Մատչելիության հղումներ

Լուսակերտի զորամասի անցագրային կետի մոտ օրերս տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի, այնուհետեւ` վրաերթի առնչությամբ առայժմ մեկ քաղաքացի է ձերբակալված, եւս մի քանիսը բերման են ենթարկվել: Նրանց կարգավիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան:

Ձերբակալվածը BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արսեն Արիստակեսյանն է: Այս մեքենան, ըստ պաշտոնական տեղեկատվության, նոյեմբերի 20-ին զորամասի մուտքի մոտ զինվորների եւ քաղաքացիական անձանց վիճաբանությունից հետո վրաերթի է ենթարկել այդ զորամասի ժամկետային զինծառայող Արմեն Սանթոյանին:

Սանթոյանը, ով մարմնական վնասվածքներ եւ ուղեղի ցնցում է ստացել, այժմ գտնվում է պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Նրա բուժող բժիշկ Գեղամ Ազիզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ զինվորի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

«Հիվանդի մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում», - ասաց Ազիզյանը:

Հոսպիտալացված զինվորը «Ազատություն» ռադիոկայանին միայն փոխանցեց, որ չգիտե միջադեպի մանրամասները, ասաց` ներքեւ է իջել այն ժամանակ, երբ տեսել է, որ խառը վիճակ է, ու հանկարծ զգացել է, թե ինչպես մեքենան հարվածեց իրեն:

Պաշտպանության նախարարությունից ստացած նախնական տեղեկություններով` միջադեպը ծագել է զինվորների մազերը կտրելու պատճառով, երբ սերժանտ Արտակ Փիրուզյանը նորակոչիկներին հանձնարարել է, որ մազերը կտրելուց հետո յուրաքանչյուրը մաքրի հատակը: Նրանցից մեկը` նորակոչիկ Հունան Հարությունյանը, զանգահարել է եղբորը, պատմել հատակը մաքրելու մասին, որից հետո, ըստ պաշտոնական տեղեկատվության, նրա ավագ եղբայրը` Հայկ Հարությունյանը իր ընկերների հետ Porsche Cayenne եւ BMW մեքենաներով եկել է զորամաս, մոտեցել հսկիչ անցագրային կետին, փորձել ներխուժել զորամասի տարածք, բայց նրանց թույլ չեն տվել: Ծագել է վիճաբանություն զորամասի անձնակազմի եւ այդ երիտասարդների միջեւ, ինչը վերածվել է ծեծկռտուքի: 15 րոպե տեւած ծեծկռտուքի մասնակիցների թիվը գնալով ավելացել է, ներգրավվել են նաեւ այլ զինվորականներ: Այնուհետեւ քաղաքացիական անձինք մեքենաներով փորձել են դիմել փախուստի` վրաերթի ենթարկելով զինվոր Արմեն Սանթոյանին:

Ե'վ նորակոչիկ Հունան Հարությունյանը, ում պատճառով, պաշտոնական տեղեկությունների համաձայն, ծագել է միջադեպը, ե'ւ ծեծկռտուքի մասնակից քաղաքացիական անձինք «Չորրորդ գյուղ» կոչվող Հաղթանակ համայնքի բնակիչներ են:

Հարությունյանների ծնողները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեցին, որ Հունանը դեպքից 5 օր առաջ է զորակոչվել բանակ: Ծնողներին հայտնի չէին տեղեկություններ, որ Հունանն է զորամասից զանգահարել ու ավագ եղբորը կանչել: Նրանք ենթադրում էին, որ եթե նա զանգել է, թերեւս ավելի լուրջ պատճառ է եղել եղբորը կանչելու, քան մազերը կտրելու պատմությունն է:

«Համ էլ մազերը կարճ կտրած, պատրաստ է գնացել է ստեղից», - պնդեցին հարազատները:

Հունան եւ Հայկ Հարությունյանների ծնողները` Հրանտ Հարությունյանը եւ Անահիտ Կարապետյանը չէին հերքում, որ զորամասի մուտքի մոտ իրենց ավագ որդու եւ նրա ընկերների մասնակցությամբ միջադեպ եղել է, բայց, նրանց հավաստմամբ, միջադեպի ժամանակ զինվորների թիվը խիստ մեծացել է, եւ նրանք դաժան ծեծի են ենթարկել տղայի ընկերներից Հարություն Թորոսյանին, ով տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, բայց այդ մասին պաշտոնապես մանրամասներ չեն հաղորդվում:

«Բա խի՞ չեն ասում, որ մի ընկերոջը սալդատները նենց են սղկել, որ բամբակով ջուր են դնում բերանը», - հարցնում է Հրանտ Հարությունյանը:

Հրանտ Հարությունյանը ասաց, որ իր ունեցած միակ մեքենան խորհրդային տարիներին հաշմանդամության համար ստացած «Զապորոժեց»-ն է: Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ մեքենաներ են եղել դեպքի վայրից առգրավված Porsche Cayenne-ը եւ BMW-ն, նա պատասխանեց, որ թերեւս որդու ընկերների մեքենաներն են եղել:

Ի դեպ, մամուլում կան հրապարակումներ, որ միջադեպի անմիջական մասնակիցներ են եղել նաեւ Պետեկամուտների նախկին նախարար, ներկայումս ընդդմադիր Սմբատ Այվազյանի մերձավորները: Սմբատ Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց այս լուրերը եւ ասաց, որ իր որեւէ մոտ ազգական այդ միջադեպին չի մասնակցել: Նրա խոսքով` Չորրորդ գյուղի բնակիչները իր համագյուղացիներն են, իրեն հարազատ մարդիկ, եւ այդքանով բոլորն էլ իրեն առնչվում են. երբ իմացել է, որ համագյուղացի երիտասարդը` Հարություն Թորոսյանը, հիվանդանոցում ծեծված պառկած է, գնացել է այցելության:

«Ես զարհուրելի տեսարան տեսա, անճանաչելիորեն փոխված երիտասարդ, դաժան ծեծի արդյունքում ամբողջովին փոխվել էր նրա արտաքին տեսքը: Զինվորականների կողմից է ծեծի ենթարկվել», - ասաց Այվազյանը:

Դեպքի մասին Այվազյանը մանրամասներ չգիտեր, բայց համոզված էր, որ զորամասի ղեկավարությունը, հրամանատարները կարող էին այն կանխել, հետո պատժել օրինազանցներին, որպեսզի մեծ ծեծկռտուք չդառնար: Այվազյանի համոզմամբ` մամուլը իր անունը շրջանառության մեջ է դրել միջադեպին հնչեղություն տալու համար:

«Որոշ մարդիկ առիթը օգտագործում են, որ հասարակության ուշադրությունը բանակում տիրող իրավիճակից շեղեն` այլ դեպքերի, անցքերի հետ կապված», - ասաց Այվազյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG