Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը կայացավ «Գլենդել Հիլզ»-ն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործով դատական հերթական նիստը:

«Գլենդել Հիլզ»-ը դատական կարգով թերթից փոխհատուցում է պահանջում` պնդելով, որ թերթի` շինարարության որակին վերաբերող հրապարակումը զրպարտում եւ արատավորում է ընկերության գործարար համբավը: Վեճի առարկա են դարձել հոդվածի 4 բառերը, որոնց համար ընկերությունը հերքում եւ 2.5 միլիոն դրամի տուգանք է պահանջում թերթից:

Հոդվածի հեղինակ Արման Գալոյանն, ով այժմ աշխատում է «Ժողովուրդ» օրաթերթում եւ lragir.am կայքում, ամիսներ առաջ էլ «Ժամանակ» թերթում էր հոդվածներ տպագրում: «Ժամանակ»-ում լրագրողը հրապարակել է Գյումրու Մուշ-2 թաղամասում «Գլենդել Հիլզ» ընկերության կատարած շինարարական աշխատանքների ու բնակիչների բողոքների մասին հոդված` «1000 դոլար լռության դիմաց» վերնագրով: Ըստ ընկերության փաստաբան Անահիտ Սարդարյանի` հոդվածը վերնագրից սկսած իր մեջ զրպարտություն է պարունակում:

«Այն, որ «Գլենդել Հիլզ» ընկերության համբավը վնասվել է կամ կարող է վնասվել, դա ակնհայտ է հենց հոդվածի բովանդակությունից` հաշվի առնելով «ստվերային գործարք», «1000 դոլար լռության դիմաց», «փլուզում», «սպառնալիքներ» բառերը եւ դրանց ենթատեքստը», - ասաց Սարդարյանը:

Ընկերությունը նաեւ պահանջում է հերքել այն տեղեկությունը, թե թերությունների մասին լռելու համար հայցվորը բնակիչներին 1000 դոլար գումար է առաջարկել: Հոդվածի համար արված հարցազրույցների ձայնագրությունները չկան, լրագրողը չի հիշում նաեւ 1000 ԱՄՆ դոլարի մասին պատմած կոնկրետ բնակչի անուն ազգանունը: Այսօր գործով դատարան կանչված վկան նույնպես փաստում էր, որ Գյումրիում բոլորն են այդ մասին խոսել, դժվար է մտաբերել առանձին մարդկանց: «Գլենդել Հիլզ»-ի ներկայացուցիչը պնդում է, որ թերթում տեղ գտած 4, ըստ ընկերության, զրպարտություն պարունակող բառերից մեկը, օրինակ, ինքնափլուզումը, կարծիք է ստեղծում, թե շենքը քանդվում է, մինչդեռ ընդամենը ծեփանյութն է թափվել:

«Եթե ծեփամածիկն է թափվել, կարծում եմ, հասարակ քաղաքացին կարող է ասել, փլվել էր, բայց լրագրողը պարտավոր է իր յուրաքանչյուր գրած բառը համապատասխանեցնել այդ բառի կիրառությանը տվյալ լեզվում», - ասաց Սարդարյանը:

Հոդվածի հեղինակ լրագրողը հակադարձեց, որ դա իր անձնական բնութագրումն է եղել: Ինքնափլուզում վառը բազմիցս գործածվել ու շրջանառվել է մամուլում, նույն բնորոշումը տվել են նաեւ գյումրեցիները, որոնց տներում շինարարական խնդիրներ են առաջացել: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք այս դատական գործընթացի պատճառով լրագրողն ավելի զգուշավոր կլինի այդ բառը գործածելուց, Գալոյանը պատասխանեց, որ բացասական երանգ չի տեսնում բառի մեջ, այն բնորոշում է այն, ինչ ինքը տեսել է «Գլենդել Հիլզ»-ի կառուցած բնակարաններում:

«Եթե ամեն անգամ նման բան տեղի ունենա, գրվելու է ինքափլուզում, որովհետեւ դա նշանակում է առանց որեւէ մարդկային միջամտության կառույցի, կառույցի ինչ-որ հատվածի շերտի թափվելը, ինքն իրեն փլուզվել», - ասաց Գալոյանը:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ քննելով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի սահմանադրականության հարցով` Սահմանադրական դատարանը որոշեց, որ փաստերին ընդամենը քննադատական գնահատական տալը չի կարող փոխհատուցման պահանջ հանդիսանալ: Գնահատողական դատողությունների համար եւս չի կարող փոխհատուցման նյութական պահանջ ներկայացվել, ըստ ՍԴ-ի նախագահի` մամուլի դերն ավելին է, քան զուտ փաստեր հաղորդելը: Այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները` հասարակությանը տեղեկացնելու համար եւ նպաստել հասարակության համար կարեւոր հարցերի շուրջ քննարկումներին: Սահմանադրական դատարանի դիրքորոշումը ըստ պատասխանող կողմի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դրականորեն կանդրադառնա այս դատական գործի հետագա ընթացքի վրա:

«Դատարանները իրենց որոշումներով չեն ցանկանում հստակեցնել իրավիճակը, ի վերջո դա իրենց փոխարեն արեց ՍԴ-ն: Ես հուսով եմ, որ այդ որոշումը, որտեղ բավականին պարզություն է մտցվել, թե ինչի համար կարելի է պատասխանատվության ենթարկել լրագրողին, լրացուցիչ պաշտպանվածություն է տալիս լրագրողին, եւ լրացուցիչ կզսպի անձանց, նաեւ պաշտոնյաներին, հանրային մեծ հետաքրքրություն ունեցող կազմակերպություններին, որովհետեւ մեզ հայտնի է Եվրոպական դատարանի պրակտիկան, որտեղ նշվում է, որ նման մեծ կազմակերպություններ պետք է հանդուրժող լինեն իրենց վերաբերյալ լրատվամիջոցներում հնչած քննադատությանը», - ասաց Բաղդասարյանը:

«Գլենդել Հիլզ»-ն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: Նախատեսվում է, որ կհարցաքննվեն պատասխանող կողմի 3 վկաներ:
XS
SM
MD
LG