Մատչելիության հղումներ

Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալը իր հերթական հոդվածում գնահատել է` «Հայաստանի բնակչությունը սպառվում է»:

The national interest հանդեսում դե Վաալը արտագաղթի թեման արծարծում է նախ Գյումրի այցելության հուշերով: Վաշինգտոնում տեղակայված Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի փորձագետը նկատում է` թեեւ երկրաշարժից 23 տարի է անցել, Գյումրին դեռ չի վերականգնվել, 6000 ընտանիք շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում, եւ ավելացնում` դեռ խորհրդային կառավարությունն էր այդ մարդկանց հատկացրել ժամանակավոր կացարան:

«Բայց Գյումրիում կա շատ ավելի թաքնված խնդիր, որն առավել ակնհայտ է մայրաքաղաք Երեւանի կամ նախկին խորհրդային միության մեծ քաղաքների համեմատ», - գրում է Թոմաս դե Վաալը եւ նշում, որ տների կեսը լքված են, հազարավոր մարդիկ ուղղակի հեռացել են:

Փորձագետը համադրում է անցյալ ամսվա վերջին յոթմիլիարդերորդ մարդու ծննդյան կապակցությամբ համաշխարհային հրճվանքն ու որոշ երկրներում ժողովրդագրական անբավարար պատկերը:

«Մեծ մասամբ նախկին խորհրդային երկրներում, ինչպես Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Բելառուսում ծնելիության ցածր ցուցանիշների պատճառով բնակչությունն անհրաժեշտ չափով չի համալրվում», - գրում է դե Վաալը եւ վկայակոչում այն պնդումը, որ ժողովրդագրական ցուցանիշների անկման պատճառը նաեւ արտագաղթն է: - «Այս խնդիրը հարվածել է նաեւ Կենտրոնական Ասիային, Վրաստանին, Ադրբեջանին, որտեղ հիմնականում գյուղական երիտասարդությունը մեկնում է առավելապես Ռուսաստան կամ նախկին Խորհրդային Միության մի շարք մեծ քաղաքներ», - գրում է փորձագետը:

Ըստ Թոմաս դե Վաալի` Հայաստանի արտագաղթը բացարձակ թվերով ավելի վատը չէ, քան Հարավային Կովկասի երկու հարեւան երկրներում` Ադրբեջանում եւ Վրաստանում: Նա նշում է, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ որ այս հանգամանքն արտագաղթը դարձնում է առավել քննադատելի խնդիր:

«2001 թվականի մարդահամարի տվյալներով Հայաստանում ավելի քան 3 միլիոն մարդ էր ապրում, բայց հիմա ասում են, որ դա ավելի լավ ցուցանիշ էր քան այն, ինչ կա այսօր: Ցուցանիշներն անկում են արձանագրել, բացի 1989-1992 թվականների իրավիճակից, երբ Հայաստան գաղթեցին Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանից կամ Միջին Արեւելքից», - մտահոգվում է վերլուծաբանը` հիշեցնելով 2009 թվականին անցկացրած «Գելլափ»-ի հարցումները, համաձայն որոնց Հայաստանի բնակիչների 44 տոկոսը պատրաստակամություն էր հայտնել մեկնել արտագնա աշխատանքի:

Վերլուծաբանն անդրադառնում է նաեւ Ռուսաստանի կառավարության «Հայրենակիցներ» ծրագրով Հայաստանը լքելու խնդրին: Նրա գնահատմամբ` Ռուսաստանը Հայաստանի հիմնական գործընկերն է, բայց «դաշնակիցներից մեկն իր ժողովրդագրական խնդիրները լուծում է մյուսի հաշվին»:

Հոդվածում Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետը հիշում է Հայաստանում ընդդիմադիրների հետ զրույցները: Նա գրում է, որ ընդդիմադիրները պնդում էին, թե կառավարությունը հետաքրքրված չէ արտագաղթի դադարեցման հարցով:

«Դա գործածվում է որպես ճնշման միջոց` դժգոհ զանգվածների դեպքում կառավարության հեղինակությունը նսեմացնելու նկատառումներով: Նրանք դա ասում են, եւ հայտարարում, որ դա թույլ է տալիս իշխանությանը հեշտ ընտրակեղծիքներ անել», - գրում է դե Վաալը:

Ըստ նրա` «դժվար է ասել, որ երկիրը զարգանում, է, երբ այն ուժասպառ է դառնում արտագաղթից»: Փորձագետը ելքը համարում է տնտեսական եւ քաղաքական խնդիրների լուծումը, նաեւ կարեւոր է համարում Հայաստանում կրթության որակի բարձրացումը:

Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետն իր հրապարակումը եզրափակում է հույսով, թե երբեւէ Հայաստանը կապրի ազգային ծաղկունք, գաղթականները կվերադառնան:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG