Մատչելիության հղումներ

18 տարի առաջ շրջանառության մեջ դրվեց դրամը


Հայկական դրամը խորհրդանշող արձանը Կենտրոնական բանկի դիմաց:

Հայկական դրամը խորհրդանշող արձանը Կենտրոնական բանկի դիմաց:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի խոսքով, ազգային արժույթին անցնելը անհրաժեշտություն էր:

«Եթե քննադատում են, ասում են` ուշացրել եք: Իսկապես ուշացման գործոն կար, որը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով: Նախեւառաջ` քաղաքական հանգամանքներով եւ, իհարկե, տնտեսական: Այսինքն ավելի ճիշտ կլինի ասել` ուշացրեցինք: Մենք նախկին ԽՍՀՄ պետություններից… ըստ էության մի խումբ երկրներն էին, որ վերջինը գնացին [այդ քայլին]: Մենք վերջիններից մեկն էինք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ասատրյանը:

Նրա գնահատմամբ` որպես արժույթ դրամը նորմալ վճարամիջոց է Հայաստանի պես փոքր տնտեսության համար. - «Այսօր արդեն դրամը ռեալ վճարամիջոց է եւ այսքանը կարող է լինել: Փոքր տնտեսությունները ավելի մեծ հավակնություններ չեն ունենում, չեն էլ կարող ունենալ»:

«Դրամը լիարժեք շրջանառվում է», - շարունակեց նա: - «Իհարկե, խնդիրներ կան: Մեր տնտեսության մեջ դոլարիզացված հատված կա, գործարքներ կան, որոնք, այո, ապօրինաբար, հենց դոլարով են արվում: Բայց սա մեր տիպի տնտեսությունների համար, կարծում եմ, շատ սովորական երեւույթ է»:

Հայաստանի Կենտրոնական բանկը դրամի մուտքից անմիջապես հետո որդեգրել է «լողացող փոխարժեքի» քաղաքականությունը, ինչը բանկի նախկին նախագահը անհրաժեշտություն է համարում. - «Մենք ընտրության հնարավորություն չունենք, մենք չենք կարող այս կամ այն քաղաքականության ճանապարհով գնալ այն պարզ պատճառով, որ մենք դեֆիցիտային տնտեսություն ունենք: Մասնավորապես, այս տեսանկյունից ամենաէական դեֆիցիտը վճարային հաշվեկշռի եւ արտաքին առեւտրի դեֆիցիտն է: Այս պարագայում լողացող փոխարժեքը դա միակ միջոցն է, որ տնտեսության մեջ «կուտակվող գոլորշին», պայմանական ասեմ` դուրս գա»:

Դրամի ապագայի կապակցությամբ Ասատրյանը հետեւյալ կարծիքն ունի. - «Եթե լինի հնարավորություն` ներգրավենք ավելի մեծ տնտեսական միջավայր, եւ, ինչու չէ, ավելի լայն տարածում ունեցող փողի գոտի: Եվ մեր նպատակը այդ տեսանկյունից ինձ համար միանշանակ է` մենք պետք է ձգտենք Եվրոպա, Եվրոպայի միասնական տնտեսական տարածք, եվրոյի միասնական գոտի»:

1986-94 թվականներին Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը զբաղեցրած Իսահակ Իսահակյանը, ով այսօր ԿԲ-ի նախագահի խորհրդականն է, դրամի ապագայի վերաբերյալ ասաց հետեւյալը. - «Հուսով եմ, որ եթե մեծ փոփոխություններ աշխարհում չլինեն, մեր դրամը կայուն այդպես էլ կմնա եւ կուրախացնի մեզ»:

Իսահակյանը եւս համարում է, որ ազգային արժույթը մի փոքր ուշացումով ներդրվեց: Նրա խոսքով, անցած 18 տարիների ընթացքում այսօր արդեն «չափահաս դրամը» իրեն նորմալ է պահել:

Իսահակյանը նաեւ փոխանցեց, որ 1992 թվականի մարտին, երբ ազգային արժույթի անվանման մրցույթ էր հայտարարվել, «դրամ»-ից ու «լումա»-ից բացի, դիտարկվել էր նաեւ որոշ բարբառներում գործածվող «պլիկ» բառը:

Սերվերի սխալ

Ինչ-որ բան այնպես չէ։

Այս հասցեն անմիջապես ուղարկվել է մեր ինտերնետային թիմին։ Ներողություն պատճառված անհարմարության համար։

Please use Search above to see if you can find it elsewhere

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG