասնակցում են արդեն հայտնի եւ երիտասարդ թատերագետները:

«Արդեն որոշակիորեն ձեւավորել ենք բանավիճային մշակույթ. անգամ վեճերը կրում են ստեղծագործական, թատերական բնույթ: Բարեբախտաբար հեռացել ենք այդ գավառային մտածողությունից, որ եթե մեզ դիտողություն արեցին, ուրեմն տուրուդմփոց պետք է սարքենք», - նշեց Լեւոն Մութաֆյանը:

Կազմակերպիչները նշեցին, որ փորձում են ձեւավորել թատերական դաշտ. կարեւորը բեմադրությունը ներկայացնելն է, այն քննարկելն ու անհրաժեշտ հետեւություններ անելը: Լրագրողների այն դիտարկմանը, որ միեւնույնն է, քննարկումներից հետո որեւէ բան չի փոխվելու տվյալ բեմադրության մեջ, ի՞նչ իմաստ ունեն այդ դեպքում դրանք, Լեուն Մութաֆյանը արձագանքեց. - «Բնականաբար, այդ պահին բեմադրիչը չի ասի, թե ինքը կգնա եւ կփոխի իր բեմադրական սկզբունքը, եթե ասի, ուրեմն պրոֆեսիոնալ չէ, բայց այդ քննարկումները ծնում են խոհ, ընթացք, մտածողություն, եւ անպայման թողնում են իրենց ազդեցությունը բեմադրիչի հետագա ստեղծագործական աշխատանքի վրա»:

Դա փաստեց նաեւ երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը, ով փառատոնին ներկայացել է Նիկոլայ Գոգոլի «Քիթը» ներկայացմամբ, որին «Մաքսլիբերթի»-ն անդրադարձել էր մեկ ամիս առաջ: Նա նշեց, որ հաշվի են առել քննադատական դիտողությունները:

«Մեր ներկայացման օրինակով կարող եմ ասել, որ այն դիտողությունները, որոնք արվել են, իհարկե ոչ բոլորը, բայց մի քանիսը հաշվի ենք առել եւ դրանք մեզ ավելի օգնել են», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Սամսոնը:

Ներկայացումներ կան ոչ միայն Երեւանից, այլեւ Վանաձորից եւ Գյումրուց:

Հարցիս` ի՞նչն է այդուհանդերձ պակասում մեր երիտասարդ բեմադրիչներին, թատերագետ Սոնա Մելոյանը պատասխանեց` շփումը տարբեր երկրների թատրոնների հետ:

«Թատերական դաշտի պակաս իհարկե ունենք: Միջազգային առումով մեր երիտասարդները ներկայացում չեն տեսնում: Տարվա ընթացքում քանի՞ որակով ներկայացում ենք ունենում դրսից բերված, երկու կամ երեք: Թեեւ երբ նայում եմ մեր ներկայացումները, հասկանում եմ, որ փորձում են ձեռքները պահել զարկերակին, օգտագործել ինչ-որ նոր մոտեցումներ»:

Այս տարվա 9 ներկայացումներից երկուսը դեբյուտային են: Փառատոնին հաղթողներ եւ պարտվողներ չեն լինելու, կազմակերպիչների խոսքերով այն ուղղակի առիթ է՝ պրոֆեսիոնալ թատերական խոսակցություն ծավալելու համար:

XS
SM
MD
LG