Մատչելիության հղումներ

Moody’s-ի գնահատականը «կասկածի տակ է դնում 2012-ի բյուջեի կատարումը»


Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, միջազգային ամենահեղինավոր վարկանիշային գործակալություններից մեկի` Moody’s-ի կողմից Հայաստանի տնտեսական վարկանիշի իջեցումը եւ մեր երկրի պետական պարտքի սպասարկման հեռանկարները այլեւս բացասական գնահատելը, կասկածի տակ է դնում 2012 թվականի պետական բյուջեի կատարումը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամը մանրամասնեց, որ եթե 2012 թվականի պետբյուջեի ավելի քան 132.5 միլիարդ դրամի կամ շուրջ 350 միլիոն դոլարի հասնող պակասուրդը նախատեսվում էր ծածկել գումարներ պարտք վերցնելով, ապա Moody’s-ի գնահատականից հետո Հայաստանի կառավարությանը կա'մ պարտք չեն տա, կա'մ կտան ավելի բարձր տոկոսներով:

«Երբ այդ արտաքին պարտքերի ստացումը հարցական է դառնում, դա նշանակում է, որ բյուջեի դեֆիցիտի` այդ ճանապարհով փակումն էլ է հարցականի տակ է ընկնում, եւ դա նշանակում է, որ այն բոլոր ծրագրերը, որ կապված էին այդ գումարի ստացման հետ, արդեն հարցականի տակ են: Սա նշանակում է, որ ովքեր պատրաստվում են (միջազգային կազմակերպություններ կամ մասնավոր ընկերություններ) Հայաստանին պարտք տալ, արդեն մեծ հարցականի տակ կլինի այդ հարցը», - ասաց Խաչատրյանը:

Երկուշաբթի օրը, հիշեցնենք, Լոնդոնում հրապարակած հատուկ զեկույցով Moody’s-ը Հայաստանի պետական պարտքի սպասարկման հեռանկարները բացասական է գնահատել` մեր երկրի տնտեսական վարկանիշը իջեցնելով Ba2-ի: Այսինքն` եթե նախկինում այն կայուն էր գնահատվում, ապա այժմ հեռանկարները միանշանակորեն բացասական են:

Նշենք նաեւ, որ Հայաստանի ֆինանսների նախարարության 2010 թվականին վերաբերող տվյալների համաձայն, անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր 3 միլիարդ 299 միլիոն դոլար, ինչը կազմում էր Հայաստանի համախառն ներքին արդյունքի 35.6 տոկոսը:

Վահագն Խաչատրյանի խոսքով` նման պայմաններում կառավարությունը պետք է վերանայի գալիք տարվա բյուջեն. - «Իշխանությունն արդեն այսօրվանից պետք է կա'մ փոխի բյուջեն, կա'մ բյուջեի այլ սցենար ներկայացնի, որի դեպքում այդ արտաքին պարտքի ստացումը չի լինի»:

Նրա ներկայացմամբ, Moody’s-ի զեկույցը բացասական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի տնտեսության վրա, որովհետեւ «դրանով առաջնորդվում են նաեւ այն կազմակերպությունները, որոնք պատրաստվում են ներդրումներ անել Հայաստանում». - «Ինվեստորը պետք է համոզված լինի, որ ինքը այստեղ գումարներ է ներդնում եւ ինքը այդ գումարները ստանալու հնարավորություն կունենա: Բայց երբ արտաքին պարտքի վճարման հետ կապված վտանգի տակ է լինում, կարող է երկիրը ճանաչվի անվճարունակ, այն, ինչ որ հիմա Հունաստանում է: Անվճարունակ ճանաչված երկրում դու կորցնում ես քո ներդրումները, ինչպես 1998 թվականին եղավ Ռուսաստանում»:

Տնտեսագետ Սամվել Ավագյանն էլ ուշադրություն դարձրեց Moody’s-ի զեկույցի մեկ այլ կողմի վրա: Նրա խոսքով, փորձագետները Հայաստանի տնտեսության համար, ըստ էության, տեսնում են այն բացասական զարգացումը, ինչը տեղի ունեցավ 2008 թվականի միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով:

Moody’s-ի զեկույցի համաձայն, ակնկալվում է, որ առաջիկայում Եվրոպայի եւ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը կարող են դանդաղել: Եվ քանի որ հայաստանյան արտադրանքի 58 տոկոսը արտահանվում է հենց դեպի Եվրոպա ու Ռուսաստան, ուստի Հայաստանը ստիպված կլինի ավելի քիչ արտահանել: Մյուս կողմից, զարգացած տնտեսությունների աճի դանդաղումը համաշխարհային շուկայում կհանգեցնի հումքի գների անկման, իսկ ըստ Moody’s-ի զեկույցի, օրինակ, «2010 թվականի տվյալներով` հայաստանյան արտահանման ընդհանուր ծավալի 73 տոկոսը կազմում էին օգտակար հանածոները, թանկարժեք քարերն ու մետաղները»:

Միեւնույն ժամանակ, զեկույցի համաձայն, եթե Ռուսաստանի տնտեսությունում խնդիրներ ի հայտ գան, ապա դրանք դարձյալ բացասաբար կազդեն այդ երկրից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների եւ ուղղակի ներդրումների վրա:

«Այն, ինչ այնտեղ նշված է, ըստ էության, ճգնաժամի երկրորդ ալիքը անխուսափելի է համարվում, որը, ես, որպես տնտեսագետ, միանշանակ չէի ընդունի: Այնտեղ մի կետ էլ կար, որ իրոք շատ մտահոգիչ է` դա այն վստահությունն է, թե մետաղների միջազգային գները անպայման նվազելու են: Մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա: Եթե իրոք դա տեղի ունեցավ... Հայաստանը առայժմ մնում է մետաղների գներից կախված հանրապետություն, որովհետեւ մեր արտահանման կեսը մոտավորապես կա'մ հանքանյութ է, կա'մ վերամշակում անցած մետաղներ են, ու մեր բյուջեում էլ դրանք լուրջ տեսակարար կշիռ ունեն: Եթե դա տեղի ունեցավ… իրոք լուրջ խնդիրներ են առաջանալու: Տնտեսական աճի կանխատեսումը կարող է չիրականանալ` 4.2 տոկոսը»:

Հայաստանի ֆինանսների նախարարությունից Moody’s-ի զեկույցի կապակցությամբ չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ:
please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG