Մատչելիության հղումներ

Ապագայում հնարավոր է արական սեռի թվի աճ


Նորմալ հայկական ընտանիքում գոնե մեկ արու զավակ պետք է լույս աշխարհ գա: Սա կարծրատիպ է, որին կուրորեն հետեւում են հայ տղամարդկանց գոնե մեծ մասը:

Եթե ոչ առաջինն, ապա երկրորդը պետք է տղա լինի: Սա պնդում է ամուսինը, հետո սկեսուրը, սկեսրայրն ու արդյունքում հղիության ընդհատում` իգական սեռի երեխաներից ազատվելու նպատակով:

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը վստահ է` Հայաստանում սա այսօր խնդիր է, որն ապագայում ունենալու է իր բացասական հետեւանքները. - «Եթե այսպես շարունակվի, մենք ունենալու ենք դեմոգրաֆիկ խնդիր, այսինքն տարիներ անց մենք ունենալու ենք ավելի շատ տղամարդիկ, քան կանայք»:

Տեր-Մինասյանը նշում է, որ իր գործունեության 10-ը տարիների ընթացքում երբեք հղիության արհեստական ընդհատում չի արել ու վստահ նշում է, որ չի էլ անելու` ելնելով իր ներքին համոզմունքից ու գաղափարախոսությունից, սակայն չի էլ մեղադրում հղիությունն ընդհատող բժիկներին, քանի որ մեղքի առյուծի բաժինը տեսնում է ապագա ծնողների մեջ:

«Թող ամեն կին, ամեն կնոջ ամուսին իր համար պատասխան տա. արել է, չի արել, ինչո՞ւ է արել», - նշում է Տեր-Մինասյանը:

2002 թվականից Հայաստանում գործում է մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին օրենքը: Օրենքի 10-րդ հոդվածն ասում է, որ հղիության արհեստական ընդհատումը մինչեւ 12 շաբաթական, կատարվում է կնոջ դիմումի համաձայն: Այսինքն հղիության ընդհատումը մինչեւ 12 շաբաթական թույլատրվում է օրենքով: Սակայն եթե հաշվի առնենք, որ երեխայի սեռը կարելի է որոշել միայն 12 շաբաթ հետո, ստացվում է, որ աբորտների եթե ոչ 100 տոկոսի, ապա գոնե 90 տոկոսի դեպքերում կատարվում է օրենքի խախտում, ինչը պատժելի է:

Տեր Կյուրեղ քահանա Տալյանն էլ հարկ է համարում այստեղ հիշեցնել նաեւ աստվածային օրենքների մասին. - «Շատ մարդիկ ասում են, որ չգիտեին, որ դա մեղք է: Մի քանի հարյուր տարվա ընթացքում մենք հայերս ինչքան-ինչքան մարդ ենք սպանել, այդ ճանապարհով: Ես միշտ ասում եմ` գուցե այդ մարդկանց մեջ մի հանճարեղ գիտնական, մի հանճարեղ նկարիչ, հանճարեղ փիլիսոփա, մի հանճարեղ գրող, մի հանճարեղ առաջնորդ, մի հանճարեղ հոգեւորական կար, ինչքան ենք ինքներս մեզ աղքատացրել, սնանկացրել ենք ուղղակի Աստծուց տված կյանքը, որի հասունանալու միջավայրը մայրն է, մենք նրան զրկում ենք կյանքից, ի՞նչ պատասխան ենք տալու Աստծու առաջ, ի՞նչ պատասխան ենք տալու»:

Տեր-Մինասյանն արդարացնում է հղիության արհեստական ընդհատումը միայն եթե դա բռնաբարության արդյունք է կամ կան խնդիրներ մոր առողջական վիճակի հետ կապված, կամ երեխան զարգանում է շեղումներով:

Տեր Կյուրեղն էլ, համարելով աբորտը մարդասպանություն, նշում է, որ այդ ծանրագույն մեղքը գուցե ներելի է, եթե մարդը կանգնած է ընտրության առաջ. Ում փրկել. մո՞րը, թե՞ երեխային:

Իսկ ֆիզիակական ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել կինը ընդհատված հղիությունից հետո: Վահան Տեր-Մինասյանը համոզված է կանանց մեծ մասն այս ինֆորմացիային չի տիրապետում, այլապես այդ քայլին չեն դիմի:

«Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ ինքնուրույն դեղորայքով տնային պայմաններում կատարում են հղիության ընդհատում եւ վերջում կինը հայտնվում է արյունահոսությունով հիվանդանոցում եւ որոշ դեպքերում նաեւ զրկվում է հետագա երեխաներ ունենալու հնարավորությունից»:

Նույնիսկ մեկ անգամ արհեստական ճանապարհով ընդհատված հղիության դեպքում Տեր-Մինասյանը կնոջն արդեն համարում է անառողջ. - «Պատկերացրեք, երբ կինը հղիանում է, բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ուենում օրգանիզմում եւ դուք վերցնում ու միանգամից դա ընդհատում եք: Ես չեմ խոսում նրա մասին, որ շատ հաճախ, երբ դա առաջին հղիությունն է, ընդհատումներից հետո մենք ունենք շատ մեծ տոկոս չբերություն: Մենք ունենք շատ դեպքեր, երբ հետո լինում է արյունահոսություն, հիվանդություններ, ինֆեկցիաներ, որոնցից կինը չի կարողանում ազատվել կամ տարիներով բուժվում է: Այսինքն զարգացած երկրի համար, նորմալ կնոջ համար, նորմալ տղամարդու համար աբորտն ինքնին անընդունելի է»:
please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG