Մատչելիության հղումներ

Մոլդովան եւ Մերձդնեստրը վերսկսում են բանակցությունները


Մոլդովա - Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատի (աջից) եւ Մերձդնեստրի ղեկավար Իգոր Սմիրնովի հանդիպումը Բենդերում, 21-ը նոյեմբերի, 2011թ.

Մոլդովա - Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատի (աջից) եւ Մերձդնեստրի ղեկավար Իգոր Սմիրնովի հանդիպումը Բենդերում, 21-ը նոյեմբերի, 2011թ.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քիշնեւում հայտարարել է, թե Մերձդնեստրը պետք է հատուկ կարգավիճակ ունենա Մոլդովայի կազմում։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Լավրովը հակամարտության երկարատեւ լուծման կոչ է արել։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդագրության համաձայն` Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ասել է, թե կարեւոր են համարում, որ բոլոր կողմերը կենտրոնանան հակամարտության լուծումը փնտրելու վրա, որը կապահովի հուսալի քաղաքական կարգավորում` հարգելով Մոլդովայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ Մերձդնեստրի համար երաշխավորելով հատուկ կարգավիճակ։

Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե պաշտոնական Մոսկվան պատրաստ է որպես կարգավորման միջնորդ եւ երաշխավոր շատ ակտիվորեն շարունակել իր աջակցությունը` գտնելու համար այս որոշումները։

Դրանից մեկ օր առաջ` նոյեմբերի 21-ին հակամարտ կողմերը պայմանավորվել էին վերսկսել 2006 թվականից ընդհատված բանակցությունները։

Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը եւ Մերձդնեստի ղեկավար Իգոր Սմիրնովը, ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ հանդիպելով Բենդեր քաղաքում, բանակցությունները վերսկսելու մասին փաստաթուղթ ստորագրեցին։

Հնգամյա ընդմիջումից հետո բանակցային առաջին պաշտոնական հանդիպումը` միջազգային միջնորդների մասնակցությամբ, անցկացվելու է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում` նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը։ Բանակցություններին մասնակցելու են Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջնորդները։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ` Բենդերի հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Սմիրնովը նշել է, որ հետագա հանդիպումները կանոնավոր են լինելու, բանակցությունները ընթանալու են կառուցողական եւ հետեւողական հունով։

Մոլդովայի վարչապետը, իր հերթին, հայտարարել է. - «Կարեւոր է, որ մենք պայմանավորվեցինք բանակցային գործընթացը մշտական հենքով վերսկսելու մասին, քանի որ բոլոր առկա խնդիրները կարող են գտնել իրենց լուծումները բաց քննարկումների միջոցով»։

Այսօր Մերձդնեստրում խնդիր կա գործող նախագահ Իգոր Սմիրնովի վերընտրության հետ կապված։ Առաջիկա ընտրություններին նա մտադիր է նորից առաջադրվել։ Սա արդեն կլինի Սմիրնովի նախագահության հինգերորդ ժամկետը։ Ռուսաստանը դեմ է նրա առաջադրմանը, եւ Լավրովը եւս մեկ անգամ հստակեցրել է Կրեմլի այս դիրքորոշումը։

Մերձդնեստրի շրջանը Մոլդովայից անջատվել է 1990 թվականին։ Հակամարտ կողմերի միջեւ տեղի ունեցած պատերազմի արդյունքում շուրջ 1500 մարդ է զոհվել։ Մերձդնեստրը ստանում էր Ռուսաստանի աջակցությունը, այնտեղ ռուսական զորքեր կային։

Երեքշաբթի օրը Լավրովը ասել է, թե հակամարտության կարգավորման առաջընթացի դեպքում պատրաստ են քննարկել խաղաղապահ բազմակողմ ուժեր տեղակայելու հարցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG